![](https://www.imdproc.am/upload/yp2/nkar.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text11.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text12.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text13.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text0.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text21.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text22.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text23.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/logo.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/hamar.png)
Մարմինների էլեկտրականացումը: Երկու տեսակի լիցքեր
Օրինակ
Եթե քո պլաստմասե գրիչը շփես մազերիդ և մոտեցնես թղթի մանր կտորներին, ապա կտեսնես, որ թղթի կտորները կթռչեն դեպի գրիչը։ Նույն բանը կարելի է նկատել մորթով շփած ապակե ձողը խցանի մանր կտորներին մոտեցնելիս։
Լիցքավորված մարմինների փոխազդեցությունն անվանում են էլեկտրական փոխազդեցություն:
Եթե լիցքավորված ձողը մոտեցնեք ջրի բարակ շիթին, կարող ենք համոզվել, որ լիցքավորված մարմինը ձգում է նաև նրան։
Սաթը հույներն անվանում էին «էլեկտրոն»: Այստեղից էլ առաջացել է էլեկտրականություն բառը:
Լիցքավորված մարմինները կարող են ոչ միայն ձգել, այլ նաև`վանել միմյանց:
Օրինակ
Եթե բրդով շփած էբոնիտե ձողը մոտեցնենք թելից կախված գնդիկներին և լիցքավորենք դրանք՝ հպելով ձողը, կտեսնենք, որ գնդիկներն իրար վանում են: Նույն արդյունքը կստանանք, եթե գնդիկները լիցքավորենք մետաքսով շփած ապակե ձողով։ Երբ մեկ գնդիկին մոտեցնում են էբոնիտե, մյուսին՝ ապակե ձողը, ապա գնդիկները ձգում են միմյանց:
![1-06-w1889.png](https://resources.cdn.imdproc.am/fd7c20fa-b4d0-42eb-ae50-ff03f5c620ec/1-06-w1889-w600.png)
Ուշադրություն
Ընդունված է մետաքսով շփելիս ապակու վրա առաջացած լիցքն անվանել դրական (+), բրդով շփելիս էբոնիտի վրա առաջացած լիցքը` բացասական (–):
![^2BC6ECA0FB53B77050065F46BF9B6E07AC3ACD60D0CE9667EC^pimgpsh_fullsize_distr-w799.png](https://resources.cdn.imdproc.am/46d66a10-da3a-4250-9df7-a1ec7b0ea1b8/%5E2BC6ECA0FB53B77050065F46BF9B6E07AC3ACD60D0CE9667EC%5Epimgpsh_fullsize_distr-w799-w600.png)
Այսպիսով` բնության մեջ գոյություն ունեն երկու տեսակի լիցքեր:
Միևնույն նշանի լիցք ունեցող մարմիններն իրար վանում են, տարբեր նշանի լիցքեր ունեցող մարմինները` ձգում:
Շփելիս երկու մարմինն էլ էլեկտրականանում են. մի մարմինը ձեռք է բերում դրական լիցք, իսկ մյուսը` բացասական:
![0_771f3_22726755_L-iloveimg-cropped.gif](https://resources.cdn.imdproc.am/6d248f19-26f0-4fff-b034-608cd674c4eb/0_771f3_22726755_L-iloveimg-cropped.gif)
Ինչպես են լիցքավորվում մարմինները:
Հայտնի է, որ բոլոր նյութերի ատոմները կազմված են պրոտոններից, նեյտրոններից և էլեկտրոններից: Էլեկտրոնի լիցքը համարում են բացասական, իսկ պրոտոնինը` դրական: Սովորական վիճակում ատոմի ընդհանուր լիցքը զրո է, քանի որ պրոտոնների և էլեկտրոնների թիվը իրար հավասար է: Մարմինների շփման ընթացքում էլեկտրոնների մի մասը մի մարմնից անցնում է մյուսին: Մարմինը, որին անցել են լրացուցիչ էլեկտրոններ, լիցքավորվում է բացասական լիցքով, իսկ էլեկտրոններ կորցրած մարմինը` դրական լիցքով:
![1.gif](https://resources.cdn.imdproc.am/860fba7b-663a-46dc-991d-ffdc55e5ba22/1.gif)
![2.png](https://resources.cdn.imdproc.am/3007e519-b3d5-43ec-8868-8c8196d96b6b/2-w222.png)
Մարմինների էլեկտրականացված լինելը պարզում են էլեկտրացույցի միջոցով:
Էլեկտրացույցը ունի պարզ կառուցվածք. այն կազմված է մետաղե ձողից և նրան փակցված մետաղե թերթիկներից։ Երբ էլեկտրականացած մարմինը հպում են ձողին, լիցքերը ձողով հաղորդվում են թերթիկներին, որոնք, նույնանուն լիցքերով լիցքավորվելով, վանվում և հեռանում են միմյանցից:
![cc9b283aa9dc.gif](https://resources.cdn.imdproc.am/e0fae135-fa8e-4e16-9c13-9f006f3c0e68/cc9b283aa9dc.gif)
Աղբյուրները
1. Բնագիտություն -6: Հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք / Է. Ղազարյան, Ա. Թռչունյան, Գ. Մելիքյան, Հ.Խաչատրյան.–Եր.: Աստղիկ գրատուն, 2013թ.
2. Բնագիտություն- 6: Հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք/ Գ .Պետրոսյան, Լ. Գրիգորյան, Ա. Կարապետյան,Գ.Ալեքսանյան, Երևան -2013, ԶԱՆԳԱԿ հրատարակչություն