Սննդի բաղադրամասերը և դրանց նշանակությունը
Սնման նշանակությունը: Օրգանիզմի բջիջների կենսագործունեության ընթացքում օգտագործվում է էներգիա, որն առաջանում է օրգանական նյութերի քայքայման ժամանակ: Այդ էներգիան պարփակված է սննդամթերքում` հաց, միս, կաթ, ձու, կարագ, մրգեր, բանջարեղեն: Սննդամթերքում են գտնվում հիմնական սննդանյութերը` սպիտակուցները, ճարպերը, ածխաջրերը, հանքային աղերը, ջուրը, վիտամինները: Ջուրը, հանքային աղերը և վիտամինները յուրացվում են օրգանիզմի կողմից ճիշտ նույն վիճակում, ինչպիսին կան բնական պայմաններում:
 
Ճարպերը, սպիտակուցներն ու ածխաջրերը համարվում են բարդ օրգանական միացություններ: Դրանք խոշոր մոլեկուլներ են, ուստի անկարող են անցնել մարսողական խողովակի պատերից արյան մեջ: Այդ պատճառով նրանք ենթարկվում են մեխանիկական և քիմիական մշակման և ապա նոր դառնում մատչելի յուրացման համար:
Այն բոլոր գործընթացների ամբողջությունը, որոնց միջոցով սննդանյութերը ենթարկվում են մեխանիկական և քիմիական մշակման ու դառնում են մատչելի աղիներից արյան մեջ ներծծվելու համար, կոչվում է մարսողություն:
Սննդի բաղադրամասերը և դրանց նշանակությունը: Սննդանյութերը կարող են լինել բուսական և կենդանական ծագման: Լիարժեք սնունդը պետք է պարունակի երկու ծագման սնունդն էլ:

Հայտնի է, որ մարդու մարմինը միջին հաշվով պարունակում է մոտ \(15-20\)% սպիտակուցներ, \(60-65\)% ջուր, \(0,6\)% ածխաջրեր, \(19\)% ճարպ, \(5,8\)% աղեր: Այդ նյութերը կատարում են տարբեր գործառույթներ և մշտապես պետք է լրացվեն ընդունած սննդանյութերի միջոցով: Սպիտակուցներով առավել հարուստ են կաթնամթերքը, ձկնեղենը, ընդեղենը, ընկույզը:
 
Սպիտակուցներով հարուստ սննդամթերք.
 
v-kakix-produktax-soderzhitsya-belok.jpg
 
Սպիտակուցները մարդու օրգանիզմում մտնում են բջիջների թաղանթների կազմի մեջ, իրականացնում են գազափոխանակությունը և շատ այլ գործառույթներ: Ֆերմենտ սպիտակուցներն արագացնում են կենսաքիմիական գործընթացները:
 
Ածխաջրերը պարունակվում են հատկապես բուսական ծագման սննդամթերքում (մրգեր, բանջարեղեն, մեղր և այլն) և օրգանիզմում համարվում են էներգիայի հիմնական աղբյուր:
 
Ածխաջրերով հարուստ սննդամթերք.
 
ащш.jpg

Ճարպերն ավելի շատ պարունակվում են կարագի, ձվի, կենդանական ճարպի մեջ: Ճարպերը մարդու օրգանիզմում իրականացնում են ջերմակարգավորում, համարվում են պահեստային էներգիայի աղբյուր և այլն:
 
Ճարպերով հարուստ սննդամթերք.
 
54EC1B11-39E8-4412-8886-61FBDAF5C391.jpg
 
Ջրով հարուստ են մրգերն ու բանջարեղենը:
 
Ուշադրություն
Ջուրն ապահովում է բջիջների լարվածությունը, համարվում է շատ կենսաբանական հեղուկների հիմնական բաղադրիչ (արյուն, լորձ, թուք), մասնակցում է նյութերի լուծմանը, փոխադրմանը և այլն:
Հանքային աղերը օրգանիզմ են մտնում ջրի և սննդամթերքի միջոցով: Հանքային աղերն ապահովում են ոսկրերի, ատամների ամրությունը, մտնում են մարսողական հյութերի, արյան և հորմոնների բաղադրության մեջ:
 
Վիտամինները մասնակցում են նյութափոխանակությանը, ֆերմենտների առաջացման գործընթացներին: Մարդը և կենդանիները դրանք ստանում են սննդանյութերի հետ՝ պատրաստի վիճակում: Կենդանիների օրգանիզմում կարող են սինթեզվել միայն \(D\) և \(B\) վիտամիններ: Վիտամիններով հարուստ են մրգերը, բանջարեղենը, լյարդը, ձկան յուղը:
 
Սննդի էկոլոգիական անվտանգությունը: Մարդն առավել շատ օգտագործում է բնական սննդամթերք (սունկ, պտուղներ): Սակայն սննդամթերքի հիմնական մասը մշակվում և ստացվում է գյուղատնտեսական արտադրությունում և դրանց հանդեպ պահանջարկը հարաճուն կերպով մեծանում է: Այդ պատճառով բերքատվության բարձրացման համար անհրաժեշտություն է առաջանում հողը հարստացնել օրգանական և քիմիական պարարտանյութերով, որոնց մեծ քանակները հաճախ թողնում են վնասակար ազդեցություն:
 
Այսպես, օրինակ` օրգանական պարարտանյութերից գոմաղբի կիրառումը կարող է նպաստել հողում զանազան մանրէների, մակաբույծ որդերի ձվերի կուտակմանը և դառնալ հիվանդությունների վարակի աղբյուր: Պարարտացման կանոնների խախտման, վնասատու միջատների դեմ պայքարի քիմիական միջոցների չարաշահման կամ ագրոտեխնիկական միջոցառումների ոչ ճիշտ իրականացման հետևանքով սննդանյութերի մեջ կարող են հայտնվել վտանգավոր քիմիական նյութեր (նիտրատներ):
 
Ուշադրություն
Սննդամթերքն օգտագործելուց առաջ պետք է խնամքով լվանալ հոսող ջրի տակ: Գնեք միայն որակյալ սննդամթերք, օգտվեք արտոնագրված խանութներից և սննդի կետերից։
Աղբյուրները
Մարդու անատոմիա։ 2 հատոր, Է.Ի.Բորզյակ, Ե.Ա.Դոբրովոլսկայա, Վ.Ս.Ռևազով, Մ.Ռ.Սապին։ Երևան, Լույս 1992
Կենսաբանություն: Մարդ: Ս.Հ.Սիսակյան,Տ.Վ.Թանգամյան,Գ.Ի.Միրզոյան: Երևան, Տիգրան Մեծ  2014
Կենսաբանություն: Մարդ: Ս.Մինասյան,Ծ.Ադամյան,Հ.Հովհաննիսյան: Երևան, Մակմիլան Արմենիա 2000