Քորդավորների հիմնական բնութագիրը և ներկայացուցիչները
Քորդավորները կենդանիների կարգաբանության մեջ զբաղեցնում են բարձրագույն դիրքը՝ որպես կատարյալ զարգացած օրգանիզմներ: Քորդավորների ամենակարևոր առանձնահատկությունը թիկնալարի գոյությունն է՝ քորդան: Ճկուն լարի նման այն ձգվում է մարմնի ողջ երկարությամբ ու կատարում է ներքին առանցքային կմախքի դեր: Քորդան առաջանում է կենդանիների զարգացման վաղ փուլերում: Ողնաշարավորների մեծ մասի քորդան դեռևս սաղմնային զարգացման ընթացքում փոխարինվում է ողնաշարով, որը զարգանալով քորդայի շուրջը՝ դուրս է մղում այն:
 
116.jpg
 
Քորդավորների կենտրոնական նյարդային համակարգը խողովակաձև է, գտնվում է քորդայի վերևում: Մարսողության համակարգը տեղավորված է քորդայի տակ: Այդ համակարգի առջևի բաժինը՝ կլանը, մասնակցում է ոչ միայն մարսողական, այլև շնչառական ֆունկցիայի իրականացմանը: Կլանի պատերին առաջանում են ճեղքեր, որոնք կոչվում են խռիկային:
 
Ցամաքային քորդավորների խռիկային ճեղքերը զարգացման վաղ շրջանում փակվում են ու վերանում: Այդ կենդանիների օդային շնչառության օրգանները՝ թոքերը, զարգանում են նույնպես կլանի պատից: Անողնաշարավոր կենդանիների մեծ մասի նման քորդավորներն էլ ունեն երկկողմ համաչափ մարմին, եռաշերտ են և օղակավոր որդերի նման ունեն մարմնի երկրորդային խոռոչ:
 
64.jpg
 
Քորդավորները լայնորեն տարածված են երկրի վրա: Նրանք գրավել են բոլոր հիմնական կենսամիջավայրերը՝ հողային, ջրային և ցամաքաօդային:
 
Քորդավորները բազմաբջիջ կենդանիների ենթաթագավորությանը պատկանող բարձրագույն տիպն է: Այն բաժանվում է երեք ենթատիպերի՝ անգանգների, թրթուրաքորդավորների և ողնաշարավորների:
 
Անգանգների ենթատիպ
  
Այս ենթատիպն աղքատ է տեսակներով. հայտնի է ընդամենը \(3\) տասնյակ տեսակ, որոնք միավորված են գլխաքորդավորների դասի մեջ: Դրանք փոքրամարմին ծովային կենդանիներ են, ապրում են ավազուտ ծանծաղուտներում: Օժտված են քորդավորներին բնորոշ հիմնական առանձնահատկություններով:
 
Թրթուրաքորդավորների ենթատիպ
 
Այս ենթատիպի ներկայացուցիչները քորդա ունենում են միայն թրթուրային զարգացման փուլում։ Մարմինը պարկանման է կամ տակառիկաձև՝ ամփոփված դոնդողանման թաղանթով՝ տունիկայով, որը կազմված է հատուկ նյութից՝ տունիցինից։ Հիմնականում ծովային կենդանիներ են: Հայտնի է թրթուրաքորդավորների \(3\) դաս, ավելի քան \(1000\) տեսակ։ Ներկայացուցիչը ասցիդիան է:
 
Ողնաշարավորների ենթատիպ
 
Այս ենթատիպում ընդգրկված կենդանիներն ունեն առանձին ողերից կազմված ողնաշար, գլխի կմախք՝ գանգ, տեղաշարժման զարգացած օրգաններ: Զարգացած նյարդային համակարգ:
Ողնաշարավորների ենթատիպն ունի հետևյալ դասերը՝ բոլորաբերանայինների, կռճիկային ու ոսկրային ձկների, երկկենցաղների, սողունների, թռչունների և կաթնասունների:
  
Ձկներ
  
Ջրաբնակ ողնաշարավոր կենդանիներ են, հարմարվել են ակտիվ, շարժուն կենսակերպին: Ձկները շատ բազմազան են և կազմում են ողնաշարավորների տեսակների կեսից ավելին:
 
32.jpg
 
Երկկենցաղներ
  
Երկկենցաղները առաջին ցամաքաբնակ ողնաշարավոր կենդանիներն են: Այնուհանդերձ նրանք ձվադրում են ջրում և այստեղ է անցնում նրանց կյանքի թրթուրային շրջանը:
 
36.jpg
 
Սողուններ
  
Իսկական ցամաքային ողնաշարավոր կենդանիներ են: Նրանց մաշկը չոր է, պատված է եղջերային թեփուկներով: Բեղմնավորումը ներքին է: Դնում են խիտ թաղանթով պատված խոշոր ձվեր:
 
40.jpg
 
Թռչուններ
  
Թռչունները տաքարյուն ցամաքային ողնաշարավորներ են, հարմարվել են թռիչքին: Նրանց առջևի վերջույթները վերափոխվել են թևերի, իսկ մարմինը պատված է փետուրներով: Դնում են կեղևով պատված ձվեր:
 
44.jpg
 
Կաթնասուններ
  
Կաթնասունները ցամաքային տաքարյուն կենդանիներ են, ձագերին կերակրում են կաթով: Պատված են մազածածկույթով: Մեծ մասն ունեն ներարգանդային զարգացում: Ունեն բարձրագույն զարգացած նյարդային համակարգ:
 
49.jpg
 
Քորդավորների կառուցվածքի յուրահատկությունները դիտարկենք առավել պարզ և ընդհանրական կառուցվածք ունեցող անգանգների ենթատիպի օրինակով:
 
Գլխաքորդավորների դաս
 
Այս դասի ներկայացուցիչն է նշտարիկը, որն ունի \(8\)սմ երկարությամբ մարմին: Նրա կիսաթափանցիկ, իլիկաձև մարմինը կողքերից սեղմված է, իսկ գլխային և պոչային ծայրերում՝ սրված: Պոչը երիզող մաշկածալքն ավելի լայն է և իր ձևով կենդանու պոչին տալիս է երկսայր բժշկական գործիքի՝ նշտարի տեսք: Նա իր պոչի ծայրով խրվում է ավազի մեջ, իսկ մյուս ծայրը դուրս է ցցում կեր բռնելու համար:
Քորդան ձգվում է մարմնի ամբողջ երկարությամբ: Քորդան ճկուն լարի նման մարմնի համար ծառայում է որպես հենարան:
 
5.jpg
  
Մարսողություն և շնչառություն
  
Նշտարիկի բերանը գտնվում է կարճ շոշափուկներով պսակի հիմքում: Շոշափուկների անընդհատ շարժի շնորհիվ ջուրը մղվում է դեպի նախաբերանային ճեղք, որտեղից էլ դեպի բերան: Բերանին հաջորդում է կլանը, որտեղից էլ սնունդը անցնում է աղիք: Աղիքում կատարվում է մարսողություն, իսկ չմարսված մնացորդները դուրս են բերվում հետանցքով:
 
Կլանի պատերին նշտարիկը ունի \(150\) զույգ խռիկային ճեղքեր: Խռիկային ճեղքերը միմյանցից բաժանող միջնապատերը շատ հարուստ են արյունատար մազանոթներով: Այդպիսով կատարվում է գազափոխանակություն արյան և ջրի միջև:
Այսպիսով, նշտարիկի սննդառությունը և միջավայրի հետ գազափոխանակությունը կատարվում են միաժամանակ:
Արյունատար համակարգ
  
Նշտարիկի արյունը հոսում է անոթներով և չի լցվում օրգանների միջև եղած խոռոչները, այսինքն՝ ունի արյան շրջանառության փակ համակարգ: Նկատենք, որ թթվածնով հարուստ արյունը մեջքային անոթով հոսում է պոչային ծայր՝ դեպի բոլոր օրգաններ: Փորային անոթով ածխաթթու գազով հարուստ արյունը հոսում է դեպի գլխային ծայր՝ դեպի խռիկներ: Անձրևորդի նման նշտարիկը ևս սիրտ չունի, դրա դերը կատարում է փորային անոթը:
 
51-w1064.jpg
 
Արտազատության և սեռական համակարգ
  
Նշտարիկի արտաթորության համակարգը կազմված է մոտ \(100\) զույգ անոթներից, որոնք մի ծայրով բացվում են շուրջկլանային խոռոչի մեջ: Մարմնի խոռոչում այդ օրգանները կրում են քորոցաձև երկար բջիջներ, որոնց մեջ ներծծվում են նյութափոխանակության ավելորդ արգասիքները: Շուրջկլանային խոռոչի մեջ են բացվում նաև բազմաթիվ սեռական գեղձերի ծորանները: Սեռական բջիջները դուրս են բերվում ջրի հոսքով: Բեղմնավորումը կատարվում է ջրում:
 
Նյարդային համակարգը և զգայարանները
  
Նշտարիկի քորդայի վերևում գտնվում է հաստ պատերով նյարդային խողովակը, որը մարմնի գլխային ծայրում փոքր-ինչ ավելի լայն է՝ առաջացնելով ուղեղաբուշտ: Նշտարիկը գլխուղեղ չունի: Նյարդային խողովակից զույգ-զույգ դուրս են գալիս նյարդերը և ուղղվում դեպի մարմնի տարբեր մասեր: Նշտարիկի զգայարանները թույլ են զարգացած: Ունի լուսազգաց բջիջներ, որոնցով տարբերակում է լույսը խավարից: Գլխային ծայրում գտնվում է հոտառական փոսիկը, իսկ մարմնի ամբողջ մակերեսին ցրված են շոշափելիքի ընկալիչները:
Աղբյուրները
Կենսաբանություն. Կենդանի օրգանիզմների բազմազանությունը. 7-րդ դասարանի դասագիրք/ Տ.Վ. Թանգամյան, Ս. Հ. Սիսակյան -Եր.: Տիգրան Մեծ, 2013, էջ 114-117
Կենսաբանություն. Կենդանի օրգանիզմների բազմազանությունը. 7-րդ դասարանի դասագիրք/ Է.Ս. Գևորգյան, Ֆ.Դ. Դանիելյան, Ա.Հ. Եսայան - Եր.: Աստղիկ գրատուն, 2013, էջ 168-170
http://elementy.ru/images/news/did_the_notochord_evolve_from_an_ancient_axial_muscle_2_1292.jpg
https://tse3.mm.bing.net/th?id=OIP.q8ozenikN0S7W6d9HGtesgHaC_&pid=15.1
https://slide-share.ru/image/4993379.jpeg