Աղեխորշավորների տիպի բնութագիրը
Աղեխորշավորների տիպ
  
Աղեխորշավորները հանդիսանում են պարզագույն բազմաբջիջ օրգանիզմներ, որոնք ապրում են ծովերում, օվկիանոսներում, քաղցրահամ ջրերում: Աղեխորշավորները առանձնահատուկ են նրանով, որ ունեն իսկական մասնագիտացված և տարբերակված բջիջներ:
 
18200473.jpg
 
Այդ բջիջները խիստ տարբեր են կառուցվածքով և գործառույթով: Աղեխորշավորների մոտ առկա է մասնագիտացված բջիջների համախմբում՝ կյանքի կազմավորման հյուսվածքային մակարդակի նախատիպով: Աղեխորշավորներն ունեն առաջնային հյուսվածքներ: Նրանց մարմինն ունի պարկի ձև, որի խոռոչում իրականանում է մարսողությունը, որի համար էլ ստացել են իրենց անվանումը:
Աղեխորշավորների նման մարմինը կոչվում է աղիքային խոռոչ, որը բազմաբջիջ օրգանիզմների կազմավորման և զարգացման կարևոր դրսևորում է:
Այսինքն՝ աղեխորշավորները մաշկամկանային պարկի ներսում ունեն աղիքային խոռոչ, որը հաղորդակցվում է արտաքին միջավայրի հետ բերանային անցքի միջոցով:
 
8-w1917.png
 
Նրանց բերանային անցքի շուրջ շրջանաձև տեղակայված են երկար շոշափուկներ, որոնց և՛ շարժման, և՛ սննդառության դեր են կատարում: Նրանց մարմինն ունի ճառագայթային համաչափություն, քանի որ նրանք հիմնականում պասիվ տեղաշարժվող և որոշակի տեղանքի հարմարված օրգանիզմներ են: Աղեխորշավորներն ունեն \(10\) հազար տեսակ, որոնք հիմնականում ունեն զանգերի, գնդերի և հովանոցների տեսք:
  
Աղեխորշավորների տիպն ունի երեք դաս.
 
tip-kishechnopostnye.jpg
 
\(1\). Հիդրոիդների դաս. ներկայացուցիչ՝ պոլիպ հիդրա:
  
\(2\). Սցիֆոիդ մեդուզաների դաս. ներկայացուցիչ՝ մեդուզա:
  
\(3\). Կորալյան պոլիպների դաս. ներկայացուցիչ՝ կորալներ, ակտինիա:
  
Աղեխորշավորների դասակարգումը և կարգաբանական դիրքը կենդանիների թագավորությունում հետևյալն է.
 
3 (3)-w1172.png
 
Աղեխորշավորների մարմնի պատերը կազմված են \(2\) շերտից.
  1. արտաքին շերտ, որը կոչվում է էկտոդերմ
  2. ներքին շերտ, որը կոչվում է էնտոդերմ
Դրանց արանքում հաճախ գտնվում է դոնդողանման նյութ, որը կոչվում է մեզոգլեա
 
Աղեխորշավորների օրգանիզմում նկատվում է բջիջների մասնագիտացում՝ տարբեր կառուցվածք ունեցող և ոչ միանման ֆունկցիա կատարող բջիջներ, որոնք են՝
  • մաշկամկանային
  • խայթող
  • նյարդային
  • միջակա
  • մարսողական
  • գեղձային
3.png
 
Տվյալ բջիջներից կազմված են աղեխորշավորների հյուսվածքները:
Աղեխորշավորների հյուսվածքները բարձրակարգ հյուսվածքների նախատիպն են հանդիսանում:
222.png
 
Դիտարկենք աղեխորշավորների մարմնի կառուցվածքը և բջիջների ֆունկցիաները քաղցրահամ ջրերի պոլիպ հիդրայի օրինակի վրա:
  
Աղեխորշավորներից հիդրոիդների դասի ներկայացուցիչն է քաղցրահամ ջրերի պոլիպ հիդրան: «Պոլիպ» թարգամանաբար նշանակում է բազմաոտ: Հանդիպում է մաքուր լճակներում, հաճախ բույսերի ցողունի վրա և ունի մինչև \(1\) սմ երկարություն:
 
0_d1384_3f79d3f1_XL.jpgгидра5.jpg672cf6212bfc3404c2e534454c39d3e0.jpg
 
Մարմնի արտաքին կառուցվածքը և տեղաշարժումը: Հիդրայի պարկաձև, երկարավուն մարմնի առջևում գտնվում է բերանը, որը շրջապատված է \(5-12\) շոշափուկներով: Մարմնի հակառակ կողմը կոչվում է ներբան: Նրանով կենդանին ամրանում է հատակին, իսկ շոշափուկներով բռնում է որսը և տանում դեպի բերան, իսկ այնուհետև՝ աղիքային խոռոչ: Շոշափուկները կարող են թեքվել, կարճանալ, երկարել: Հիդրան տեղաշարժվում է մերթ ներբանով, մերթ շոշափուկներով՝ հենվելով ստորջրյա առարկաների վրա:
Մարմնի մասերի, այդ թվում և շոշափուկների ճառագայթաձև համաչափությունը կապված է օրգանիզմի անշարժ կամ պասիվ շարժուն կենսակերպի հետ:
1-w4215.png
 
Մեկ այլ շարժման եղանակ նույնպես բնորոշ է հիդրային: Նա կարող է սողալ: Հիդրան ծռում է մարմինը, ամրանում հատակին բերանային անցքով, իսկ հետո ձգում և մոտեցնում է ներբանը բերանային անցքին:
 
2-w3741.png
 
Մարմնի ներքին կառուցվածքը: Հիդրայի օրգանիզմը ևս կազմված է երկու շերտ բջիջներից՝ էկտոդերմից և էնտոդերմից:
 
Արտաքին շերտի՝ էկտոդերմի կազմի մեջ են մտնում մաշկամկանային, խայթող, միջակա և նյարդային բջիջները: Մաշկամկանային բջիջները կազմում են մարմնի ծածկույթը և կատարում են շարժողական ֆունկցիա՝ շոշափուկների շարժումները, հիդրայի տեղաշարժումը և այլն:
 
Ներքին շերտի՝ էնտոդերմի մեջ մտնում են գեղձային բջիջները:
 
կառուցվածք.jpg
 
Սննդառություն և մարսողություն: Բազմաբջիջ օրգանիզմներում սննդի յուրացումը բազմափուլ գործընթաց է, որը պայմանականորեն կարելի է բաժանել երկու փուլի՝
 
\(I\). Առաջնային կամ ներխոռոչային մարսում, որը տեղի է ունենում մարսողական խոռոչում և ֆերմենտների ազդեցությամբ:
 
Դա իրենից ներկայացնում է սննդի հիմնական քիմիական և մեխանիկական մշակում:
Արդյունքում սննդի խոշոր, դժվարամարս մասնիկները վերածվում են կա՛մ շատ մանր զանգվածի, կա՛մ հեղուկի, որը հեշտ ընկալելի է օրգանիզմի կողմից:
 
\(II\). Երկրորդային կամ ներբջջային մարսում, որը տեղի է ունենում մարսողական խողովակի յուրաքանչյուր բջջի կողմից:
 
Ստացված սննդային զանգվածը վերջնական մշակմամբ բերվում է հիմնական ընկալելի վիճակի:
Արդյունքում սնունդը լիարժեք մարսվում է օրգանիզմի կողմից:
  
Հիդրան շոշափուկներով սնունդը բռնում է, մոտեցնում է բերանային անցքին: Բերանային անցքից սնունդը տեղափոխվում է հիդրայի մարմնի պարկաձև խոռոչ: Այդ խոռոչը կազմված է էնտոդերմային ծագում ունեցող գեղձային բջիջներից: Վերջիններս արտադրում են մարսողական ֆերմենտներ, որոնք քայքայում են աղիքային խոռոչ ընկած սննդանյութերը:
  
Հիդրային բնորոշ է և՛ ներխոռոչային, և՛ ներբջջային մարսողություն:
 
Սննդի խոշոր մասնիկների քայքայումը էնտոդերմի խոռոչում և մարսողական ֆերմենտների ազդեցությամբ համարվում է ներխոռոչային մարսողություն:
Էնտոդերմի բջիջների մի մասն ունի մտրակներ, որոնց շարժումով մոտեցնում է սննդանյութերը: Արդեն ավելի մանր և քայքայված սնունդը կլանվում է բջիջների կողմից, ամեոբանման կեղծ ոտիկների օգնությամբ: Անցնելով բջջի մեջ՝ սննդանյութերը շարունակում են քայքայվել մարսողական վակուոլում: Չմարսված մասնիկները դուրս են բերվում մաշկամկանային խոռոչ և հեռացվում օրգանիզմից բերանային անցքով: 
Սննդի մանր մասնիկների վերջնական յուրացումը ամեոբաձև բջիջներում համարվում է ներբջջային մարսողություն:
Շնչառություն: Հիդրան և առհասարակ աղեխորշավորները շնչառական համակարգ չունեն: Շնչառությունը կատարվում է նախակենդանիների նման՝ մարմնի ողջ մակերեսով:
 
Արտաթորությունը: Աղեխորշավորներին արտազատական համակարգը ևս բնորոշ չէ: Նրանց արտազատությունը կատարվում է յուրաքանչյուր բջջի մակարդակով:
Աղբյուրները
Տ. Թանգամյան, Ս. Սիսակյան // Կենսաբանություն. Կենդանի օրգանիզմների բազմազանությունը, 7 դասարան // Երևան, «Տիգրան Մեծ», 2007, էջ 76-78
https://cdn.gdz4you.com/files/slides/5a2/545c69fec9380791a7d3c9d377307abe.jpeg
https://fs03.metod-kopilka.ru/images/doc/18/11634/img9.jpg
http://s008.radikal.ru/i306/1704/0e/65abaa8f3234.jpg
https://texnomaniya.ru/pictures/pages/img_16811_page_22542.jpg
https://vignette.wikia.nocookie.net/naturalpedia/images/8/8e/%D0%93%D0%B8%D0%B4%D1%80%D0%B0.jpg/revision/latest/scale-to-width-down/207?cb=20180202164934&path-prefix=ru
https://bigslide.ru/images/17/16315/960/img9.jpg