Մայրցամաքներ և աշխարհամասեր
Ինչպես գիտենք, Երկիր մոլորակը բաղկացած է ջրային և ցամաքային տարածքներից, որոնց ընդհանուր մակերեսը \(510\) մլն կմ² է:
 
Երկրագնդի և Լուսնի տեսքը տիեզերքից
  
земля-и-луна-фото-из-космоса.jpg
 
Ընդ որում ջրային տարածքներն ավելի քան \(2\) անգամ մեծ մակերես են զբաղեցնում, քան ցամաքայինները:
Աշխարհագրական Մեծ հայտնագործությունների ժամանակներից մինչև մեր օրերն իրականացված բազմաթիվ հետազոտություններն ապացուցել են, որ բոլոր օվկիանոսներն անմիջականորեն կամ նեղուցների ու ջրանցքների միջոցով կապված են միմյանց հետ և միասին կազմում են Համաշխարհային օվկիանոսը:
Ուշադրություն
Համաշխարհային օվկիանոսի մակերեսը \(361\) մլն կմ² է և այն կազմված է ոչ միայն օվկիանոսներից, այլև դրանց մաս կազմող ծովերից և ծովածոցերից, հարևան ջրային մարմինները միմյանց միացնող նեղուցներից և ջրանցքներից:
Չնայած օվկիանոսների միասնականությանը, դրանք միմյանցից տարբերվում են իրենց չափերով և ջրի բազմաթիվ ֆիզիկական ու քիմիական ցուցանիշներով: Այդ տարբերությունների և ցուցանիշների ուսումնասիրությունն էլ հանդիսանում է մայրցամաքների և օվկիանոսների աշխարհագրության դասընթացի ուսումնասիրության խնդիրներից մեկը:
Ինչպես տեսնում ենք նկար \(2\)-ից, խոշորագույն օվկիանոսը Խաղաղն է, որը զբաղեցնում է Համաշխարհային օվկիանոսի տարածքի գրեթե կեսը: Մեծությամբ երկրորդն Ատլանտյան օվկիանոսն է, որն իր հերթին մոտ \(2\) անգամ փոքր է Խաղաղ օվկիանոսից: Մեծությամբ երրորդ և չորրորդ օվկիանոսներն են համապատասխանաբար Հնդկականը և Հյուսիսային Սառուցյալը:
 
Օվկիանոսների տարածքները ըստ նվազող հաջորդականության 
 
 
Ocean size.jpg
 
Ընդհանուր առմամբ ցամաքային տարածքները զբաղեցնում են \(149\) մլն կմ² մակերես և բաղկացած են մայրցամաքներից ու դրանց շրջապատող բազմաթիվ կղզիներից:
Մայրցամաքները Երկրագնդի ցամաքի խոշորագույն հատվածներն են, որոնք բոլոր կողմերից շրջապատված են օվկիանոսներով և դրանց մասերով:
Ուշադրություն
Կարևոր է հիշել, որ յուրաքանչյուր մայրցամաք ձևավորվել և զարգացել է որոշակի պլատֆորմի կամ մի քանի պլատֆորմների (ինչպես օրինակ Եվրասիան) հիման վրա, ի տարբերություն Գրենլանդիայի պես խոշոր կղզիների, որոնք ժամանակին եղել են մայրցամաքի մաս, սակայն Երկրի ընդերքում տեղի ունեցող շարժումների արդյունքում ժամանակի ընթացքում անջատվել են մայրցամաքից և դարձել առանձին տարածքային միավոր:
Մայրցամաքների տարածքները աճող հաջորդականությամբ
Continents with labels.jpg
 
Հայտնի է նաև, որ ներկայիս մայրցամաքները միլիոնավոր տարիներ առաջ միավորված են եղել մեկ միասնական Պանգեյ մայրցամաքում, որի տրոհման արդյունքում առաջացել են Լավրասիա և Գոնդվանա մայրցամաքները, որոնց միջև տարածվել է Թետիս օվկիանոսը: Հետագայում Լավրասիա մայրցամաքից առանձնացել են Եվրասիա և Հյուսիսային Ամերիկա մայրցամաքները, իսկ Գոնդվանայից՝ Աֆրիկա, Հարավային Ամերիկա, Ավստրալիա և Անտարկտիդա մայրցամաքները:
 
Միասնական Պանգեյ մայրցամաքի տրոհումը ժամանակակից մայրցամաքների
  
2.jpg
 
Ներկայիս մայրցամաքները միմյանցից տարբերվում են բազմաթիվ ֆիզիկաաշխարհագրական երևույթներով, որոնք պայմանավորված են ոչ միայն տարածքի մեծությամբ և ձգվածությամբ, այլև Երկրագնդի վրա մայրցամաքների դիրքով:
 
Երկրագնդի մայրցամաքները
 
4.jpg
 
Ամենախոշոր մայրցամաքը Եվրասիան է (\(54,8\) մլն կմ²), որը նաև արևմուտքից-արևելք և հյուսիսից-հարավ ձգվածությամբ է գերազանցում մյուս մայրցամաքներին (տարածվում է հյուսիսային լայնության \(1̊ 16'\) և հյուսիսային լայնության \(77̊ 43'\) կոորդինատների միջև, ինչպես նաև արևմտյան երկայնության \(9̊ 29'\) և արևելյան երկայնության \(169̊ 39'\) միջև): 
 
Մեծությամբ երկրորդը Աֆրիկան է՝ միակ մայրցամաքը, որը միաժամանակ տարածվում է ինչպես հյուսիսային և հարավային կիսագնդերում, այնպես էլ արևելյան և արևմտյան կիսագնդերում:
 
Աֆրիկային հաջորդում են Հյուսիսային և Հարավային Ամերիկաները, որոնք ամբողջովին տարածվում են արևմտյան կիսագնդում, սակայն Հարավային Ամերիկայի հյուսիսով է անցնում հասարակածը, հետևաբար այն տարածվում է և՛ հյուսիսային, և՛ հարավային կիսագնդերում:
 
Մեծությամբ նախավերջին տեղում է գտնվում Անտարկտիդա մայրցամաքը, որի միայն մի փոքր մասն է ընկած հարավային բևեռային շրջագծից հյուսիս և որի տարածքում է գտնվում հարավային բևեռը՝ դարձնելով Անտարկտիդան միակ մայրցամաքը, որը չունի հարավային, արևելյան և արևմտյան ծայրակետեր:
 
Տարածքով ամենափոքրը Ավստրալիան է, որի մեջտեղով է անցնում հարավային արևադարձը և որը ամբողջովին արևելյան կիսագնդում տարածվող միակ մայրցամաքն է:
 
Մայրցամաքների դիրքը հիմնական զուգահեռականների և միջօրեականների նկատմամբ
 
1.jpg
 
Աշխարհամասերը նույնպես ցամաքի խոշոր միավորներ են, սակայն դրանց առանձնացման հիմքում դրված են այլ սկզբունքներ, ինչպես օրինակ Եվրոպացիների կողմից դրանց ճանաչման պատմական գործընթացը, մշակութային և տարածական ընդհանրությունները և տարբերությունները և այլն, ինչի շնորհիվ աշխարհամասերի և մայրցամաքների սահմանները տարբերվում են: Մասնավորապես Եվրոպացիների կողմից հնուց ի վեր ճանաչված տարածքները՝ Եվրոպա, Ասիա և Աֆրիկա աշխարհամասերը ընդունված է անվանել Հին Աշխարհ, իսկ հետագայում հայտնաբերված մայրցամաքները և աշխարհամասերը՝ Ամերիկան, Ավստրալիան և Օվկիանիան, ինչպես նաև Անտարկտիկան՝ Նոր Աշխարհ
 
Մայրցամաքներն, ինչպես և աշխարհամասերը վեցն են:
 
Մայրցամաքները և աշխարհամասերը
Mayrcamaqner ev ashxarhamaser anunner.jpg
 
Ընդհանուր առմամբ կարող ենք նշել, որ ի տարբերություն մայրցամաքների աշխարհամասերը ընգրկում են նաև մայրցամաքների հարակից կղզիները:
 
Աշխարհամասերը
 
3.jpg
 
Այսպիսով, նայելով քարտեզներին կնկատենք, որ օրինակ Եվրասիա մայրցամաքն ամբողջովին տարածվում է հյուսիսային կիսագնդում, սակայն Ասիա աշխարհամասը, շնորհիվ կղզային տարածքների, գտնվում է միաժամանակ և՛ հյուսիսային, և՛ հարավային կիսագնդերում:
Աշխարհագրական դիրքը, ձգվածությունը հյուսիսից-հարավ և արևելքից-արևմուտք իր հերթին պայմանավորում է մայրցամաքների և աշխարհամասերի բնության բաղադրիչների բազմազանությունը և տարածական առանձնահատկությունները, ինչը հանդիսանում է մայրցամաքների և օվկիանոսների աշխարհագրության ուսումնասիրության մյուս կարևոր խնդիրը: