Տեսություն

Սողունների բազմացումը և զարգացումը
Սողունների սեռական օրգանները և դիմորֆիզմը
  
Բոլոր սողունները բաժանասեռ կենդանիներ են և բազմանում են ներքին բեղմնավորմամբ: Սողունների բազմացման օրգանները կառուցվածքով շատ նման են երկկենցաղների բազմացման օրգաններին:
Արուն ունի երկար զույգ սերմնարաններ, որոնք սերմնածորաններով բացվում են կոյանոցի մեջ:
Էգը ունի զույգ ձվարաններ, որոնք ձվատարներով բացվում են կոյանոցի մեջ:
 
195.jpg
Բազմացման շրջանում զարգացած ձվաբջիջը բեղմնավորվում է սպերմատոզոիդի հետ հենց էգի օրգանիզմում:
Սողունների մոտ լավ արտահայտված է սեռական դիմորֆիզմը: Արուները ունեն վառ գունավորում, ավելի խոշոր են և գրավում են էգերին: Արուներին բնորոշ է նաև մեկ այլ առանձնահատկություն. նրանք բազմացման ընթացքում, օրինակ՝ որոշ մողեսներ, մաշկի վրա, մեջքի երկարությամբ կարող են ձեռք բերել լրացուցիչ կատարներ, թմբուկներ, հավելյալ երանգներ: Այդ ամենը բարձրացնում է արուի գրավչությունը էգի մոտ:
 
53.jpg
 
Տարբերում ենք սողունների բազմացման և զարգացման \(5\) հիմնական փուլ.
  • ձվազատում
  • բեղմնավորում 
  • ձվի զարգացում
  • ձվադրում
  • ուղղակի զարգացում
Ձվազատում
 
Էգի սեռական օրգաններում՝ ձվարաններում, զարգանում են իգական սեռական բջիջները՝ ձվաբջիջները: Ձվարանից դուրս գալուց հետո ձվաբջիջը ընկնում է ձվատարի վերին, ձագարաձև լայնացած մասը: Ձվատարը ձգվում է մինչև կոյանոց և բացվում դրա մեջ: Կատարվում է հասունացած ձվաբջջի ձվազատում, որը արդյունքում մնում է էգի օրգանիզմում:
 
Screenshot_1.png
 
Բեղմնավորում
  
Գարնանը, երբ եղանակը տաքանում է, սկսվում է սողունների բազմացման շրջանը: Զուգավորման ժամանակ արուն սերմնաբջիջները լցնում է էգի կոյանոցը: Կոյանոցից շարժուն սպերմատոզոիդները ձվատարով բարձրանում և թափանցում են ձվաբջիջների մեջ: Ձվատարներում կատարվում է բեղմնավորում: Բեղմնավորումից ձևավորվում է զիգոտ: Զիգոտից սկիզբ է առնում սաղմնավորումը: 
 
60.jpg
 
Ձվի զարգացում
 
Բեղմնավորված ձվաբջիջը ձվատարով անցնելու ընթացքում պատվում է մագաղաթանման, ճկուն թաղանթով, օրինակ՝ օձերի և մողեսների մոտ: Կոկորդիլոսների և կրիաների բեղմնավորված ձվաբջիջները պատվում են կրային կճեպով: Ձվատարով շարժվելու ընթացքում կատարվում է բեղմնավորված ձվաբջջից ձվի զարգացման գործընթացը, որը ավարտին է հասնում կոյանոցում:
 
52.jpg
 
Սողունների ձուն հարուստ է դեղնուցով և ունի ցամաքի վրա սաղմի զարգացումն ապահովող հարմարանքներ:
 
Ձվի կառուցվածքային մասերն են.
  • արտաքին ամուր թաղանթ
  • սաղմնային թերթիկներ
  • դեղնուցապարկ
  • սաղմ
Դեղնուցի բաղադրության մեջ կան սաղմի աճման համար անհրաժեշտ բոլոր սննդարար նյութերը: Ձվի թաղանթները պաշտպանում են սաղմը արտաքին ազդեցությունից: Կճեպը ծակոտկեն է, որի շնորհիվ ձուն կատարում է նյութափոխանակություն: Ձվի մեջ՝ սաղմի շուրջ, զարգանում են սաղմնային թաղանթներ. դրանցից մեկը՝ ամնիոնը լցված է հեղուկով և ստեղծում է սաղմի զարգացման համար անհրաժեշտ ջրային միջավայր: Երկրորդ թաղանթը՝ ալլանթոիսը, հարուստ է արյունատար անոթներով և ապահովում է սաղմի շնչառությունն ու արտաթորությունը: Երրորդ թաղանթը՝ խորիոնը, սահմանազատում է սաղմնային մարմինը սպիտակուցային մարմնից և ապահովում դրանց միջև նյութափոխանակությունը: Սպիտակուցը հիմնական կիրառելի սննդային միջավայրն է, որից սաղմը ի վիճակի է կլանել պիտանի նյութեր և արտազատել արգասիքներ:
 
Ձվադրում
 
Սողունները ձվերը դնում են ավազի, հողի մեջ, քարերի արանքում, տերևների տակ: Որոշ տեսակների ձվերը մնում են ձվատարում մինչև զարգացման ավարտը: Այդ դեպքում ձագերը դուրս են գալիս ձվերից անմիջապես ձվադրման պահին: Բազմացման այս ձևը կոչվում է ձվակենդանածնություն: Որոշ տեսակների սաղմը զարգանում է մոր ձվատարին ամրացած և պատված չէ ձվային թաղանթներով: Բազմացման այս ձևը կոչվում է կենդանածնություն: Որոշ սողունների արուներն ընդհանրապես չեն հանդիպում, և էգերը բազմանում են առանց բեղմնավորման՝ կուսածնությամբ:
 
65.jpg
 
Ուղղակի զարգացում
 
Լրիվ ձևավորված սաղմը, որը ամբողջական ձևավորված օրգանիզմ է, իր դնչի վրա գտնվող ատամիկով պատռում է ձվի թաղանթը և դուրս գալիս արտաքին միջավայր: Սողունների զարգացումը ուղղակի է՝ առանց կերպարանափոխության: Ձագերը ծնողների խնամքի կարիքը չեն զգում:
 
66.jpg
Աղբյուրները
Կենսաբանություն. Կենդանի օրգանիզմների բազմազանությունը. 7-րդ դասարանի դասագիրք/ Տ.Վ. Թանգամյան, Ս. Հ. Սիսակյան -Եր.: Տիգրան Մեծ, 2013, էջ 146
Կենսաբանություն. Կենդանի օրգանիզմների բազմազանությունը. 7-րդ դասարանի դասագիրք/ Է.Ս. Գևորգյան, Ֆ.Դ. Դանիելյան, Ա.Հ. Եսայան - Եր.: Աստղիկ գրատուն, 2013, էջ 199
http://vetargos.ru/images/herpentology/urogenital.jpg
http://baikal-info.ru/sites/default/files/weejodrhvws.jpg
https://gco39.ru/assets/img3875fac6.jpg
http://cdn.hasshe.com/img/s/QwLOOgoYHbgRvP7zoh8Y6QHaEy.jpg
https://studarium.ru/public/img/articles/661.jpg
https://i.pinimg.com/736x/ae/e3/2a/aee32aadf623bdb47d0803ad65016661--baby-sea-turtles-turtle-baby.jpg
https://static.wixstatic.com/media/6ad7ce_2240b9f37a544df9a1b55f3b48e3d5fa~mv2.jpg/v1/fill/w_630,h_473,al_c,q_80,usm_0.66_1.00_0.01/6ad7ce_2240b9f37a544df9a1b55f3b48e3d5fa~mv2.jpg