Կանաչ մամուռները և նրանց կենսապայմանները
Բարձրակարգ բույսերը ցամաքը գրաված բուսական օրգանիզմներն են:
 
Այս բույսերը ժամանակի ընթացքում լավագույնս հարմարվել են ցամաքային կենսակերպին և աստիճանաբար կատարելագործվել:
 
Ուշադրություն
Հարմարման շնորհիվ բարձրակարգ բույսերը պարբերաբար կատարելագործվել են՝ մամուռներից հասնելով մինչև ծածկասերմ բույսեր:
40.jpg
 
Արդյունքում նրանք ձեռք են բերել հետևյալ հիմնական հատկանիշները.
 
\(1.\) Իսկական հյուսվածքների առկայություն,
\(2.\) Օրգանիզմի տարբերակում և օրգանների մասնագիտացում,
\(3.\) Ֆոտոսինթեզի հատուկ օրգաններ՝ տերևներ,
\(4.\) Քլորոֆիլ պարունակող զարգացած պլաստիդներ,
\(5.\) Զարգացած արմատային համակարգ,
\(6.\) Բազմացման կատարելագործված մեխանիզմներ:
 
Բարձրակարգ բույսերը բաժանվում են երկու հիմնական խմբի՝
  • Սպորավոր բույսեր
  • Սերմնավոր բույսեր
Սպորավոր բույսերը ցամաքային բարձրակարգ բույսեր են, որոնք բազմանում են սպորներով:
Ներկայացուցիչներն են՝ մամուռները, պտերանմանները, ձիաձետերը, գետնամուշկերը:
 
37.jpg
 
Մամուռները պատկանում են բարձրակարգ բույսերի առաջին բաժնին: Նրանք ավելի բարդ են կազմավորված, քան ջրիմուռները, սակայն պարզունակ են մնացյալ սպորավորների և սերմնավոր բույսերի համեմատ:
  
Կանաչ մամուռները տարածված են խոնավ անտառների կիսաստվերոտ, ստվերախիտ մասերում, որտեղ առաջացնում են համատարած փափուկ ծածկոց: Աճում են նաև մարգագետիններում, ճահիճներում, տունդրաներում, կարող են հանդիպել նաև քարերի ու ժայռերի վրա:
 
orig.jpg
 
Մամուռները իսկական ցամաքային բույսեր են, որոնց նախնիները, առաջին անգամ դուրս գալով ջրից, բնակեցրին ցամաքը: Մամուռները ֆոտոսինթեզ կատարող ոչ մեծ բույսեր են, որոնք ունեն վեգետատիվ օրգաններ` ցողուն և տերև, իսկ ձևավորված արմատներ չունեն, դրանց փոխարինում են ռիզոիդները:
 
Ուշադրություն
Ռիզոիդների առկայությունը մամուռների կառուցվածքում փաստում է նրանց և բազմաբջիջ ջրիմուռների ազգակցական կապի մասին:
Եթե ջրիմուռները բազմանում են կա՛մ անսեռ, կա՛մ սեռական եղանակով, ապա մամուռները բազմանում են և՛ անսեռ, և՛ սեռական ճանապարհով միաժամանակ: 
 
252.jpg
Սպորավորների բազմացման այս եղանակը կոչվում է սեռական և անսեռ սերունդների հերթափոխություն:
Մամուռներն ունեն լայն բազմազանություն և հաջորդում են ծաղկավոր բույսերին` ներկայացուցիչների թվով: Ներկայումս գիտությանը հայտնի է մամուռների գրեթե \(25\) հազար տեսակ:
  
Մամուռներից են կկվավուշը, տորֆամամուռը, մարշանցիան, թելամամուռը:
 
39.jpg
 
Խոնավությամբ հարուստ վայրերում աճում է կանաչ մամուռ կկվավուշը, որը նպաստում է մթնոլորտում խոնավության պահպանմանը, միաժամանակ այլ մամուռների հետ միասին կարող է դառնալ ճահճացման պատճառ: Կկվավուշը մամուռների ամենատարածված ներկայացուցիչներից մեկն է: Ունի մոտ \(20-30\) սմ երկարությամբ, կանաչաշագանակագույն, չճյուղավորված և ուղղաձիգ ցողուն: Ցողունը ծածկված է խիտ, նեղ, կանաչ տերևներով:
 
Կկվավուշը հողին ամրանում է ճյուղավորված ռիզոիդներով, որոնցով կլանում է ջուր և հանքային նյութեր, իսկ կանաչ տերևներով իրականացնում է ֆոտոսինթեզ:
 
6.png
 
Կկվավուշը պահանջկոտ բույս չէ, այն դիմանում է ուժեղ ցրտին և շոգին, հիմնականում տարածված է խոնավ անտառներում և ճահճուտներում:
 
Կկվավուշի մոտ ամռանը առանձին ցողունների կարմրագորշ գագաթին նկատելի են երկարավուն պարկիկանման օրգաններ, որոնք լցված են արական գամետներով` սպերմատոզոիդներով ♂:
 
diagrama-que-muestra-el-ciclo-de-vida-del-musgo_1308-5477.jpg
Կկվավուշի այդ բույսը կոչվում է արական` ♂: Վառ գունավորում չունեցող մյուս ցողունների գագաթին ձևավորվում են սափորաձև օրգաններ, որոնք լցված են իգական գամետներով` ձևաբջիջներով`♀: Կկվավուշի այդ բույսը կոչվում է իգական` ♀
Կկվավուշի արական և իգական բույսերը կոչվում են սեռական սերունդ կամ գամետոֆիտ:
Անձրևաջրի կաթիլի միջոցով շարժուն սպերմատոզոիդները արական բույսից լողում են դեպի իգական բույսի գամետները: Կատարվում է բեղմնավորում: Բեղմնավորումից ձևավորվում է զիգոտ, որից հաջորդ տարում նույն իգական բույսի գագաթին զարգանում է երկար շագանակագույն, ցողունանման ոտիկը և սպորներով լցված տուփիկը: Տուփիկում գտնվում է սպորներով լցված սպորանգիումը:
 
Կկվավուշի իգական բույսի երկար ոտիկի վրա գտնվող տուփիկը հիշեցնում է նստած կկվի, որտեղից և բույսը ստացել է իր անվանումը:
Կկվավուշի ոտիկը և տուփիկը կոչվում են անսեռ սերունդ կամ սպորոֆիտ:
Չոր եղանակին սպորները թափվում են տուփիկից և քամու միջոցով տարածվում: Ընկնելով խոնավ հողի վրա՝ դրանք ծլում են և առաջացնում նուրբ, կանաչ, ճյուղավորված թելիկներ, որոնցից զարգանում են մամուռի ♂ և ♀ բույսերը:
 
Մամուռների սպորից առաջացած կանաչ թելերը նման են թելանման ջրիմուռներին, որը վկայում է մամուռների և ջրիմուռների ազգակցական կապի մասին:
Աղբյուրները
Կենսաբանություն. Կենդանի օրգանիզմների բազմազանությունը. 7-րդ դասարանի դասագիրք/ Տ.Վ. Թանգամյան, Ս. Հ. Սիսակյան -Եր.: Տիգրան Մեծ, 2013, էջ 33-34
Կենսաբանություն. Կենդանի օրգանիզմների բազմազանությունը. 7-րդ դասարանի դասագիրք/ Է.Ս. Գևորգյան, Ֆ.Դ. Դանիելյան, Ա.Հ. Եսայան, - Եր.: Աստղիկ գրատուն, 2013, էջ 46-47
http://mir-znaniy.com/wp-content/uploads/2017/04/carbon_forest02a_cc.jpg
https://sb.agronomu.com/media/res/6/6/9/8/4/66984.p2r8vc.600.jpg
https://avatars.mds.yandex.net/get-pdb/1055791/f11478b8-9d2e-4ba4-b991-90a0cd40170d/s375
https://i3.wp.com/dr282zn36sxxg.cloudfront.net/datastreams/f-d%3A4659f6c7e778f751ca6fe53a90dfd16608e8b1f4afa374e4cc3a098f%2BIMAGE%2BIMAGE.1?fit=450,300&zoom=2&strip=all
https://media.istockphoto.com/vectors/diagram-showing-moss-life-cycle-vector-id862741782