Խոսքի պատկերավորություն
Երբ գրողները ինչ-որ տեսարան են նկարագրում կամ պատմում են որևէ դեպքի մասին, շատ հաճախ այնպիսի հնարներ են օգտագործում, որոնք խոսքը պատկերավոր են դարձնում: Այսինքն՝ կարդացողն ասես տեսնում է այդ պատկերը, լսում է նկարագրվող ձայնը, զգում համն ու հոտը և այլն: Դրա համար հաճախ օգտագործում են փոխաբերական իմաստով բառեր, համեմատություններ են անում և այլն:
 
Օրինակ՝ Աշնան քաղցր ու մեղմ արևը Մասիսի վերից վար և Արարատյան երկրի վրա իր ծիրանին է փռել:
 
Քաղցր բառն օգտագործված է փոխաբերական իմաստով՝ «դուրեկան, հաճելի», իսկ արևի շողերն ու դրանց տարածած լույսը հեղինակը նմանեցնում է թագավորական ոսկեգույն թիկնոցի՝ ծիրանիի:
 
Մասիս սարը նման է հսկա սպիտակաբաշ առյուծի՝ նստած հետևի ոտքերի վրա, ալևոր գլուխը անհունի մեջ: Այս նախադասության մեջ էլ Մասիսը համեմատվում է հետևի ոտքերի վրա բազմած առյուծի: