![](https://www.imdproc.am/upload/yp2/nkar.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text11.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text12.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text13.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text0.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text21.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text22.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text23.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/logo.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/hamar.png)
Օդային զանգվածներ և կլիմայական գոտիներ
Երկրագնդի տարբեր հատվածներում ջերմության և խոնավության անհավասարաչափ բաշխումը հանգեցնում է ոչ միայն ճնշման գոտիների առանձնացման, այլև կլիմայական գոտիների ձևավորման, որոնք նույնպես միմյանց օրինաչափորեն հերթափոխում են հասարակածից բևեռներ ուղղությամբ:
Մթնոլորտային ընդհանուր շրջանառության կարևորագույն բաղադրիչներն են օդային զանգվածները և դրանց տեղաշարժերը:Համաձայն ռուս կլիմայագետ Ալիսովի, Երկրագնդի վրա կարելի է առանձնացնել \(7\) հիմնական կլիմայական գոտի՝ մեկ հասարակածային, երկու արևադարձային, երկու բարեխառն, արկտիկական, անտարկտիկական և \(6\) անցումային կլիմայական գոտիներ՝ երկու մերձհասարակածային, երկու մերձարևադարձային, մերձարկտիկական և մերձանտարկտիկական, որոնք միմյանցից տարբերվում են առաջին հերթին օդային զանգվածներով և մթնոլորտային ընդհանուր շրջանառությամբ:
Միատեսակ ջերմության և խոնավության հատկանիշներով օժտված ներքնոլորտի մեծ ծավալի օդը, որը ձևավորվում է միասեռ ընդարձակ տարածքի վրա, կոչվում է օդային զանգված:
Օրինակ
Ամռանը, երբ ճնշման գոտիները տեղաշարժվում են դեպի հյուսիս, հասարակածային գոտում ձևավորվող օդային զանգվածը տեղաշարժվում է դեպի մերձհասարակածային գոտի և այնտեղի կլիման նմանվում է հասարակածային գոտու կլիմային, իսկ ձմռանը, երբ ճնշման դաշտերը տեղաշարժվում են հարավ, արևադարձային գոտում ձևավորվող օդային զանգվածն է ներխուժում մերձհասարակածային գոտի և այնտեղ հաստատվում են արևադարձային գոտուն բնորոշ կլիմայական պայմաններ:
Ուշադրություն
Այսպիսով, կարող ենք եզրակացնել, որ
1. տարածքի կլիմայական պայմանները մեծապես կախված են այն օդային զանգվածից, որը տիրապետում է այդ տարածքում:
2. անցումային կլիմայական գոտիները ամռանը ենթարկվում են իրենցից հարավ, իսկ ձմռանը՝ իրենցից հյուսիս գտնվող օդային զանգվածի ազդեցությանը, քանի որ սեփական օդային զանգված չունեն:
1. տարածքի կլիմայական պայմանները մեծապես կախված են այն օդային զանգվածից, որը տիրապետում է այդ տարածքում:
2. անցումային կլիմայական գոտիները ամռանը ենթարկվում են իրենցից հարավ, իսկ ձմռանը՝ իրենցից հյուսիս գտնվող օդային զանգվածի ազդեցությանը, քանի որ սեփական օդային զանգված չունեն:
![Աշխարհի կլիմայական գոտիները.jpg](https://resources.cdn.imdproc.am/28ed56b5-5313-4c42-8e31-fcbb04983e5d/%D4%B1%D5%B7%D5%AD%D5%A1%D6%80%D5%B0%D5%AB%20%D5%AF%D5%AC%D5%AB%D5%B4%D5%A1%D5%B5%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%20%D5%A3%D5%B8%D5%BF%D5%AB%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8.jpg)
Երկրագնդի կլիմայական գոտիները
Օդային զանգվածների անվանումները և առաջացման տարածքները համընկնում են հիմնական կլիմայական գոտիների հետ: Ի տարբերություն հասարակածային, արկտիկական և անտարկտիկական օդային զանգվածների` արևադարձային և բարեխառն օդային զանգվածները ունեն \(2\) տարատեսակ՝ ծովային և ցամաքային: Ցամաքային տարատեսակները ավելի չոր են և այս հատվածներում ջերմաստիճանների տատանումները ավելի մեծ են լինում:
Կլիմայական գոտիների համառոտ բնութագիրը
Հասարակածային կլիմայական գոտին տարածվում է հասարակածի երկու կողմերով, սակայն համատարած գոտի չի կազմում: Պայմանավորված հասարակածային օդային զանգվածի ազդեցությամբ՝ ամբողջ տարին այստեղ խոնավ է՝ \(3000-5000\) մմ տեղումներ և տաք՝ \(+25+27°C\):
Մերձհասարակածային գոտիները տարածվում են հասարակածային կլիմայական գոտու շուրջ, երբեմն ընդգրկելով նաև հասարակածային աշխարհագրական լայնությունները: Ամռանը հաստատվում են տաք ու խոնավ, իսկ ձմռանը՝ տաք ու չոր եղանակներ:
Արևադարձային գոտին արևից ստանում է ամենաշատ ջերմությունը և այստեղ տիրապետող արևադարձային օդային զանգվածը աչքի է ընկնում փոքր թափանցելիությամբ օդում փոշու մեծ քանակի պատճառով, չորությամբ և բարձր ջերմաստիճաններով: Միայն ծովափնյա որոշ գոտիներում, ուր տիրապետում է օդային զանգվածի ծովային տարատեսակը՝ կլիման նման է հասարակածային գոտու կլիմային, սակայն ավելի բարձր միջին ջերմաստիճաններով:
Մերձարևադարձային գոտիները տարածվում են արևադարձային և բարեխառն կլիմայական գոտիների միջև և տարվա մի հատվածը բնորոշվում են չոր ու շոգ կլիմայով, իսկ մյուս հատվածը՝ բարեխառն օդային զանգվածների ազդեցությամբ դառնում են ցուրտ ու չոր կամ մեղմ ու խոնավ` կապված օդային զանգվածի տարատեսակից:
Բարեխառն կլիմայական գոտին ցամաքի հատվածում ամենամեծ տարածքն է զբաղեցնում և ձգվում է \(40-70°\) լայնությունների գոտում: Բարեխառն ծովային օդային զանգվածների ազդեցության գոտում ամառները տաք են, ձմեռները՝ մեղմ, իսկ տեղումները առատ են և հավասարաչափ բաշխված տարվա ընթացքում: Բարեխառն ցամաքային օդային զանգվածների ազդեցության գոտին աչքի է ընկնում չորային կլիմայով և ջերմաստիճանների մեծ տարեկան տատանումներով:
Մերձարկտիկական գոտին զբաղեցնում է Եվրասիայի և Հյուսիսային Ամերիկայի հյուսիսային հատվածը, ամռանը ենթարկվում է բարեխառն օդային զանգվածների ազդեցությանը, ձմռանը՝ արկտիկական, ինչի պատճառով ցուրտ է և չոր: Մերձանտարկտիկական գոտին ունի նույն բնութագիրը, սակայն հանդիպում է միայն Անտարկտիդա մայրցամաքի և դրան հարակից ջրերի տարածքում:
Արկտիկական և անտարկտիկական կլիմայական գոտիները համապատասխանաբար տարածվում են հյուսիսային և հարավային բևեռների շուրջ և մշտապես աչքի են ընկնում ցուրտ ու չոր կլիմայով: Միայն ամռանը այն էլ կարճ ժամանակահատվածով ջերմաստիճանները դրական են լինում: