ՀԱՐՍՏԱՑՐՈՒ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻԴ ՊԱՇԱՐԸ
Ակտիվացրու «Իմ+»-ը գերազանց գնահատականներ ստանալու համար
Ստեղծեք Ձեր ուսումնական ծրագիրը «ԻմԴպրոց» կայքում
Ստացեք հաշվետվություն Ձեր ուսումնական ծրագիր արդյունավետության վերաբերյալ
Օգտագործեք Ձեր առաջադրանքները ստուգողական աշխատանքներում

Տեսություն

Աֆրիկայի կլիմայական առանձնահատկությունները
Աֆրիկան, շնորհիվ աշխարհագրական դիրքի, հանդիսանում է ամենատաք մայրցամաքը:
Նրա տարածքում է գտնվում աշխարհի խոշորագույն անապատներից մեկը՝ Սահարան, որի տարածքում՝ Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի մերձակայքում գտնվող Էլ-Ջուֆ տեղանքում է գրանցվել ամենաբարձր ջերմաստիճանը՝ \(+ 58,1\)°C: Աֆրիկայի կլիմայական ևս մեկ առանձնահատկություն կայանում է նրանում, որ այն գրեթե ամբողջությամբ գտնվում է տաք ջերմային գոտու սահմաններում և միայն ծայր հարավային և հյուսիսային փոքրիկ մասն է գտնվում բարեխառն ջերմային գոտու սահմաններում: Աֆրիկայի տարբեր տարածքների կլիմայական առանձնահատկությունները մեծապես պայմանավորված են կլիմայաստեղծ գործոնների յուրահատկություններով: 
Կլիմայի վրա ազդող գործոնները
Հայտնի է, որ կլիմայի վրա ազդում են բազմաթիվ գործոններ. աշխարհագրական դիրքը, օվկիանոսային հոսանքները, ռելիեֆի բնույթը, լանջերի դիրքադրությունը, օվկիանոսներից և ծովերից հեռավորությունը, տեղանքի բացարձակ բարձրությունը և այլն:
 
Այսպես, աշխարհագրական դիրքի պատճառով Աֆրիկայի տարբեր հատվածներում տարբեր են գերիշխող օդային զանգվածները և սեզոնայնության արտահայտվածությունը:
 
Օրինակ՝ մերձհասարակածային կլիմայական գոտում ամառները խոնավ են, իսկ ձմեռները՝ չորային:
 
afrika-fiz-Darfur.jpg
 
Աֆրիկայի ֆիզիկաաշխարհագրական քարտեզ
 
Օվկիանոսային հոսանքների ազդեցությամբ մայրցամաքի հարավ արևմտյան հատվածը խիստ չորային է, իսկ հարավ-արևելքը՝ խոնավ: Դրակոնյան և Կապի լեռները իրենց հերթին թույլ չեն տալիս խոնավաբեր օդային զանգվածներին ներխուժել Կալահարի սարահարթի տարածք՝ դարձնելով այն անապատա-կիսաանապատ: Մինչդեռ այդ լեռների հողմակողմ լանջերը ստանում են առատ տեղումներ, որոնք հավասարաչափ են բաշխվում ամբողջ տարվա ընթացքում: Արևի զենիթային դիրքի փոփոխությանը զուգահեռ պասսատների սեզոնային տեղաշարժի պատճառով մերձարևադարձային կլիմայական գոտում ամառները չափազանց չոր են լինում և տաք, իսկ Կամերուն լեռը, գտնվելով Գվինեական ծոցի ափին, մի շարք գործոնների ազդեցությամբ, ինչպիսիք են Գվինեական տաք հոսանքը, հասարակածին մոտ գտնվելը, մերձափնյա դիրքը, բացարձակ բարձրությունը, ստանում է \(5000-10000\) մմ տեղումներ՝ վերածվելով Աֆրիկայի ամենախոնավ վայրի:
 
Kamerun mount.jpg
 
Կամերուն լեռը
Կլիմայական գոտիների և մարզերի բաշխման տարածական օրինաչափությունները
Աֆրիկայի տարածքում առանձնացնում են հասարակածային, մերձհասարակածային, արևադարձային և մերձարևադարձային կլիմայական գոտիները:
Ընդ որում հասարակածային գոտին տարածվում է \(0-7\)° լայնություններում՝ զբաղեցնելով Գվինեական ծոցի ափամերձ տարածքները և Կոնգոյի գոգավորությունը: Նրա շուրջ տարածվում է մերձհասարակածային գոտին՝ զբաղեցնելով Սուդանի և Արևելաաֆրիկական սարահարթերի տարածքները և հանդիսանալով Աֆրիկայի ամենամեծ տարածք զբաղեցնող կլիմայական գոտին: Մերձհասարակածային գոտուց հյուսիս և հարավ տարածվում է արևադարձային գոտին, որի սահմաններում են գտնվում Աֆրիկայի խոշորագույն անապատները: Հարավային կիսագնդում արևադարձային կլիմայական գոտին ընդհուպ մոտենում է հասարակածին: Այս գոտին բաժանվում է \(2\) մարզի՝ արևադարձային անապատային և գոտու արևելյան հատվածում՝ արևադարձային խոնավ: Աֆրիկայի ծայր հյուսիսում և հարավում տարածվող մերձարևադարձային գոտին նույնպես բաժանվում է \(2\) մարզի՝ մերձարևադարձային միջերկրածովային և գոտու արևելյան հատվածում՝ մերձարևադարձային խոնավ:
 
Afrika klima.jpg
 
Աֆրիկայի կլիմայական գոտիները և մարզերը
Կլիմայական գոտիների բնութագիրը
Հասարակածային գոտում տարեկան միջին ջերմաստիճանները տատանվում են \(+25-27\)°C սահմաններում: Ընդ որում առավելագույնին հասնում է աշնան և գարնան սեզոնին, երբ Արեգակը «գտնվում է» հասարակածի վրա, իսկ ամռանը և ձմռանը միջին ջերմաստիճանները \(+25\)°C սահմաններում են պահպանվում: Տեղումների քանակը \(2000-3000\) մմ-ի սահմաններում է շնորհիվ հակապասսատների, որոնք ամբողջ տարի տիրապետում են այս հատվածում՝ առաջացնելով զենիթային անձրևներ:
 
Մերձհասարակածային գոտում տեղումների քանակը կրճատվում է մինչև \(1500-1600\) մմ և առաջանում է տեղումների սեզոնայնություն. ամառները խոնավ են` շնորհիվ հասարակածային օդային զանգվածների ներխուժման, իսկ ձմեռները՝ չորային՝ շնորհիվ արևադարձային օդային զանգվածների ներխուժման: Արևադարձային գոտում տարեկան միջին ջերմաստիճանները մշտապես \(+15\)°C-ից բարձր են, բացառությամբ լեռնային շրջանների: Գոտու անապատային մարզում տեղումների քանակը աննշան է պասսատների պատճառով՝ \(50-100\) մմ սահմաններում: Հարավային կիսագնդում արևադարձային կլիմայական գոտու արևելյան հատվածը խոնավ է շնորհիվ Մոզամբիկի և Ասեղի տաք հոսանքների ազդեցության և լեռնային ռելիեֆի:
 
Մերձարևադարձային գոտու վրա մեծ են արևմտյան քամիների ազդեցությունը: Միջերկրածովային մարզում ձմեռները արևմտյան քամիների շնորհիվ մեղմ են և խոնավ՝ \(800-1000\) մմ տեղումներով, իսկ ամառները՝ չոր և շոգ՝ շնորհիվ պասսատների: Մերձարևադարձային խոնավ մարզում տեղումներն առատ են և հավասարաչափ բաշխված ամբողջ տարվա ընթացքում: