Պտերանմանների կառուցվածքը, կենսապայմանները և բազմազանությունը
Սպորավոր բույսերի շարքում մամուռներին հաջորդող բարձրակարգ բույսերի բաժինը ներկայացնում են պտերանմանները, որոնք ընդգրկում են մոտ \(10.000\) տեսակ: Պտերանմաններին են պատկանում պտերները, ձիաձետերը և գետնամուշկերը:

Պտերանմաններն, ի տարբերություն մամուռների, լավ զարգացած, կատարյալ ցամաքային բույսեր են: Պտերանմաններին բնորոշ են հիմնական բուսական հյուսվածքները և լավ մասնագիտացված մարմինը: Պտերանմաններին բնորոշ է արմատային համակարգ, ունեն լավ արտահայտված ցողուն և զարգացած տերևներ, նման են ծաղկավոր բույսերին, սակայն ծաղիկ չունեն:
Մոտ \(300-350\) միլիոն տարի առաջ պտերները հասնում էին \(40\) մ բարձրության և զբաղեցնում էին մեծ տարածություններ: Դրանք ծառանման պտերանմաններն էին, որոնցից կազմված անտառները զբաղեցնում էին ողջ երկրագունդը և հանդիսանում ֆոտոսինթեզող հիմնական ավտոտրոֆ օրգանիզմները: Պտերանմաններից կազմված վաղ անտառներում բնակվում էին հսկա միջատները և գիգանտ սողունները, օրինակ՝ դինոզավրերը: Ներկայումս ծառանման ձևերը պահպանվել են միայն Ավստրալիայում և Նոր Զելանդիայում, նրանց բարձրությունը հասնում է \(20\) մ-ի:

Պտերներ: Ժամանակակից պտերները հիմնականում բազմամյա խոտաբույսեր են: Նրանք աճում են խոնավ, ստվերոտ վայրերում, գետերի և առուների եզրերին:
Ցողունը հողում վեր է ածվում կոճղարմատի, որից զարգանում են հավելյալ արմատները և տերևները: Պտերների կոճղարմատը թունավոր է և հանդիսանում է հումք որոշ դեղատեսակների համար:
Պտերների տերևները կրկնակի փետրաձև են, կանաչ, մինչև մեկ մետր երկարություն ունեցող: Պտերների ներկայացուցիչներից են՝ ադիանտումը, իժալեզուն, ձարխոտը:
Հայաստանի Հանրապետությունում տարածված է սովորական վահանապտերը, իսկ պտերանմանների որոշ տեսակներ գրանցված են «Կարմիր գրքում»: Վահանապտերի տերևները լայնորեն կիրառվում են ծաղկեփնջերի զարդարման մեջ:

Վահանապտեր: Տերևները մասնակցում են ոչ միայն ֆոտոսինթեզի, այլև բազմացման գործընթացին: Վահանապտերի երիտասարդ տերևները խխունջանման պարուրված են: Աճում են գագաթով և աստիճանաբար ապապարուրվում:
Հասուն տերևացողունավոր պտերը հանդիսանում է անսեռ սերունդ կամ սպորոֆիտ:

Տերևաթիթեղի ստորին հատվածի սպորանգիումների պատռվելով` սպորները ընկնում են հողի մեջ և ծլում:
Յուրաքանչյուր սպոր իրենից ներկայացնում է ծլման պատրաստ մեկ բջիջ` սննդանյութերի անհրաժեշտ պաշարով:
Կանաչ նախածիլը պտերի սեռական սերունդն է կամ գամետոֆիտը:
Իգական սեռական օրգանները կոչվում են արքեգոնիումներ: \((♀)\)

Ջրի միջոցով (♂) գամետները լողում են դեպի իգականները: Արդյունքում նախածիլում կատարվում է բեղմնավորում, զիգոտից զարգանում է սաղմ, որից առաջանում է մանր տերևներով երիտասարդ պտեր: Մի քանի տարի անց պարբերական աճի շնորհիվ պտերը վերածվում է հասուն բույսի:

Ուշադրություն
Անսեռ և սեռական սերունդների հերթափոխումով բազմացումը հատուկ է նաև ձիաձետերին և գետնամուշկերին:
Ձիաձետեր: Ձիաձետերը բազմամյա խոտաբույսեր են, որոնք նման են փոքր, կանաչ եղևնիների: Ապրում են հիմնականում խոնավ վայրերում և նախընտրում են թթվային հողերը, ունեն կոշտ ցողուն և լավ զարգացած ստորգետնյա ընձյուղներ՝ կոճղարմատներ, որոնցից դուրս են գալիս հավելյալ արմատներ:

Ձիաձետերի ընձյուղը հատվածավորված է, այսինքն՝ կազմված է հանգույցներից և միջհանգուցային հատվածներից: Մանր թեփուկային տերևները ցողունի վրա դասավորված են օղակաձև: Ֆոտոսինթեզը կատարվում է ձիաձետերի ցողուններում և ընձյուղներում, իսկ պաշարանյութերը կուտակվում են կոճղարմատներում:
Գարնանը կոճղարմատներից զարգանում են գարնանային ընձյուղներ, որոնց գագաթին գտնվում են սպորակիր հասկիկները` սպորանգիումներով:
Գետնամուշկեր: Գետնամուշկերը բազմամյա խոտաբույսեր են: Նրանք ունեն կանգուն կամ հողի վրա տարածվող ցողուններ, որոնք ծածկված են մանր և խիտ տերևներով:
Սողացող ցողուններից աճում են կարճ վերգետնյա ընձյուղներ, որոնց վրա գտնվում են սպորակիր հասկիկներ` լցված մանր դեղին սպորներով: Սպորներից զարգանում է հոլաձև նախածիլը: Գետնամուշկերը ամրանում են հողին արմատներով, հողի վրա տարածվող ցողուններից աճում են նաև հավելյալ արմատներ: Գետնամուշկերը և ձիաձետերը պտերների նման կարող են բազմանալ նաև կոճղարմատներով:

Ուշադրություն
Սպորավորների սեռական սերնդում գամետների միաձուլումը ջրի միջոցով վկայում է բազմաբջիջ ջրիմուռների և սպորավորների ազգակցական կապի մասին:
Աղբյուրները
Կենսաբանություն. Կենդանի օրգանիզմների բազմազանությունը. 7-րդ դասարանի դասագիրք/ Տ.Վ. Թանգամյան, Ս. Հ. Սիսակյան -Եր.: Տիգրան Մեծ, 2013, էջ 35-37
Կենսաբանություն. Կենդանի օրգանիզմների բազմազանությունը. 7-րդ դասարանի դասագիրք/ Է.Ս. Գևորգյան, Ֆ.Դ. Դանիելյան, Ա.Հ. Եսայան- Եր.: Աստղիկ գրատուն, 2013, էջ 47-48
https://illustrators.ru/uploads/illustration/image/203881/203881_original.jpg
http://narodnilijek.com/web/wp-content/uploads/Paprat-obi%C4%8Dna.gif
http://buysell.com.ua/upload/upload/normal/17-02/harkov-prodam_paporotnik_schitovnik_muzhskoy_i_mnogo_drugih_rasteniy_1583748.jpeg
http://3.bp.blogspot.com/-NDhIhObbUqQ/URFWf853i4I/AAAAAAAAAHk/zWR0q6BLa6I/s1600/85511000_fern.jpg
https://encrypted-tbn0.gstatic.com/images?q=tbn:ANd9GcTNrFkI2Sa1vGU_OomX-3wxys0wSrrF8LNrbTdDthkQ3vVflP5U