Ծածկասերմ բույսերի բազմացումը
Ինչպես արդեն գիտեք, ծածկասերմ կամ ծաղկավոր բույսերը հանդիսանում են երկրագնդի վրա առկա ժամանակակից կատարյալ բուսատեսակները: Ծաղկավոր բույսերի կատարելագործման, տարածման և գերակշռության ձեռք բերման գործում կարևոր դեր է ունեցել բազմացման ձևերի զարգացումը:
 
 1097034.jpg
 
Ծաղկավոր բույսերը բազմանում են և՛ անսեռ ճանապարհով, և՛ սեռական եղանակով:
Ծաղկավոր բույսերի անսեռ բազմացման ձևը կոչվում է վեգետատիվ բազմացում:
Վեգետատիվ բազմացումը իրականանում է վեգետատիվ համակարգի օրգանների՝ արմատի, տերևի, ցողունային կտրոնների միջոցով:
Ծաղկավոր բույսերի սեռական բազմացումը իրականացվում է սեռական օրգանների՝ ծաղիկների միջոցով:
Ծաղիկն իրենից ներկայացնում է ձևափոխված և կարճացած ընձյուղ, որից ձևավորվում է ապագա սերմն ու պտուղը:
49.jpg
 
Ծաղիկները չափազանց բազմազան են իրենց չափերով, ձևերով, գույներով, սակայն բոլորն էլ ունեն կառուցվածքի միասնական հատկանիշներ:
Ծաղիկը զարգանում է ծաղկակոթի վրա և լայնանում է ծաղկակալում, որն իր վրա կրում է ծաղկի մնացած մասերը:
 
Մանր կանաչ տերևներից՝ բաժակաթերթիկներից, ձևավորվում է բաժակը, իսկ վառ և գունավոր պսակաթերթիկներից՝ պսակը:
Բաժակը և պսակը միասին կազմում են ծաղկապատյանը, որը վնասվածքներից պաշտպանում է ծաղիկը և գրավում կենդանիներին:
honeybee-pink-flower.ngsversion.1473419912581.jpg
 
Որոշ ծաղիկներ ծաղկապատյանի հիմքում ունեն նեկտարանոցներ, որոնց արտադրած նեկտարը սնունդ է հանդիսանում միջատների և թռչունների համար: Հետևաբար սնվելով ծաղկի նեկտարով կենդանիները իրականացնում են փոշոտում:
 
Ծաղկին բնորոշ է արական օրգան՝ առէջ՝ կազմված առէջաթելից և փոշեպարկից: Փոշեպարկում զարգանում են բազմաթիվ փոշեհատիկները, որոնց ամբողջությունը առաջացնում է ծաղկափոշի: Դրանցից յուրաքանչյուրը կրում է երկու ♂ գամետ և մեկ վեգետատիվ բջիջ  
 
th.jpg
 
Ծաղկին բնորոշ է իգական օրգան՝ վարսանդ՝ կազմված սպիից, սռնակից և սերմնարանից: Սերմնարանում գտնվում են սերմնասկզբնակները, որոնցից յուրաքանչյուրը կրում է մեկ ♀ գամետ՝ ձվաբջիջ և մեկ կենտրոնական բջիջ
 
1-17.png
 
Ծաղիկները կարող են լինել միասեռ, երկսեռ և անսեռ.
  • Միասեռ ծաղիկներն ունեն կա՛մ առէջներ, կա՛մ վարսանդ:
  • Երկսեռ ծաղիկներն ունեն և՛ առէջներ, և՛ վարսանդ:
  • Անսեռ ծաղիկները չունեն ո՛չ առէջներ, ո՛չ վարսանդ:
Ինչպես արդեն գիտեք, սեռական բազմացման հիմքում ընկած է բեղմնավորումը՝ ♀ և ♂ սեռական բջիջների կամ գամետների միաձուլումը:
 
Ուշադրություն
Գամետների միաձուլումից առաջանում է զիգոտ, որը սկզբնավորում է ապագա օրգանիզմի սաղմը
Հետևաբար, որպեսզի ծաղկավոր բույսերը բեղմնավորվեն, անհրաժեշտ է, որպեսզի կատարվի փոշոտում:
Փոշոտումը արական փոշեհատիկի տեղափոխությունն է իգական վարսանդի սպիի վրա:
Գոյություն ունի երկու տիպի փոշոտում՝ խաչաձև փոշոտում և ինքնափոշոտում:
  
Խաչաձև փոշոտում - փոշեհատիկը մի ծաղկից տեղափոխվում է մեկ այլ ծաղկի վարսանդի վրա: Իրականացվում է քամու կամ կենդանիների՝ միջատների, թռչունների և այլնի օգնությամբ:
  
Ինքնափոշոտում - փոշեհատիկը նույն ծաղկի առէջից տեղափոխվում է նույն ծաղկի վարսանդի վրա: Հետևաբար ինքնափոշոտվում են միայն երկսեռ ծաղիկները:
 
3.png 
 
Ուշադրություն
Փոշոտման ձևից, փոշոտող օրգանիզմի տեսակից կախված ծաղիկները ունեն տարբեր գունավորում, տարբեր ձև, չափս, դիրքավորում և այլն:
4.png
 
Փոշոտման սկզբում փոշեհատիկն ընկնում է վարսանդի սպիի վրա: Փոշեհատիկի վեգետատիվ բջջից առաջանում է խողովակ, որը հասնում է սերմնարանին: Արական գամետները՝ սպերմիաները, խողովակով հասնում են սերմնաբողբոջին: Սպերմիաներից մեկը բեղմնավորում է ձվաբջիջը և առաջանում է զիգոտ, իսկ մյուսը միաձուլվում է կենտրոնական բջջի հետ և սկզբնավորում սերմի էնդոսպերմը: Բեղմնավորման այս ձևը կոչվում է կրկնակի բեղմնավորում:
Կրկնակի բեղմնավորումը ծաղկավոր բույսերի հիմնական առանձնահատուկ հատկանիշն է, որը ապահովել է նրանց կայուն զարգացումը երկրագնդի վրա:
Բեղմավորումից հետո սերմնաբողբոջից առաջանում է սերմը, իսկ վարսանդի սերմնարանից՝ պտուղը:
Աղբյուրները
Կենսաբանություն. Կենդանի օրգանիզմների բազմազանությունը. 7-րդ դասարանի դասագիրք/ Տ.Վ. Թանգամյան, Ս. Հ. Սիսակյան -Եր.: Տիգրան Մեծ, 2013, էջ 45-46
Կենսաբանություն. Կենդանի օրգանիզմների բազմազանությունը. 7-րդ դասարանի դասագիրք/ Է.Ս. Գևորգյան, Ֆ.Դ. Դանիելյան, Ա.Հ. Եսայան- Եր.: Աստղիկ գրատուն, 2013, էջ 60-62
http://sad4-karpinsk.ru/800/600/http/fb.ru/misc/i/gallery/39419/1097034.jpg
https://vahemusayelyan1.files.wordpress.com/2018/03/d5a4d5bdd5b8d5a4d5bd.png?w=676
https://kids.nationalgeographic.com/content/dam/kids/photos/animals/Bugs/H-P/honeybee-pink-flower.ngsversion.1473419912581.adapt.1900.1.jpg
https://image.slidesharecdn.com/random-151017073128-lva1-app6892/95/-30-638.jpg?cb=1445067185
https://image.shutterstock.com/display_pic_with_logo/3851207/1109414699/stock-vector-cross-pollination-and-self-pollination-1109414699.jpg
http://открытыйурок.рф/%D1%81%D1%82%D0%B0%D1%82%D1%8C%D0%B8/503328/img2.gif