Սպորավորները և բնական վառելանյութի առաջացումը
Սպորավոր բույսերը հատկանշական են նրանով, որ նախընտրում են ստվերոտ, խոնավ և տաք կլիմայական պայմաններ: Մոտ \(300-350\) մլն. տարի առաջ Երկրի կլիման այդպիսին էր, տեղում էին տաք անձրևներ, մառախլապատ էր, կուտակվել էր շատ ջուր և առաջացել էին լճեր ու ճահիճներ: Այդ պայմաններում պտերանմանները հասան կատարելության, և երկրագնդում գերիշխում էին \(40\) մ բարձրության ծառանման պտերանմանները:
 
7154_672731923.jpg
 
Արդյունքում խոնավասեր մամուռների և կատարելության հասած պտերանմանների որոշ ձևեր ոչնչացան և առաջացրին բնական վառելանյութի ժամանակակից պաշարներ:
  
Տորֆամամուռ: Սֆագնումը կամ տորֆամամուռը \(5-30\) սմ երկարությամբ խիստ ճյուղավորված բույս է: Սֆագնումը կամ սպիտակ մամուռը աճում է գերխոնավ վայրերում և գտնվում է ջրի մեջ ընկղմված, ուստի չունի ռիզոիդներ և ջուրն անմիջապես անցնում է ցողունի մեջ: Սֆագնումը, որը նաև հաճախ անվանվում է սպիտակ մամուռ, աճում է ճահիճներում և առաջացնում է համատարած կուտակումներ:
 
Ցողունի ծայրի սպիտակավուն տերևները կազմված են \(2\) տեսակի բջիջների մեկ շերտից:
 
\(1.\) Բջիջների մի մասը նեղ է, ծայրերով միացած իրար, պարունակում է քլորոֆիլ, կանաչ է և կատարում է ֆոտոսինթեզ:
\(2.\) Մյուսները գտնվում են կանաչ բջիջների մեջ, խոշոր են, զուրկ են ցիտոպլազմայից, թափանցիկ, մահացած և լցված են ջրով:
 
44.jpg
 
Ուշադրություն
Սֆագնումը կարող է իր զանգվածից \(20-25\) անգամ ավելի շատ ջուր ներծծել:
Սֆագնումը շատ է տարածված տորֆաճահիճներում: Ճյուղավորված ցողունը խիտ պատված է տերևներով և ունի թույլ կանաչ գունավորում: Սֆագնումը աճում է գագաթով, իսկ ստորին բջիջները մնում են ճահճային միջավայրում: Արդյունքում նրա ցողունի ստորին մասը կազմվում է մեռած խոշոր բջիջներից:
 
Carpet-of-healthy-sphagnum1.jpg
 
Հազարավոր տարիների ընթացքում այդ մասերը լրիվ չեն փտում ու քայքայվում, քանի որ ճահիճներում թթվածինը քիչ է, բացի այդ, սֆագնումն արտադրում է հատուկ ախտահանող նյութեր, որոնք սպանում են բակտերիաներն ու դրանով իսկ կանխում քայքայման գործընթացը: Արդյունքում սֆագնումի ստորին մասի բջիջները անթթվածին քայքայման պայմաններում վերածվում են տորֆի:
 
530348286_1_644x461_moh-sfagnum-dlya-ulitok-ahatin-ochischennyy-zhivoy-cherkassy_rev007.jpg
 
Տորֆի շերտերում կարող են պահպանվել հազարամյակներ առաջ գոյություն ունեցած ծաղկափոշի, տերևներ, նույնիսկ ամբողջական օրգանիզմներ` այդ թվում նաև մարդու մարմինը:
 
Տորֆը դանդաղ է կուտակվում. \(1000\) տարում առաջանում է մոտ \(1\) մետր հաստությամբ տորֆաշերտ: Այնուամենայնիվ, հնագույն ճահիճներում տարիների ընթացքում ավելանում են տորֆի շերտերը: Տորֆաճահիճների տարիքը հաճախ հասնում է տասնյակ հազարավոր տարիների:
 
79eca9as-960.jpg
 
Մեծ է տորֆի նշանակությունը: Այն օգտագործվում է որպես վառելանյութ, պարարտանյութ և արդյունաբերական հումք: Տորֆից ստանում են սպիրտ, պլաստմասա, խեժ, պարաֆին և այլն: Տորֆն ունի մանրէասպան հատկություն և օգտագործվում է բժշկության մեջ: Տորֆաճահիճները հատկապես շատ են Ուկրաինայում, Սիբիրում, Ուրալում, Ֆինլանդիայում:
 
Հետագայում երկրագնդի բնակլիմայական պայմանները փոփոխվեցին` դառնալով անհամեմատ ցուրտ, չոր և լուսավոր: Արդյունքում սպորավորները իրենց տեղը զիջեցին առավել կատարյալ սերմնավորներին: Հսկայական քանակությամբ պտերանմանների անտառները ոչնչացան և կուտակվելով երկրի ընդերքում` ծածկվեցին տիղմով ու մամլվեցին:
 
Բակտերիաների և ջրի ներգործությամբ, թթվածնի բացակայության պայմաններում, միլիոնավոր տարիների ընթացքում պտերանման ծառերի կուտակումները դանդաղորեն քայքայվելով՝ ածխացան և այլ բույսերի հետ միասին վերածվեցին քարածխի, նավթի և բնական գազի հսկայական պաշարների:
 
maxresdefault.jpg
Քարածուխը, նավթը և գազը հանդիսանում են ժամանակակից մարդկության էներգիայի ստացման հիմնական աղբյուրը:
Դրանք ծառայում են նաև հումք մի շարք կարևորագույն նյութերի ստացման համար` պլաստմասա, ներկեր, լաքեր, դեղամիջոցներ և այլն: Ահա թե որքան մեծ է անհետացած պտերանմանների նշանակությունը:
Աղբյուրները
Կենսաբանություն. Կենդանի օրգանիզմների բազմազանությունը. 7-րդ դասարանի դասագիրք/ Տ.Վ. Թանգամյան, Ս. Հ. Սիսակյան -Եր.: Տիգրան Մեծ, 2013, էջ 33-37
https://avatars.mds.yandex.net/get-pdb/1004346/23bd320d-71d4-4104-9747-9fe5911f021f/s375
https://biologyschoolblog.files.wordpress.com/2015/02/d0bad0bbd0b5d182d0bad0b8-d0bbd18cd0bdd0b0.jpg
http://www.energyroyd.org.uk/wp-content/uploads/2016/08/Carpet-of-healthy-sphagnum-1024x768.jpg
https://img01-olxua.akamaized.net/img-olxua/530348286_1_1000x700_moh-sfagnum-dlya-ulitok-ahatin-ochischennyy-zhivoy-cherkassy_rev008.jpg
https://besplatka.ua/aws/16/50/58/55/app/5156a4597c4c.jpg
https://i.ytimg.com/vi/0EHUFjxgoO0/hqdefault.jpg