ՀԱՐՍՏԱՑՐՈՒ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻԴ ՊԱՇԱՐԸ
Ակտիվացրու «Իմ+»-ը գերազանց գնահատականներ ստանալու համար
Ստեղծեք Ձեր ուսումնական ծրագիրը «ԻմԴպրոց» կայքում
Ստացեք հաշվետվություն Ձեր ուսումնական ծրագիր արդյունավետության վերաբերյալ
Օգտագործեք Ձեր առաջադրանքները ստուգողական աշխատանքներում

Տեսություն

Գոյականները կարող են ցույց տալ մեկ առարկա կամ մեկից ավելի միատեսակ առարկաներ: Ըստ դրա՝ գոյականները լինում են եզակի և հոգնակի: Դա գոյականի թիվն է:
Գոյականի թիվը  ցույց է տալիս առարկաների քանակ:
Եզակին ցույց է տալիս մեկ առարկա, oրինակ՝ գիրք, լիճ, աղջիկ
Հոգնակին ցույց է տալիս մեկից ավելի միատեսակ առարկաներ, oրինակ՝ թռչուններ, աթոռներ, տղաներ, տներ:
Գոյականի հոգնակի թիվը կազմվում է եր կամ ներ վերջավորություններով:
Եր  վերջավորություն ստանում են միավանկ բառերը, oրինակ՝  տուն-տներ
  
Ներ վերջավորություն ստանում են բազմավանկ բառերը, oրինակ՝ քաղաք-քաղաքներ:
  
Ն -ով վերջացող բազմավանկ բառերը հոգնակիում ունենում են կրկնակի ն, ինչպես՝ սեղան-սեղաններ:
  
Ուշադրություն
Ֆիդայի բառը վերջում ն չունի, իսկ պատճեն բառը ունի:
Սա կանոնն է, բայց կան այս կանոնից շեղումներ:
 
1. Որոշ միավանկ բառեր ստանում են ներ վերջավորություն: Դրանք այն բառերն են, որոնք գրաբարում՝ հին հայերենում, վերջացել են ն -ով:
 
Այդ բառերն են՝  բեռ, գառ, դուռ, եզ, թոռ, լեռ, ծոռ, ծունկ, ձուկ, մուկ, նուռ, մատ, հարս:
 
Դրանք գրաբարում ունեցել են այսպիսի տեսք՝ բեռն, լեռն, դուռն: Հոգնակին կազմելիս այդ բառերը վերականգնում են գրաբարյան ն -ն: Այդ ն -ն վերականգնվում է նաև բառակազմության մեջ, ինչպես՝ բեռնատար, լեռնային, դռնապան:
  
Ռուս բառը չի պատկանում այս բառերի շարքին, սակայն, թեև միավանկ է, բայց ստանում է ներ վերջավորություն: Սա բացառություն է:
 
2. Սրան հակառակ՝ որոշ բազմավանկ բառեր էլ ստանում են եր վերջավորություն: Դա լինում է այն դեպքում, երբ բառը բարդ է, և նրա վերջին բաղադրիչը միավանկ է:   
Օրինակ
Ջրափոս բառի վերջին բաղադրիչն է փոս, որը միավանկ է: Այդ պատճառով էլ ջրափոս բառի հոգնակին լինում է ոչ թե ջրափոսներ, ինչպես հատուկ է բազմավանկ բառերին, այլ ջրափոսեր:
 Վերջում միավանկ բաղադրիչ ունեցող բառերի հոգնակին, սակայն, միշտ չէ, որ կազմվում է եր -ով: Պետք է նկատի ունենալ հետևյալ կանոնը. եթե այդ միավանկ բաղադրիչը պահպանում է իր իմաստը, ինչպես մեր օրինակում՝ ջրափոս  նշանակում է ջրի փոս, ապա հոգնակին կազմվում է եր -ով:
 
Բայց կան բառեր, որոնց իմաստը, երբ փորձում ենք արտահայտել բառակապակցությամբ, վերջին  միավանկ բաղադրիչը ավելի լայն իմաստ է արտահայտում, օրինակ՝ ժամացույց նշանակում է ոչ թե ժամի ցույց, այլ ժամ ցույց տվող: Այս դեպքերում հոգնակին կազմվում է ներ վերջավորությամբ՝ ժամացույցներ:
 
Որոշ դեպքերում էլ բառի իմաստը իր բաղադրիչների իմաստների գումարը չէ, այլ նշանակում է մի այլ բան, ինչպես՝ նրբանցք  նշանակում է ոչ թե նուրբ անցք, այլ նեղ փողոց, այդ պատճառով էլ հոգնակին կազմվում է ներ-ով՝ նրբանցքներ:
 
3. Հայերենում կան նաև մեկուկեսվանկանի բառեր, այսինքն այնպիսի բառեր, որոնց երկու վանկերից մեկը՝ երկրորդը, գաղտնավանկ է, ինչպես՝ արկ/ը/ղ: Այս բառերի հոգնակին միավանկ բառերի նման կազմվում է եր-ով. այսպես՝ ոչ թե արկղներ, այլ արկղեր:
 
Սա չի վերաբերում այն բառերին, որոնցում գաղտնավանկը առաջին վանկն է, ինչպես՝ բ/ը/ժիշկ Այս բառերի հոգնակին սովորական բազմավանկ բառերի նման կազմվում է ներ -ով՝ բժիշկներ:
  
Կան այնպիսի մեկուկեսվանկանի բառեր, որոնք սկսվում են սպ, սկ, շտ, սկ հնչյունակապակցություններով: Այս բառերում գաղտնավանկի ը -ն բառասկզբում է՝  /ը/սպա:
Սրանց հոգնակին նույնպես կազմվում է ներ -ով՝ սպաներ
  
Կան բառեր, որոնցում եր-ը արմատի մասն է, oրինակ՝ սուսեր: Դրանք հոգնակի թվով չեն, քանի որ չեն կարող այդ եր-ը կորցնել: 
 
Հայերենում կան բառեր, որոնց հոգնակին կազմվում է այլ վերջավորություններով (այլաձև հոգնակի): Դրանք են մարդ և կին բառերը, որոնց հոգնակին լինում է մարդիկ, կանայք, ինչպես նաև՝ տիկնայք, պարոնայք, անձինք: Իկ -ով է կազմվում նաև այնպիսի բառերի հոգնակին, որոնք վերջում ունեն մարդ  բաղադրիչը, ինչպես՝ նախամարդ-նախամարդիկ:
 
Տիկին, պարոն և անձ  բառերի հոգնակին կազմվում է երկու ձևով, oրինակ՝ տիկնայք և տիկիններ, պարոնայք և պարոններ, անձինք և անձեր:
 Հոգնակիի այլ վերջավորություններ չկան. մասնավորապես՝ ք -ն ածանց է, ոչ թե հոգնակիի վերջավորություն, oրինակ՝ բերք
Ոչ բոլոր բառերը ունեն և՛ եզակի, և՛ հոգնակի թիվ:
Որոշ բառեր, հիմնականում օտար աշխարհագրական անունները միայն հոգնակի են, oրինակ՝ Ալպեր, Ֆիլիպիններ:
Սրանք կոչվում են անեզական, այսինքն՝ եզակի թիվ չունեցող բառեր:
Որոշ բառեր էլ, հակառակը, հոգնակի թիվ չեն ստանում, ինչպես՝
  • զգացական իմաստ ունեցող որոշ գոյականներ, oրինակ՝ թախիծ, կամք,
  • ություն, եղեն  ածանցներով որոշ գոյականներ՝ զարդեղեն, աշակերտություն,
  • որոշ այլ բառեր՝ ֆիզիկա, դարվինիզմ:
Սրանք կոչվում են անհոգնական գոյականներ: 
Հոգնակի թիվ չունեն նաև հատուկ անունները իրենց հատկանշական գործածության մեջ: Բացառություն են կազմում որոշ մասնակի դեպքեր հիմնականում խոսակցական լեզվում կամ փոխաբերական գործածության դեպքում: Օրինակ՝ Մեր դասարանի Արմենները եկան: Հայ ժողովուրդը ունեցել է և՛ վասակներ, և՛վարդաններ: Վերջին օրինակում անունները վերաիմաստավորված են և փոխաբերաբար նշանակում են դավաճաններ և հերոսներ, այդ պատճառով էլ գրվում են փոքրատառով:
 
Հոգնակիի կազմման ժամանակ կարող է տեղի ունենալ վերջին վանկի ձայնավորի հնչյունափոխություն: Առավել հաճախ հնչյունափոխվում են  ի, ու, ը  ձայնավորները: Ի -ն հաճախ դառնում է ը, փակ վանկի  ու-ն դառնում է ը,  բաց վանկի ու -ն՝ ը, վ -ն սղվում է՝ տուն-տներ, միրգ-մրգեր, աստղ-աստղեր: