
















Աղեխորշավորների բազմազանությունը և նշանակությունը
Աղեխորշավորների տիպի բազմազանությունը դասակարգված է և ընդգրկված է քեզ ծանոթ \(3\) դասերում՝ հիդրոիդների դաս, սցիֆոիդների դաս և կորալյան պոլիպների դաս: Աղեխորշավորները հիմնականում ջրային կենսակերպ վարող օրգանիզմներ են և լայն տարածված են քացրահամ գետերում, ջրամբարներում, ծովերում և օվկիանոսներում:

Հիդրոիդների դասի ներկայացուցիչները
Հիդրոիդների ներկայացուցիչ է հանդիսանում քաղցրահամ ջրերում ապրող պոլիպ հիդրան, որի օրինակ դիտարկել ենք աղեխորշավորների առանձնահատկությունները: Հիդրոիդների դասում կան կենդանիներ, որոնք ապրում են նաև ծովերում և օվկիանոսներում: Հայտնի է հիդրոիդների մոտ \(2800\) տեսակ: Ծովային հիդրոիդները վարում են նստակյաց և գաղութային կյանք, որոնց գաղութները նման են թփերի: Տարվա բարենպաստ ժամանակ հիդրոիդ ծովային պոլիպների գաղութից առաջանում են բողբոջներ, որոնցից դուրս են գալիս մեդուզաներ: Մեդուզաները, անջատվելով գաղութից, վարում են ակտիվ, շարժուն կենսակերպ:
![]() | ![]() |
Մեդուզաները նման են բացված հովանոցի, որը հրթիռաձև շարժումներով՝ ջուրը դուրս մղելով, շարժվում է առաջ: Հիդրոիդ մեդուզաները սեռական ճանապարհով են բազմանում. բեղմնավորման արդյունքում ձևավորվում է թրթուռ: Թրթուռը իջնում է ծովի հատակ և նրանից ձևավորվում է փոքրիկ պոլիպ:
Հիդրոիդների սերունդների նման հերթափոխությունը համարժեք է սպորավոր բույսերի անսեռ և սեռական սերունդների հերթափոխությանը:

Գաղութային պոլիպները անսեռ սերունդ են, իսկ ազատ մեդուզաները՝ սեռական սերունդ:
Ներկայացուցիչներն են՝ ծովային հիդրոիդ պոլիպներից օբելիան, հիդրոիդ առագաստավորներից ծովային նավակը, սիֆոնոֆորներից պորտուգալական նավակը:

Սցիֆոիդների դասի ներկայացուցիչները
Սցիֆոիդ մեդուզաներն ապրում են ծովերում և օվկիանոսներում և ունեն մոտ \(600\) տեսակ: Խոշոր հովանոցաձև մարմին ունեցող օրգանիզմներ են: Ապրում են հիմնականում ծովերում՝ ջրի մակերեսային շերտերում և վարում են ակտիվ կենսակերպ: Սցիֆոիդ մեդուզաների մարմնի չափսերը կարող են հասնել մինչև \(2\) մետրի:
![]() | ![]() | ![]() |
Ուշադրություն
Սև ծովում պետք է զգուշանալ արմատաբերան մեդուզայից:
Արմատաբերան մեդուզայի կիսաթափանցիկ սպիտակավուն հովանոցը հասնում է ֆուտբոլի գնդակի մեծության և ունի մանուշակագույն կամ կապույտ եզրագծեր:
Ներկայացուցիչներն են` ցիանեան, արմատաբերանը, առյուծի բաշը, աուրելիան:

Մեդուզաների կառուցվածքը
Մեդուզաների մարմինը երկշերտ է, էկտոդերմի և էնտոդերմի միջև գտնվում է թափանցիկ դոնդողանման շերտ՝ մեզոգլեա, որի \(98\) %-ը կազմում է ջուրը:
Նրանք շարժվում են՝ դուրս մղելով ջուրը հովանոցի գոգավորությունից, ուռուցիկ կողմով դեպի առաջ: Մարմնի եզրերին դասավորված են շոշափուկները, իսկ կենտրոնում գտնվում է բերանային անցքը: Շոշափուկներում տեղակայված են խայթող բջիջները, որոնց թույնը մեդուզաների որոշ տեսակների մոտ վտանգավոր է մարդու համար:

Մեդուզաները, ինչպես և հիդրան, ունեն ցանցանման նյարդային համակարգ, սակայն այն ավելի լավ է զարգացած: Մեդուզաների մոտ կան նյարդային բջիջների կուտակումներ, որոնք նման են ավելի զարգացած կենդանիների նյարդային հանգույցների:
Նրանք ունեն նաև զգացողության որոշ օրգաններ՝ քիմիական, հավասարակշռության, լուսազգայունության: Մեդուզաները կարող են նաև ընկալել ջրի տատանումներից առաջացող ձայները, ինչի շնորհիվ նախօրոք տեղեկանում են փոթորիկի մոտեցման մասին և հեռանում վտանգավոր վայրից:
Մեդուզաների բազմացումը
Ինչպես արդեն նշեցինք, մեդուզաները բազմանում են սեռական և անսեռ եղանակներով: Նրանք բաժանասեռ են, սեռական բջիջները առաջանում են էկտոդերմում և բերանային անցքից դուրս են մղվում ջրի մեջ, որտեղ էլ կատարվում է բեղմնավորությունը: Բեղմնավորության արդյունքում ձվաբջջից զարգանում է թարթիչավոր թրթուռ, որը կոչվում է պլանուլա: Այն ամրանում է հատակին և առաջացնում է պոլիպ՝ անսեռ սերունդ: Պոլիպը որոշ ժամանակ բազմանում է բողբոջման եղանակով, իսկ հետո նրանից անջատվում են երիտասարդ մեդուզաները:

Այսպիսով, մեդուզաների մոտ նկատվում է սեռական և անսեռ սերունդների հերթափոխություն:
Կորալյան պոլիպների դասի ներկայացուցիչները
Կորալյան պոլիպները իրենցից ներկայացնում են աղեխորշավորների ամենատարածված դասը: Նրանք վարում են միայն նստակյաց կենսակերպ և մեծամասամբ ներկայացված են գաղութային ձևերով: Նրանք, որպես կանոն, ունեն լավ զարգացած կմախք, որը բաղկացած է կրային աղերից:
![]() | ![]() | ![]() |
Կորալների գաղութները առաջանում են անսեռ բազմացման արդյունքում, երբ բողբոջը չի անջատվում մայրական օրգանիզմից, այլ մնում է կպած նրան՝ առաջացնելով ծառանման գոյացություն: Գաղութի կազմի մեջ մտնող օրգանիզմները կապված են միմյանց հետ մարմնի խոռոչներով, այսինքն՝ ամբողջ գաղութը ունի ընդհանուր ճյուղավորված մարսողական խոռոչ:
Կորալյան պոլիպները հիմնականում հանդիպում են արևադարձային ծովերում: Նրանց կմախքները առաջացնում են խութեր, կղզիներ և աթոլներ: Ամենամեծ կորալյան խութերը տեղակայված են Ավստրալիայի արևելյան ափին՝ մոտ \(2000\) կմ երկարությամբ:
Ուշադրություն
Կորալյան խութերը լուրջ խոչընդոտ են հանդիսանում նավագնացության համար:
![]() | ![]() |
Կորալյան պոլիպների դասին են պատկանում նաև այնպիսի օրգանիզմներ, որոնք զուրկ են հանքային կմախքից և չեն առաջացնում գաղութներ: Դրանցից են ակտինիաները: Նրանք շատ նման են խոշոր հիդրայի: Որոշ ակտինիաներ կարող են շարժվել ներբանի մկանների օգնությամբ:

Ակտինիաները կարող են համագործակցության մեջ մտնել ծովային խեցգետնակերպերի հետ՝ ապրելով նրանց վրա:
Ակտինիան իր խայթող բջիջների օգնությամբ պաշտպանում է խեցգետնին և սնվում է նրա ուտելիքի մնացորդներով: Այդպիսի ակտինիաները ավելի թունավոր են և ներկված են վառ գույներով:
Ուշադրություն
Վառ գունավորումը կենդանիների մոտ շատ հաճախ նախազգուշական է. զգուշացնում է, որ այս կենդանին վտանգավոր է, օրինակ՝ թունավոր: Այսպիսով, վառ գունավորումն ունի պաշտպանական նշանակություն:

Ներկայացուցիչներն են` ծովային փետուրը, վեցաստղաթև կորալները, ութաստղաթև կորալները, ակտինիաները:

Կորալյան պոլիպները ջուրը մաքրում են օրգանական նյութերի մնացորդներից, նրանց կմախքը օգտագործվում է որպես շինանյութ՝ կիր ստանալու համար և այլն: Վարդագույն, սև, կարմիր կորալները օգտագործվում են զարդերի պատրաստության մեջ: Որոշ աղեխորշավորներ մակաբույծ են:
Աղբյուրները
Տ. Թանգամյան, Ս. Սիսակյան // Կենսաբանություն. Կենդանի օրգանիզմների բազմազանությունը, 7 դասարան // Երևան, «Տիգրան Մեծ», 2007, էջ 72-74
https://ds04.infourok.ru/uploads/ex/06b0/0009de37-b60f9d7d/img2.jpg
https://elementy.ru/images/kartinka_dnya/picture_of_the_day_ectopleura_larynx_1.jpg
https://static.tumblr.com/96535e166f7f055d7d0be160665f1668/lqjbloz/g4fnxx4sg/tumblr_static_filename_2048_v2.gif
https://ejonok.ru/nature/biology/big/499.jpg
https://lh3.googleusercontent.com/-Yn25pn4iEPM/WW8ANVH9A6I/AAAAAAAAjxU/QlmLKd-t8B4i8B0hKhZ-SIZLIdKcRgdwQCJoC/w500-h750/2017-07-18.gif
http://fb.ru/misc/i/thumb/a/1/2/9/3/4/0/1/1293401.jpg
http://sentierdidees.parlonssciences.ca/portals/10/Images/I%20Wonder%20What%20I%20Am/Animals/Other%20Non-fish%20Sea%20Creatures/Blue_Linckia_Starfish.jpg
https://1.bp.blogspot.com/-2JNSclXej2A/W5YAH2tBBxI/AAAAAAAAIgw/4zUu2S2dsCILbW00xDr9GYkmRVQ60gykACLcBGAs/s1600/barriereriff1.jpg
https://avatars.mds.yandex.net/get-pdb/251121/2e6d6622-b0a5-4ce0-b509-8d5134edb6fb/s1200
https://cs5.pikabu.ru/images/big_size_comm/2015-11_3/1447600774191540440.png
https://content.invisioncic.com/Mnanoreef/monthly_2018_04/large.gallery_19896_4_1356252261_23506.jpg.0d104c7953940f496579fd629641a698.jpg
https://copypast.ru/uploads/posts/1332766069_22213454.jpg
https://pp.userapi.com/c830409/v830409676/16837c/Ewl4OmMFm5A.jpg