Կենդանական աշխարհը
Հայկական լեռնաշխարհի կենդանական աշխարհը բազմազան է։
 
Ուշադրություն
Ի տարբերություն հողերի և բուսական աշխարհի, կենդանիները՝ ունենալով ակտիվ շարժման միջոցներ, պակաս չափով են ենթարկվում վերընթաց գոտիականությանը և կարող են հանդիպել միաժամանակ մի քանի գոտիներում:
Ընտանի կենդանիներից տարածված են կովը, ոչխարը, այծը, ձին, գոմեշը, որոնք հազարամյակներ առաջ են ընտելացվել և մշտապես եղել են Հայկական լեռնաշխարհի բնիկների տնտեսության կարևոր բաղադրիչ: Վայրի կենդանիներից տարածված են աղվեսը, գայլը, արջը, նապաստակը, վարազը, եղջերուն, այծյամը, վայրի ոչխարը, հովազը: Հնում՝ լեռնաշխարհի հարավային շրջաններում, հանդիպել են նաև առյուծներ: Դա իր արտացոլումն է գտել «Սասնա ծռեր» էպոսում: Հայկական լեռնաշխարհում ամենուրեք ավանդաբար տարածված է մեղվապահությունը։
 
Թռչուններից հանդիպում են արծիվ, բազե, արագիլ, կաքավ, բադ, լոր և այլն։ Կարմիր գրքում գրանցված են մուֆլոնը և բեզոարյան այծը:
 
275px-Bezoarziege.jpg
Բեզոարյան այծ
Armenian2.jpg
Հայկական մուֆլոն
 
Հին և միջնադարյան Հայաստանի համար տնտեսական մեծ նշանակություն է ունեցել կենդանական աշխարհի փոքր մի ներկայացուցիչ՝ միջատ, որն ապրում էր Արարատյան դաշտի՝ Արաքսին հարող ճահճուտներում։ Այդ միջատից պատրաստում էին ներքին և արտաքին շուկայում մեծ համբավ ձեռք բերած հայկական չգունաթափվող վառ կարմիր ներկ՝ «որդան կարմիր»-ը։ Ներկայումս էլ ՀՀ տարածքում՝ Արարատյան դաշտում հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակով պահպանվել է այդ միջատի տարածման արեալը, որը միակն է աշխարհում։
Լանդշաֆտները
Բնական լանդշաֆտը աշխարհագրական համեմատաբար միասեռ տարածք է, որտեղ բնական միջավայրի հիմնական բաղադրիչները՝ ռելիեֆը, կլիման, ջրերը, հողերը, բուսական ու կենդանական աշխարհները, գտնվում են բարդ փոխազդեցության մեջ և կազմում են մեկ միասնական երկրահամակարգ։
Այդ փոխազդեցության շնորհիվ էլ բնական լանդշաֆտները հեշտությամբ տարբերվում են միմյանցից նունիսկ հեռվից դիտելիս (դժվար թե շփոթեք ճահիճն ու անտառը, կամ անապատն ու մարգագետինը և այլն): Միևնույն ժամանակ լանդշաֆտներն ամբողջացնում են Հայկական լեռնաշխարհի բնության առանձին բաղադրիչների վերաբերյալ մինչ այժմ ձեռք բերած գիտելիքները:
 
Տարբեր լանդշաֆտների առաջացման գլխավոր պատճառը ջերմության և խոնավության հարաբերակցությունն է (տես նկարը):
 
0-038.png
 
image423.jpg
 
Հողերը, բուսական և կենդանական աշխարհը Հայկական լեռնաշխարհում վերընթաց ուղղությամբ փոփոխվում են, արդյունքում փոփոխվում են նաև ամբողջ բնական համալիրները՝ լանդշաֆտները:
  
Հայկական լեռնաշխարհում ըստ բարձրության իրար են հաջորդում մերձարևադարձային, անապատային, կիսաանապատային, լեռնատափաստանային, լեռնանտառային, մերձալպյան, ալպյան և ձյունամերձ լանդշաֆտային գոտիները։
  
Ընդ որում, դրանց հերթափոխը Միջնաշխարհում և եզրային լեռների հատվածում որոշակիորեն տարբերվում է:
  
1231.png
 
12.png
 
 
Միջնաշխարհի ամենացածրադիր շրջաններից մինչև \(1000-1500\) մ բարձրությունները տարածվում է անապատային-կիսաանապատային գոտին, որտեղ շատ են աղասեր և ավազասեր բույսերը։ Դրանց հիմնական մասն ամռան սկզբին չորանում է։

Հայկական լեռնաշխարհում ամենատարածվածը տափաստանային գոտին է, որը զբաղեցնում է Միջնաշխարհի \(1200-2500\) մ բարձրությունները։ Այս գոտու կլիման Միջնաշխարհի հարավային և կենտրոնական մասերում չորային է: Այստեղ առավելապես գերիշխող է հացազգի տարախոտային բուսականությունը։ Դա պայմանավորված է չորային կլիմայով և մակերևութային շերտում տարածում ստացած հրաբխային ծակոտկեն ջրաթափանց ապարներով։

Լեռնաշխարհի եզրային լեռնաշղթաների հողմակողմ լանջերում տարածված է լեռնանտառային գոտին։ Արևելապոնտական լեռներում այս գոտու ցածրադիր մասերում գերիշխում են մշտադալար թփուտները, իսկ դրանից վեր ինչպես և լեռնաշխարհի եզրային լեռնաշղթաներում, ըստ բարձրության միմյանց հաջորդում են լայնատերև, խառը և փշատերև անտառները։
 
Անտառներից վեր գոտում, իսկ չորային հատվածներում՝ տափաստաններից բարձր գոտում տարածվում են մերձալպյան լանդշաֆտները, որոնք առանձնանում են փարթամ և բարձր խոտային բուսականությամբ:
 
DSC03548.JPG
 
Լեռնանտառային և մերձալպյան լանդշաֆտների համադրություն ՀՀ Լոռու մարզում:

Հայկական լեռնաշխարհի բարձրադիր մասերում (հյուսիսային մասում \(2100\) մ-ից, իսկ հարավայինում՝ \(2500\) մ-ից բարձր) հաջորդաբար տարածվում են ալպյան և ձյունամերձ լանդշաֆտային գոտիները։ Ալպյան գոտուն բնորոշ են բազմերանգ «ալպյան գորգերը»։
 
Ձյունամերձ գոտին տարածվում է հիմնականում բարձր լեռների կատարային մասերում։ Այստեղ, ստվերոտ, գոգավոր փոքր տեղամասերում ձյունը երբեմն պահպանվում է ամբողջ տարին։
Աղբյուրները
Մ․ Մանասյան, Ա․ Հովսեփյան, Հայաստանի աշխարհագրություն, Դասագիրք հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանի համար: Երևան «Տիգրան Մեծ» 2013, էջ 22-26
«Հայաստանի  Բնաշխարհ» հանրագիտարան, Երևան, 2006
Դպրոցական հանրագիտարան,  Երևան  2009
https://upload.wikimedia.org/wikipedia/commons/f/f6/Bezoarziege.jpg, F. Spangenberg (Der Irbis,), 2006 Der Irbis, CC BY-SA 3.0, https://commons.wikimedia.org/w/index.php?curid=813828
https://upload.wikimedia.org/wikipedia/commons/d/d5/Armenian2.jpg, Susan E Adams [CC BY-SA 2.0 (https://creativecommons.org/licenses/by-sa/2.0)], via Wikimedia Commons
http://www.seafriends.org.nz/enviro/soil/soil48.gif