ՀԱՐՍՏԱՑՐՈՒ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻԴ ՊԱՇԱՐԸ
Ակտիվացրու «Իմ+»-ը գերազանց գնահատականներ ստանալու համար
Ստեղծեք Ձեր ուսումնական ծրագիրը «ԻմԴպրոց» կայքում
Ստացեք հաշվետվություն Ձեր ուսումնական ծրագիր արդյունավետության վերաբերյալ
Օգտագործեք Ձեր առաջադրանքները ստուգողական աշխատանքներում

Տեսություն

Աշխարհի քաղաքական քարտեզի ձևավորման նորագույն փուլը
Այս բաժնում կուսումնասիրենք աշխարհի քաղաքական քարտեզի ձևավորման նորագույն փուլը, \(20\)-րդ և \(21\)-րդ դարերում տեղի ունեցած կարևորագույն աշխարհաքաղաքական փոփոխությունները:
  
Չորրորդ կամ նորագույն փուլը համապատասխանում է \(20\)-րդ դարի աշխարհամարտերից մինչև «սառը պատերազմի» ավարտ ընկած ժամանակահատվածը, երբ ստեղծվեցին հակադիր քաղաքական և տնտեսական կոալիցիաներ, որոնք էլ «ձևափոխեցին» աշխարհի քաղաքական քարտեզը:

Առաջին աշխարհամարտի հետևանքով (\(1914-18\) թթ.) քարտեզի վրայից անհետացան Ավստրո-Հունգարական, Գերմանական և Օսմանյան կայսրությունները, ստեղծվեցին նոր պետություններ (Գերմանիա, Լեհաստան, Չեխոսլովակիա, Հունգարիա, Հարավսլավիա, Սիրիա, Իրաք, Լիբանան և այլն): Ռուսական կայսրության փլուզման և հետագայում անկախություն ստացած մի շարք պետությունների միավորման հետևանքով առաջացավ ԽՍՀՄ-ը (Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միությունը) և առաջացավ պետության նոր՝ սոցիալիստական կարգ:
 
Կարևոր է հիշել, որ \(1918\) թ.-ին ավելի քան \(700\) -ամյա ընդմիջումից հետո հռչակվեց Հայաստանի առաջին հանրապետության անկախությունը:
  
Երկրորդ աշխարհամարտի արդյունքում հզորացավ ԽՍՀՄ-ը, Գերմանիան և Ճապոնիան զրկվեցին իրենց զավթած տարածքներից: Գերհզոր պետություն դարձավ ԱՄՆ-ը, որի տարածքում զգալի ռազմական գործողություններ չէին եղել՝ ի տարբերություն ավերակների վերածված Եվրոպայի:
  
Նկարում ներկայացված են նախկին ԽՍՀՄ անդամ պետությունները: ԽՍՀՄ-ը ձևավորվել էր \(20\)-րդ դարի սկզբին և փլուզվել է \(20\)-րդ դարի ավարտին՝ միավորելով \(15\) պետություններ, ներառյալ ՀԽՍՀ (Խորհրդային Հայաստանը):
 
ԽՍՀՄ.jpg

Սոցիալիստական երկրները միավորվեցին «Տնտեսական Փոխօգնության Խորհուրդ» կոչվող կազմակերպության մեջ, իսկ կապիտալիստական երկրները կազմեցին ռազմատնտեսական կոալիցիա (ՆԱՏՕ՝ Հյուսիսատլանտյան դաշինք), որոնք հակադիր ուժեր էին:
Բրիտանական կայսրությունը կորցրեց իր գաղութների զգալի մասը: Փլուզվեց գաղութային համակարգը: Միայն Աֆրիկայում \(1960\)թ.-ին անկախացան \(17\) երկրներ: Այդ տարին ՄԱԿ-ը հռչակեց «Աֆրիկայի տարի»: Քսաներորդ դարի երկրորդ կեսին սոցիալիստական և կապիտալիստական ճամբարների (որոնք գլխավորում էին ԽՍՀՄ և ԱՄՆ) միջև սկսվեց «սառը պատերազմը», որին բնորոշ էին սպառազինությունների մրցավազքը, առճակատումները, երրորդ աշխարհամարտի վտանգը: Այս ժամանակաշրջանը հայտնի է որպես «սառը պատերազմ», քանի որ ստեղծված իրադրությանը հատուկ էր «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակը, այսինքն՝ հակամարտ կողմերը մրցակցում էին միմյանց հետ, պատրաստվում ռազմական գործողությունների, հանդես գալիս վարկաբեկող և սպառնալից հայտարարություններով (տեղեկատվական պատերազմ), սակայն լայնածավալ և բացահայտ ռազմական գործություններ չէին կազմակերպվում: Ուշադրություն դարձնենք այն հանգամանքին, որ «սառը պատերազմի» ընթացքում վերելք ապրեցին արդյունաբերության այնպիսի ճյուղեր, ինչպիսիք են մեքենաշինությունը, ռազմական արդյունաբերությունը, քիմիական արդյունաբերությունը և այլն՝ հանգեցնելով ռազմատեխնիկական հեղափոխության:
 
Այս փուլում են դրվել նաև Եվրամիության ձևավորման հիմքերը:
Հինգերորդ փուլը կամ արդի փուլը ներառում է ԽՍՀՄ-ի փլուզումը, դրա հետևանքները՝ սկսած \(1980\)-ական թթ.ից մինչև այժմ:
 
Նկարում պատկերված է «Բեռլինյան պատը», որը քանդվեց \(1989\) թ. նոյեմբերի \(9\)-ին, ինչն ազդարարեց սառը պատերազմի ավարտը և սոցիալիստական ճամբարի պարտությունը:
 
Берлинская-стена-10-800x530.jpg timthumb.jpg
 
Берлинская-стена-падение-800x600.jpg I-46-VOKRUG-stena-f14_640.jpg
 
Ի վիճակի չլինելով հաղթահարել ներքին և արտաքին քաղաքականության մեջ առկա հիմնախնդիրները՝ ԽՍՀՄ-ը փլուզվեց, և նրա անդամ պետությունները հռչակեցին իրենց անկախությունը. առաջինը ԼՂԻՄ-ը (հետագայում՝ ԼՂՀ) ինքնահռչակվեց, սակայն մինչև այսօր միջազգային ճանաչում չի ստացել:
 
Նկարում պատկերված է ՀՀ անկախության հանրաքվեի քվեաթերթիկներից մեկը:
 
545450_350115425082001_2090778589_n.jpg
 
Լեռնային Ղարաբաղի մարզային խորհրդի \(1991\) թ. սեպտեմբերի \(2\)-ի նստաշրջանին մասնակցում էին նաև Շահումյանի շրջանից ընտրված պատգամավորներ: Երկու տարածքային կազմավորումները հայտարարեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստեղծումը: Համաձայն ԽՍՀՄ \((03.04.1990)\) «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու կարգի մասին» օրենքի, երբ Ադրբեջանը հայտարարեց իրեն անկախ, ապա անկախ հայտարարեցին իրենց նաև ԼՂԻՄ-ը և Շահումյանի շրջանը: Դա իրենց թույլ էր տալիս միութենական օրենսդրությունը:
 
!Declaracia.jpg
 
Սկսեց քայքայվել աշխարհի սոցիալիստական երկրների համակարգը, որի «կորիզը» ԽՍՀՄ-ն էր:
Չեխոսլովակիան բաժանվեց երկու մասի՝ Չեխիայի և Սլովակիայի: Հարավսլավիան տրոհվեց, և անկախացան Հորվաթիան, Բոսնիան և Հերցեգովինան, Մակեդոնիան, Սլովենիան, Սերբիան, Չեռնոգորիան (Մոնտենեգրո), հետագայում՝ Կոսովոն:
 
Ուշադրություն
Լուծարվեցին սոցիալիստական երկրների տնտեսական և քաղաքական խմբավորումները:
Լեհաստանը, Չեխիան, Հունգարինան և այլ նախկին սոցիալիստական պետություններ մտան ՆԱՏՕ-ի կազմ: ԽՍՀՄ-ի անդամ պետությունները բացառությամբ մերձբալթյան երկրների (Էստոնիա, Լատվիա, Լիտվա ) միավորվեցին ԱՊՀ (Անկախ Պետությունների Համագործակցություն) կազմում, որը հետագայում Ռուսաստանի հետ անհաղթահարելի կոնֆլիկտների պատճառով լքեցին Վրաստանը և Ուկրաինան:
 
Եվրոպայի քաղաքական քարտեզը զգալի փոփոխություններ կրեց Հարավսլավիայի տրոհումից հետո: Ի հայտ եկան նոր պետություններ, որոնց միջև ծագեցին տարածքային վեճեր հիմնականում կրոնական հողի վրա՝ վերածվելով արյունահեղ պատերազմների (հիշենք Կոսովոյի օրինակը): 
 
111.jpg

Ժամանակակից աշխարհում կան \(231\) մեծ ու փոքր պետություններ, որոնցից \(216\)-ը ինքնիշխան են, իսկ \(15\)-ն ունեն կիսանկախ կամ կախյալ (գաղութային) կարգավիճակ:
Երբ պետությունների անկախությունը ճանաչում են այլ պետությունների կառավարությունները (միջազգային հանրությունը), ապա այդ պետությունները համարվում են ինքնիշխան («դե յուրե» կամ իրավականորեն): Մյուս դեպքում, երբ պետությունների անկախ լինելը չի ընդունվում միջազգային հանրության կողմից, այդ պետությունները համարվում են փաստացի («դե ֆակտո») անկախ պետություններ, սակայն նրանց հետ դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատվում: Այսպիսի կարգավիճակ ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Սակայն ժամանակի ընթացքում այդպիսի պետությունները ևս ստանում են միջազգային ճանաչում: Օր.՝ Արևելյան Թիմորը (Թիմոր Լեշթի) անկախացավ \(2002\)թ.-ին, Հարավային Սուդանը՝ \(2011\)թ.-ին:
 
Աշխարհի քաղաքական քարտեզը (\(21\)-րդ դարի \(1\)-ին տասնամյակ)
 
evrasia.jpg
 
Նկարում պատկերված են ՀՀ և ԼՂՀ-ի վարչական միավորները: Հիշենք, որ օգտվելով ԽՍՀՄ-ի Սահմանադրությունից, ԼՂՀ հռչակել է իր անկախությունը \(1991\) թ.-ի սեպտեմբերի \(2\)-ին, իսկ ՀՀ-ն՝ նույն թվականի սեպտեմբերի \(21\)-ին: ՀՀ-ն ճանաչված է միջազգային հանրության կողմից, ԼՂՀ-ն՝ դեռևս ոչ:
 
Screenshot_3.png

Այսպիսով՝ աշխարհի ժամանակակից քաղաքական քարտեզն անցել է պատմական երկարատև զարգացման ուղի և այն շարունակում է արտացոլել քաղաքական գործընթացները՝ կրելով մեծ փոփոխություններ նաև մեր օրերում: Աշխարհում ինքնիշխան պետությունների ձևավորման գործընթացն այժմ էլ շարունակվում է: 
Աղբյուրները
Գ. Ավագյան, Ռ. Մարգարյան, Աշխարհագրություն \(7\), Երևան, «Արևիկ»,\(1999\)
Ռ. Մարգարյան, Մ. Մանասյան, Գ. Հովհաննիսյան, Ա. Հովսեփյան, Աշխարհագրություն \(7\), Երևան, «Մանմար»,2013
https://www.youtube.com/watch?v=juLrpbL2ffU
http://www.encyclopedia.am/pages.php?bId=2&hId=966
http://www.encyclopedia.am