Տեսություն

Նախադասության տեսակները
Նախադասությունը ցույց է տալիս առարկան ու նրա կատարած գործողությունը:
Օրինակ՝ Մարդն աշխատում է: Երեխաները խաղում են բակում:
  
Նախադասության մեջ այն բառը, որը ցույց է տալիս գործողություն կատարող առարկան, կոչվում է ենթակա:
Օրինակ՝ Արևը ծագեց: Երեխաները զբոսնում են:
 
Նախադասության մեջ այն բառը, որը ցույց է տալիս ենթակայի կատարած գործողությունը, կոչվում է ստորոգյալ:
Օրինակ՝ Արևը ծագեցԵրեխաները զբոսնում են:
  
Միայն ենթակայից և ստորոգյալից կազմված նախադասությունը կոչվում է պարզ համառոտ նախադասություն:       
Օրինակ՝ Գետակը կարկաչում է: 
  
Պարզ ընդարձակ նախադասությունը կազմված է ենթակայից, ստորոգյալից և այլ բառից կամ բառերից:    
Օրինակ՝ Գետակն ուրախ կարկաչում է: Կայտառ գետակն ուրախ կարկաչում է:   
  
Նախադասություններ կան, որոնցով ինչ-որ բան են պատմում: Դրանք պատմողական նախադասություններ են:
Օրինակ՝ Զուգվել են կրկին անտառ ու այգի: Թռչունները երամ-երամ մեր աշխարհից հեռացան:
 
Նախադասություններ էլ կան, որոնցով ինչ-որ բան են հարցնում: Դրանք հարցական նախադասություններ են:
Օրինակ՝ Տանիքներին ո՞վ է սավան փռել այս գիշեր:
 
Այն նախադասությունները, որոնցով ինչ-որ բան են հրամայում, հանձնարարում կամ խնդրում, կոչվում են հրամայական նախադասություններ:
Օրինակ՝ Ուրիշի ունեցածին աչք մի՛ դիր:
 
Իսկ այն նախադասությունները, որոնցով բացականչությամբ ուրախություն, ցավ կամ հիացմունք են արտահայտում, կոչվում են բացականչական նախադասություններ:
Օրինակ՝ Ի՜նչ անուշ է, սիրուն գարնան այն անձրևը խելագար....
 
Խոսքում հաճախ դիմում են որևէ մեկին կամ որևէ բանի: Այն բառը, որը ցույց է տալիս, թե ում կամ ինչին է ուղղվում խոսքը, կոչվում է կոչական:
 
Օրինակ՝ Լսի՛ր, մայրի՛կ, ո՞վ է այնտեղ 
                Տխուր ձայնով ճտճտում: