Նկարելու համար սովորաբար մատիտներ, ռետին, ներկեր ու վրձին են օգտագործում։ Ծանոթանանք Paint -ի նկարելու Մատիտ, Վրձին և Ներկալցում գործիքներին։ Նկարչության գործիքներով նկարելու համար օգտվում են մկնիկից։ Եթե նկարում ենք մկնիկի ձախ սեղմակը սեղմած վիճակում, ապա նկարելու գործընթացն իրականացվում է հիմնական գույնով, իսկ աջ սեղմակով նկարելու դեպքում՝ ֆոնի գույնով:

Այսպիսով՝ նկարչության գործիքներով նկարելիս պետք է սեղմած պահել մկնիկի ձախ կամ աջ սեղմակներից անհրաժեշտը, իսկ նկարելն ավարտելուց հետո՝ բաց թողնել։
 
Մատիտ (matit.png) գործիքով կարելի է էկրանին նկարել այնպես, ինչպես սովորական մատիտով՝ թղթի վրա։
 
Մատիտով նկարելու համար անհրաժեշտ է.
  • Home ներդիրի Tools խմբից ընտրել matit.png գործիքը,
  • մկնիկի ցուցիչը տեղադրել աշխատանքային տիրույթի անհրաժեշտ մասում,
  • մկնիկի ձախ (կամ աջ) սեղմակը սեղմած պահելով՝ նկարել։

Ներկալցում (nerkalcum.png) գործիքը նախատեսված է փակ եզրագիծ ունեցող տարածքի ներսը նախապես ընտրված գույնով ներկելու համար։
 
 
Այս գործիքից օգտվելու համար անհրաժեշտ է.
  • Home ներդիրի Tools խմբից ընտրել  nerkalcum.png  գործիքը,
  • մկնիկի ցուցիչը տեղադրել փակ տիրույթի ներսում,
  • մկնիկի ձախ (կամ աջ) սեղմակով ներկել ընտրված տիրույթը։
Այս գործընթացն իրականացնելիս պետք է զգույշ լինել, քանի որ, եթե ներկալցվող տիրույթի եզրագիծը որևէ կետում խզում (անցք) ունենա, ապա ներկը տիրույթից կարտահոսի դուրս և կլցնի էկրանի բաց տեղամասերը։
Paint-ի միջավայրում Վրձին (vrcin.png)  գործիքը վահանակ է բացում, որտեղ տարբեր ձևի վրձիններ կան։
 
Վրձինով աշխատելու համար անհրաժեշտ է.
  • Home ներդիրի Tools խմբից ընտրել Վրձին (vrcin.png) գործիքը,
  • բացված վահանակից վրձնի հնարավոր ձևերից ընտրել անհրաժեշտը,
  • Size դաշտում ընտրել վրձնի չափը,
  • մկնիկի ցուցիչը տեղադրել աշխատանքային տիրույթի համապատասխան մասում,
  • մկնիկի ձախ կամ աջ սեղմակը սեղմած վիճակում մկնիկը տեղաշարժելով՝ նկարել։
Brushes վահանակի Ցնցուղ (cncux.png) գործիքը հնարավորություն է տալիս ներկի շիթեր «ցայտեցնել»։ Դրանից օգտվելու համար անհրաժեշտ է.
  • Brushes վահանակից ընտրել Ցնցուղ (cncux.png) գործիքը,
  • մկնիկի ցուցիչը տեղադրել աշխատանքային տիրույթի համապատասխան մասում,
  • մկնիկի ձախ կամ աջ սեղմակը սեղմելով՝ շիթը ցայտեցնել։
Ցնցուղ գործիքով նկարելիս ներկանյութի խտությունը կախված է մկնիկի շարժման արագությունից՝ մկնիկը որքան դանդաղ տեղաշարժվի, շիթն այնքան ավելի «խիտ» կստացվի։ Ցնցուղով նկարելիս նույնպես կարելի է Size դաշտում շիթի մեծությունը ընտրել։
 
 
Մկնիկի որևէ սեղմակով՝ Մատիտ, Վրձին, Ցնցուղ, Ներկալցում գործիքներով նկարելիս, եթե սեղմվի նաև մյուս սեղմակը, ապա նկարածը կջնջվի։
 
Գույնի որոշում (guynivoroshum.png)  գործիքը հնարավորություն է տալիս որոշել նկարի անհրաժեշտ կետի գույնն ու այն որպես հիմնական կամ ֆոնի գույն սահմանել։
Դրա համար անհրաժեշտ է ընտրել համապատասխան գործիքը, մկնիկի ցուցիչը տեղադրել նկարի անհրաժեշտ մասում, ընտրված գույնը հիմնական դարձնելու համար սեղմել մկնիկի ձախ սեղմակը, իսկ որպես ֆոնի գույն դարձնելու համար՝ աջ սեղմակը։
Աղբյուրները
Ս. Ս. Ավետիսյան, Ս. Վ. Դանիելյան,  Ինֆորմատիկա 6-րդ դասարան, Երևան 2011