![](https://www.imdproc.am/upload/yp2/nkar.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text11.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text12.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text13.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text0.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text21.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text22.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text23.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/logo.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/hamar.png)
Մագնիսական դաշտի ազդեցությունը շարժվող լիցքի վրա: Լորենցի ուժ:
Մագնիսական դաշտ ստեղծում են շարժվող լիցքակիրները, անշարժ լիցքակիրները մագնիսական դաշտ չեն ստեղծում:
Նույն կերպ մագնիսական դաշտն ազդում է միայն շարժվող լիցքակիրների վրա, իսկ անշարժ լիցքակիրների վրա այն ոչ մի ազդեցություն չի ունենում:
Այն ուժը, որով մագնիսական դաշտն ազդում է շարժվող լիցքի վրա, անվանում են Լորենցի ուժ:
![hendrik-antoon-lorentz.jpg](https://resources.cdn.imdproc.am/26d7927a-eef6-4db9-a270-38b4d1551617/hendrik-antoon-lorentz.jpg)
Հոլանդացի ֆիզիկոս Հենդրիկ Լորենցը ցույց է տվել, որ այդ ուժը միշտ ուղղահայաց է մագնիսական գծերին և մասնիկի շարժման ուղղությանը:
Լորենցի ուժի ուղղությունը կարելի է որոշել ձախ ձեռքի կանոնով:
Եթե ձախ ձեռքը պահենք այնպես, որ պարզած չորս մատերն ուղղված լինեն լիցքակրի շարժման ուղղությամբ, իսկ մագնիսական գծերը մտնեն ափի մեջ, ապա \(90\)°-ով բացված բութ մատը ցույց կտա դրական լիցքի վրա ազդող Լորենցի ուժի ուղղությունը: Եթե մասնիկի լիցքը բացասական է, ապա Լորենցի ուժը կունենա հակառակ ուղղությունը:
![37.jpg](https://resources.cdn.imdproc.am/283e5f4c-79ec-42aa-aa6e-b40405d1cd6b/37.jpg)
Լորենցի ուժը կախված է մագնիսական դաշտի, մասնիկի լիցքի և նրա շարժման արագության մեծությունից, ինչպես նաև մագնիսական գծերի հետ նրա շարժման ուղղության կազմած անկյունից: Լորենցի ուժը առավելագույնն է, երբ մասնիկի արագությունը ուղղահայաց է մագնիսական գծերին, և զրո է, երբ մասնիկը շարժվում է մագնիսական գծերին զուգահեռ:
Լորենցի ուժը միշտ ուղղահայաց է մասնիկի շարժման ուղղությանը, և այդ ուժի կատարած աշխատանքը \(0\) է: Հետևաբար Լորենցի ուժը չի կարող արագացնել կամ դանդաղեցնել մասնիկի շարժումը: Այն միայն փոխում է մասնիկի շարժման ուղղությունը՝ ստիպելով նրան շարժվել շրջանագծով:
Լորենցի ուժը ունի բազմաթիվ կիրառություններ. նրա շնորհիվ են աշխատում արագացուցիչ կոչվող սարքերը: Արագացուցիչում լիցքավորված մասնիկները՝ էլեկտրոնները, պրոտոնները պտտեցվում են և հասցվում մինչև շատ մեծ արագությունների:
Լիցքավորված մասնիկների վրա ազդող Լորենցի ուժի ազդեցությամբ է բացատրվում բնության ամենագեղեցիկ երևույթներից մեկը՝ հյուսիսափայլը:
![artleo.com-63634.jpg](https://resources.cdn.imdproc.am/b8411575-4181-433d-bce1-6a07756fb614/artleo.com-63634.jpg)
Մագնիսական դաշտի ազդեցությունը հոսանքակիր հաղորդչի վրա: Ամպերի ուժ:
Մագնիսական դաշտը հոսանքակիր հաղորդչի վրա ազդում է որոշակի ուժով, որը ֆրանսիացի ֆիզիկոս Անրի Ամպերի պատվին անվանում են Ամպերի ուժ: ![ampere-andre-marie.jpg](https://resources.cdn.imdproc.am/72e5799a-d3a9-40c3-980c-9d98f6a8de31/ampere-andre-marie.jpg)
Փորձերը ցույց են տալիս, որ հոսանքակիր հաղորդչի վրա ազդող Ամպերի ուժը միշտ ուղղահայաց է ինչպես հաղորդչին, այնպես էլ մագնիսական գծերին:
Ամպերի ուժի ուղղությունը որոշելու համար օգտվում են ձախ ձեռքի կանոնից:
![lev.jpg](https://resources.cdn.imdproc.am/c03450a8-eb27-4b52-8443-aef79b9b0103/lev.jpg)
Եթե ձախ ձեռքը պահենք այնպես, որ պարզած չորս մատերն ուղղված լինեն հոսանքի ուղղությամբ, իսկ մագնիսական գծերը մտնեն ափի մեջ,ապա \(90\)°-ով բացված բութ մատը ցույց կտա Ամպերի ուժի ուղղությունը:
![lev.jpg](https://resources.cdn.imdproc.am/c03450a8-eb27-4b52-8443-aef79b9b0103/lev.jpg)
Ամպերի ուժը կախված է մագնիսական դաշտի և հաղորդիչով անցնող հոսանքի ուժի մեծությունից, ինչպես նաև հաղորդիչի երկարությունից ու մագնիսական գծերի հետ նրա կազմած անկյան մեծությունից:
Ամպերի ուժը առավելագույնն է, երբ հաղորդիչն ուղղահայաց է մագնիսական գծերին և զրո է, երբ հաղորդիչը զուգահեռ է մագնիսական գծերին:
Գոյություն ունի կապ Ամպերի և Լորենցի ուժերի միջև: Քանի որ հոսանքը լիցքակիրների ուղղորդված շարժում է, ապա Ամպերի ուժը հավասար է առանձին լիցքակիրների վրա ազդող Լորենցի ուժերի գումարին:
Աղբյուրները
Ֆիզիկա և աստղագիտություն 9; Է. Ղազարյան, Ա. Կիրակոսյան, Գ. Մելիքյան, Ռ. Թոսունյան, Ս. Մաիլյան, Ս. Ներսիսյան; Երևան 2009թ
Ֆիզիկա 9; Ս. Գրոմով, Ն. Ռոդինա, խմբագրությամբ Ա. Մամյանի,; Երևան 2015թ.
Ֆիզիկա 9; Ս. Գրոմով, Ն. Ռոդինա, խմբագրությամբ Ա. Մամյանի,; Երևան 2015թ.