ՀԱՐՍՏԱՑՐՈՒ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻԴ ՊԱՇԱՐԸ
Ակտիվացրու «Իմ+»-ը գերազանց գնահատականներ ստանալու համար
Ստեղծեք Ձեր ուսումնական ծրագիրը «ԻմԴպրոց» կայքում
Ստացեք հաշվետվություն Ձեր ուսումնական ծրագիր արդյունավետության վերաբերյալ
Օգտագործեք Ձեր առաջադրանքները ստուգողական աշխատանքներում

Տեսություն

Նախապես ասենք, որ տվյալների հենքը բացարձակապես ոչ մի տվյալ չպարունակելու (դատարկ հենք) դեպքում անգամ տվյալների լիարժեք հենք է: Այս փաստը մեթոդական նշանակություն ունի, քանի որ դատարկ հենքն էլ է ինֆորմացիա պարունակում. դա հենքի կառուցվածքն է, որն էլ որոշում է հենքի մեջ տվյալների անցկացման ու պահպանման մեթոդները:

Արդեն գիտեք, որ տվյալների հենքերը լինում են ոչ միայն համակարգչային: Ոչ համակարգչային տվյալների հենքի պարզագույն օրինակ է աշակերտական օրագիրը, որը բաժանված է մասերի` ըստ շաբաթվա աշխատանքային օրերի, իսկ յուրաքանչյուր նման օր էլ` դասաժամերի: Եթե օրագիրը նույնիսկ լրացված չէ` այն չի դադարում օրագիր լինելուց, քանի որ հատուկ կազմություն ունի, որով էլ տարբերվում է այլ տիպի ցանկացած նոթատետրից:

Տվյալների հենքերը կարող են տարբեր տվյալներ (օբյեկտներ) պարունակել, սակայն առաջ անցնելով ասենք, որ տվյալների ցանկացած հենքի հիմնական օբյեկտը աղյուսակն է: Տվյալների ամենապարզագույն հենքն անգամ գոնե մեկ աղյուսակ է պարունակում: Համապատասխանաբար, տվյալների պարզագույն հենքի կառուցվածքը միարժեքորեն տրվում է աղյուսակի կառուցվածքով:

Գիտենք, որ երկչափ աղյուսակի կառուցվածքը կազմվում է սյուներով ու տողերով: Տվյալների պարզագույն հենքի մեջ դրանց նմանակները հանդիսանում են դաշտերն ու գրառումները:

Աղյուսակի մեջ դաշտերն ու գրառումները կազմավորվում են համապատասխանաբար հորիզոնական և ուղղաձիգ գծերի միջոցով: Արդյունքում աղյուսակի այս ձևով կազմավորված վանդակներն անվանում են բջիջներ:

Եթե աղյուսակում դեռևս գրառումներ չկան, ապա նշանակում է, որ այն բաղկացած է միայն դաշտերից: Հենքային աղյուսակում փոխելով դաշտերի բաղադրությունները կամ հատկանիշները` մենք այսպիսով փոխում ենք տվյալների հենքի կառուցվածքը և, ի վերջո, ստանում տվյալների մի նոր հենք:
 
1.JPG
 
Տվյալների հենքի պարզագույն աղյուսակ
 
Յուրաքանչյուր դաշտ նախատեսված է կոնկրետ օբյեկտ բնութագրող որևէ պարամետրի առկա արժեքները պահպանելու համար: Յուրաքանչյուր նոր արժեք նկարագրվող օբյեկտն այլ օբյեկտներից զանազանող ցուցանիշ է հանդիսանում: Օրինակ, եթե մենք տալիս ենք մարդու արտաքին նկարագիրը, աչքի գույնը դաշտը կարող է պարունակել «սև», «կապույտ», «խաժ», «կանաչ» և այլն արժեքներ: Իսկ եթե որևէ դաշտ արտացոլում է այնպիսի պարամետր, ինչպիսին մարդու քաշն է, ապա կարող է պարունակել միայն թվային արժեքներ` օրինակ 4\(0, 45, 52\) և այլն:

Միևնույն դաշտը չի կարող մի քանի պարամետր նկարագրել: Օրինակ, եթե մարդուն նկարագրող մի դաշտի մեջ գրանցենք թե՛ աչքի գույնը, թե՛ քաշն ու հասակը, ապա առաջին հայացքից կթվա, թե ամեն ինչ կարգին է, քանի որ պահանջվող բոլոր տվյալներն առկա են: Սակայն այդ տվյալներից օգտվողի համար դժվար կլիներ հաշվել, թե քանի՞ կապույտ աչքերով մարդ կա ցուցակում, կամ որոշել, թե ո՞վ է եղածներից ամենագերը: Այսինքն` տվյալների հենքերում նկարագրվող օբյեկտի յուրաքանչյուր պարամետրի համար գործնականում առանձին դաշտ է հատկացվում: Ընդ որում` պետք է ձգտել, որ տվյալ դաշտում տեղաբաշխվելիք ինֆորմացիան լինի նվազագույնը: Այսպես, օրինակ, եթե մատյանում աշակերտին նկարագրող պարամետրերից մեկը «Հասցե»-ն է, ապա տվյալների հենքում դրան համապատասխան նույնպես կարելի է «Հասցե» դաշտ ունենալ: Այս դաշտը պետք է պարունակի դասարանի յուրաքանչյուր աշակերտի լրիվ հասցեն: Սակայն հավաքված տվյալների մշակումը շատ ավելի արդյունավետ կընթանա, եթե այդ դաշտը հենքում ներկայացվի առավել «մանր»` «Քաղաք (գյուղ)», «Փողոց», «Շենք», «Բնակարան» դաշտերով: Տվյալների հենքում հասցեի նման նկարագրությունը կօգնի, օրինակ, հեշտությամբ որոշել միևնույն փողոցում ապրողներին:
Դաշտը տվյալների հենքի պարզագույն օբյեկտն է, որը նախատեսված է նկարագրվող օբյեկտի կամ գործընթացի պարամետրերի պահպանման համար:
Որպեսզի դաշտերը միևնույն օբյեկտին վերաբերող ինֆորմացիա արտացոլեն, անհրաժեշտ է դրանք ինչ-որ կերպ կապակցել:
Գրառումը օբյեկտը կամ օբյեկտների դասը նկարագրող բնութագրիչ հատկանիշների տրամաբանորեն կապված դաշտերի համախումբն է:
Գրառման արժեքները արտացոլում են կոնկրետ օբյեկտի հատկանիշները: Ենթադրենք, դաշտերի այսպիսի հավաքածու ունենք` «Անուն», «Անվանում»,
«Ազգանուն», «Տերևների ձև», «Առաջադիմություն», «Թերթիկների գույն»: Դժվար է որևէ օբյեկտ պատկերացնել, որը կբնութագրվեր թվարկված բոլոր դաշտերի միջոցով: Սակայն ելնելով դաշտերի անվանումներից` դրանք կարելի է բաժանել իրար կապակցվող այսպիսի գրառումների. «Անուն», «Ազգանուն» ու «Առաջադիմություն» և «Անվանում», «Տերևների գույն» ու «Թերթիկների գույն»: Առաջինը կբնութագրեր, ասենք, աշակերտին, իսկ երկրորդը` որևէ բույս:

Տվյալների հենքի մեջ սովորաբար ոչ թե մեկ, այլ բազմաթիվ օբյեկտներ են նկարագրվում: Այդ պատճառով տվյալների հենքերը նույն կառուցվածքով բազմաթիվ գրառումներ են պարունակում: Կոնկրետ օբյեկտին վերաբերող գրառումն անվանում են նմուշ կամ օրինակ:

Հետագայում պարզության նկատառումներով մենք գրառում կանվանենք գրառման ցանկացած նմուշը:
 
Ուշադրություն
Տվյալների հենքեր ներկայացնող ֆայլերի կարևորությունը պահանջում է դրանք պահպանելու նպատակով անվտանգության այլ նորմեր կիրառել: Արտաքին կրիչների վրա նման ֆայլերի պահպանումն իրականացվում է կրկնակի անգամ` թե՛ օպերացիոն համակարգի, և թե՛ այլ միջոցների կիրառմամբ: