![](https://www.imdproc.am/upload/yp2/nkar.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text11.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text12.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text13.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text0.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text21.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text22.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text23.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/logo.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/hamar.png)
Արյան մակարդում: Արյան խմբեր: Ռեզուս գործոն: Արյան փոխներարկում
Արյան մակարդումը:
Արյան մակարդումն օրգանիզմի պաշտպանական ռեակցիան է, որի հետևանքով խցանվում է վնասված անոթի լուսանցքը և կանխվում հետագա արյունահոսությունը: Բացի այդ, արյան մակարդումը խոչընդոտում է վնասված անոթի պատից հիվանդաբեր մանրէների թափանցումն օրգանիզմ:
Մակարդումը կատարվում է հետևյալ կերպ. անոթի պատի վնասման ժամանակ արյան թիթեղիկները՝ թրոմբոցիտները, հպվելով վնասված անոթի անհարթ մակերեսին, հեշտությամբ քայքայվում են, որի շնորհիվ արյան պլազմա է արտազատվում հատուկ ֆերմենտ: Վերջինս ազդում է արյան պլազմայում լուծված պրոթրոմբին սպիտակուցի վրա` նրան դարձնելով անլուծելի թելանման ֆիբրին:
Ֆիբրինի թելիկներն առաջացնում են ցանց, որի մեջ պահվում են արյան բջջային տարրերը, և առաջանում է խցան՝ թրոմբ, որը և փակում է վնասված անոթի լուսանցքը: Հետագայում թրոմբը լուծվում է, իսկ անոթի վնասված մասը՝ վերականգնվում: Արյան մակարդումը տեղի է ունենում \(3-8\) րոպեում, ընդ որում, որքան փոքր է անոթի լուսանցքը, այնքան մակարդումն ավելի արագ է կատարվում:
![ris38.jpg](https://resources.cdn.imdproc.am/2f62f44c-2eff-4290-b585-965831a89eda/ris38.jpg)
Ուշադրություն
Արյան մակարդման արագությունը կախված է նաև ջերմաստիճանից. բարձր ջերմաստիճանում այն արագանում է, իսկ ցածրում՝ դանդաղում:
Արյան մակարդման գործընթացը կարող է խանգարվել տարբեր պատճառներից, որի հետևանքով արյան անոթի վնասվածքից տեղի է ունենում երկարատև արյունահոսություն: Օրինակ` ժառանգականորեն պայմանավորված հեմոֆիլիա հիվանդության ժամանակ արյունը չի մակարդվում, և անոթի պատի ամենաչնչին վնասվածքը վտանգավոր է կյանքի համար:
![trombocity.jpg](https://resources.cdn.imdproc.am/55dfd565-e286-4b6a-aeb9-88d4e143a800/trombocity-w600.jpg)
Արյան փոխներարկում:
Արյան մեծ քանակի կորուստների դեպքում պակասում է էրիթրոցիտների և հեմոգլոբինի քանակը, ընկնում է արյան ճնշումը: Արյան զանգվածի \(1/3\)-ի կորուստը կյանքին վտանգ է սպառնում: Այդպիսի դեպքերում հիվանդին փոխներարկում են առողջ մարդուց վերցված արյուն: Արյուն տվող անհատը կոչվում է դոնոր, իսկ ընդունողը՝ ռեցիպիենտ:
![dieta_krovi.jpg](https://resources.cdn.imdproc.am/1f71f8d7-19ca-4d62-bc86-6ba95d174ef0/dieta_krovi.jpg)
Փոխներարկման համար դոնորից վերցված արյան վրա նախապես ավելացնում են հակամակարդիչ նյութ և փակ անոթում պահում սառը պայմաններում: Նախկինում արյան փոխներարկման փորձերը մատնվում էին անհաջողության: Պատճառն այն էր, որ հաճախ դոնորի արյան էրիթրոցիտներն ռեցիպիենտի արյան մեջ կպչում էին միմյանց, սոսնձվում և փաթիլավորվում: Այդ երևույթը կոչվում է ագլյուտինացիա: Նման դեպքում էրիթրոցիտներն արագ քայքայվում են, և հիվանդի վիճակը խիստ ծանրանում է:
Ագլյուտինացիան առաջանում է այն պատճառով, որ էրիթրոցիտների մակերեսին կան որոշակի սպիտակուցներ՝ ագլյուտինոգեններ (հակածիններ), որոնք ռեցիպիենտի արյան պլազմայում փոխազդեցության մեջ են մտնում ագլյուտինինների (հակամարմինների) հետ:
Արյան խմբեր:
![b4df33a2dfa7ff8737860a49981f6100.jpg](https://resources.cdn.imdproc.am/a9ad830b-28c0-4245-9962-3765f60aec0e/b4df33a2dfa7ff8737860a49981f6100-w500.jpg)
Ուշադրություն
Բացահայտվել է, որ էրիթրոցիտների մակերեսին կարող են լինել \(A\) և \(B\) ագլյուտինոգեններ, իսկ պլազմայում՝ \(α\) և \(β\) ագլյուտինիններ:
Ըստ նրանց առկայության` տարբերում են արյան չորս խմբեր (տե՛ս աղյուսակը): Այսպես` որոշ մարդկանց (արյան \(I\) խումբ) էրիթրոցիտներում բացակայում են \(A\) և \(B\) ագլյուտինոգեններ, իսկ պլազմայում առկա են \(α\) և \(β\) ագլյուտինիններ: Արյան \(II\) խումբ ունեցող մարդկանց էրիթրոցիտներում լինում են միայն \(A\) ագլյուտինոգեններ, իսկ պլազմայում՝ \(β\) ագլյուտինիններ: Արյան \(III\) խումբ ունեցող մարդկանց էրիթրոցիտներում լինում են \(B\) ագլյուտինոգեններ, իսկ պլազմայում՝ \(α\) ագլյուտինիններ:
Արյան \(IV\) խումբ ունեցող մարդկանց էրիթրոցիտներում կան \(A\) և \(B\) ագլյուտինոգեններ, իսկ պլազմայում ագլյուտինիններ չկան: Այսպիսով` արյան \(I\) խմբին պատկանող մարդկանց արյունը կարելի է ներարկել բոլորին, որովհետև նրանում չկան \(A\) և \(B\) ագլյուտինոգեններ, \(II\) և \(III\) խմբերին պատկանող արյունը կարելի է ներարկել համապատասխանորեն իրենց և \(IV\) խմբերին: \(IV\) խմբին պատկանող մարդկանց արյունը կարելի է ներարկել միայն \(IV\) խմբի արյուն ունեցող մարդկանց (տե՛ս աղյուսակը): Այդ պատճառով արյան \(I\) խումբը համարվում է համընդհանուր դոնոր, իսկ \(IV\) խումբը՝ համընդհանուր ռեցիպիենտ:
Եթե չկատարվի արյան խմբերի ճիշտ ընտրությունը, ապա փոխներարկման ժամանակ արյուն ընդունող օրգանիզմում կարող է տեղի ունենալ ագլյուտինացիա` էրիթրոցիտների քայքայում, և ավարտվել մահով: Արյան խմբերը որոշող հակածինները ժառանգաբար փոխանցվում են սերնդեսերունդ և չեն փոխվում կյանքի ընթացքում: Մարդկանց \(40-50\)%-ը ունի առաջին խմբի արյուն, \(30-40\)%-ը` երկրորդ, \(10-20\)%-ը՝ երրորդ, իսկ \(5\)%-ը՝ չորրորդ խումբ:
![Untitled-1.png](https://resources.cdn.imdproc.am/5dc43be6-163f-4533-8e71-a5095ffc2cb2/Untitled-1.png)
Ռեզուս գործոն:
Այդ գործոնը հատուկ սպիտակուցային նյութ է, որն առաջին անգամ հայտնաբերվել է ռեզուս-մակակ կապիկի էրիթրոցիտներում: Մարդկանց \(85\)%-ի մոտ էրիթրոցիտներում առկա է ռեզուս գործոնը, ուստի նրանք կոչվում են ռեզուս դրական \((Rh+),\) իսկ \(15\)% մարդկանց էրիթրոցիտներում այն բացակայում է \((Rh-)\): Եթե ռեզուս դրական արյունը ներարկվում է ռեզուս բացասական արյուն ունեցող մարդկանց, ապա վերջիններիս արյան մեջ, ի պատասխան օտարածին սպիտակուցի, առաջանում են հակամարմիններ: Բոլոր այն դեպքերում, երբ այդպիսի մարդկանց երկրորդ անգամ են ներարկում ռեզուս դրական արյուն, տեղի է ունենում էրիթրոցիտների քայքայում, հիվանդը կորցնում է գիտակցությունը և կարող է մահանալ:
![vliyanie-otritsatelnogo-rezus-faktora-materi-na-polozhitelnyiy-rezus-faktor-u-rebenka-460x303.jpg](https://resources.cdn.imdproc.am/c8271f57-5727-420a-8d2a-14d80ebed777/vliyanie-otritsatelnogo-rezus-faktora-materi-na-polozhitelnyiy-rezus-faktor-u-rebenka-460x303.jpg)
Աղբյուրները
1. Ս.Հ.Սիսակյան,Տ.Վ.Թանգամյան,Գ.Ի.Միրզոյան,«Կենսաբանություն. Մարդ:»:Երևան, Տիգրան Մեծ 2014
2. Ս.մինասյան, Ծ.Ադամյան, Հ.Հովհաննիսյան «Կենսաբանություն. Մարդ»:Երևան,Մակմիլան Արմենիա 2000
2. Ս.մինասյան, Ծ.Ադամյան, Հ.Հովհաննիսյան «Կենսաբանություն. Մարդ»:Երևան,Մակմիլան Արմենիա 2000