Տեսություն

Բույսերի թագավորության ընդհանուր բնութագիրը
Բույսերը կազմում են մոլորակը բնակեցնող կենդանի օրգանիզմների կենսազանգվածի մոտ \(95\) %-ը: Նրանք տարածված են ամենուր և հանդիսանում են օրգանական նյութերի հիմնական արտադրողները: Բույսերն ունեն կարևոր և ընդհանրական առանձնահատկություններ:
 
BRkRFCWS4LM.jpg
 
Բույսերը.
 
- ունեն կանաչ գունանյութ,
- ինքնուրույն սինթեզում են օրգանական նյութեր,
- անշարժ են,
- աճում են գրեթե ողջ կյանքի ընթացքում:
 
Նշված յուրահատկություններով պայմանավորված բույսերը կազմում են առանձին թագավորություն, որը պատկանում է կորիզավորների վերնաթագավորությանը:
 
Բույսերն ունեն հետևյալ կարգաբանական դիրքը.
 
96.jpg
 
Գրեթե բոլոր բույսերն ավտոտրոֆ են, այսինքն՝ ինքնուրույն սինթեզում են անհրաժեշտ օրգանական միացությունները անօրգանականներից՝ արևի էներգիայի հաշվին: Այդ գործընթացը, ինչպես գիտենք, կոչվում է ֆոտոսինթեզ: Արդյունքում բույսերն արտադրում են օրգանական կենսազանգված, որով սնվում են հետերոտրոֆ օրգանիզմները, օրինակ՝ կենդանիները: Բացի այդ, ֆոտոսինթեզի արդյունքում արտադրվում է թթվածին, որով շնչում է կենդանի օրգանիզմների մեծամասնությունը:
 
Ֆոտոսինթեզն իրականացվում է հատուկ գունանյութի՝ քլորոֆիլի շնորհիվ, որը պարունակվում է բուսական բջջի հատուկ օրգանոիդներում՝ պլաստիդներում: Բացի դրանից, ֆոտոսինթեզին մասնակցում են նաև այլ գունանյութեր՝ կարոտինոիդներ, որոնք կատարում են օժանդակ դեր: Քլորոֆիլն ունի կանաչ գույն, իսկ կարոտինոիդները՝ դեղին, նարնջագույն կամ կարմիր:
 
u1.jpg
 
Բացի պլաստիդների առկայությունից բուսական բջիջը տարբերվում է նաև հաստ և ամուր բջջապատով, որը գտնվում է պլազմային թաղանթի արտաքին մասում: Այն հիմնականում կազմված է ցելյուլոզայից: Բջջապատի ամրությամբ է պայմանավորված բույսերի ցածր շարժունակությունը:
 
Նաև, ի տարբերություն կենդանիների, բույսերը բնութագրվում են անսահմանափակ աճով, այսինքն աճում են ամբողջ կյանքի ընթացքում:
 
Untitled2020.png
 
Կախված կառուցվածքից՝ բոլոր բույսերը բաժանվում են \(2\) մեծ խմբերի՝ բարձրակարգ բույսեր և ստորակարգ բույսեր: Դրանք միավորվում են համանուն ենթաթագավորություններում.
 
    1. Ստորակարգ բույսերի ենթաթագավորություն
      
    2. Բարձրակարգ բույսերի ենթաթագավորություն
  
Ստորակարգ բույսեր
  
Սրանք ավելի հասարակ կառուցվածք ունեն: Նրանք կարող են լինել միաբջիջ և բազմաբջիջ: Բազմաբջիջ ստորակարգ բույսերի մարմինը կոչվում է թալոմ: Այս բույսերը չունեն մասնագիտացված օրգաններ և հյուսվածքներ:
 
Ուշադրություն
Ստորակարգ բույսերն ի տարբերություն բարձրակարգեր բույսերի չունեն բարդ հյուսվածքային կառուցվածք:
Ստորակարգ բույսերի ենթաթագավորության մեջ մտնում են ջրիմուռները:
  
 23.jpg
  
Բարձրակարգ բույսեր
  
Բարձրակարգ բույսերն ունեն իսկական հյուսվածքներ և գործառութային մասնագիտացում անցած օրգաններ: Բարձրակարգ բույսերը հրաշալի հարմարված են բնության տարաբնույթ պայմաններին:
Բարձրակարգ բույսերին բնորոշ է նաև բազմացման ձևերի կատարելագործված դրսևորումը:
Բազմացման առանձնահատկությունների հիման վրա բարձրակարգ բույսերը լինում են.
 
- սպորավորներ` անսեռ բազմացում բազմանում են սպորներով, որոնք հասունանում են սպորանգիումներում: Դրանցից են մամուռները և պտերանմանները:
սպորավոևներ-w1446.jpg
- մերկասերմեր` կատարելագործված սեռական բազմացում, բազմանում են սերմերով, որոնք հասունանում են կոներում: Դրանցից են փշատերևները:
 
depositphotos_2845575-stock-photo-cedar-cone.jpg
 
- ծածկասերմեր կամ ծաղկավորներ` կատարյալ սեռական բազմացում, բազմանում են սերմերով, որոնք հասունանում են պտուղներում: Դրանցից են ծաղկավոր բույսերը:
 
68af0173b8709774b852a358a518c7ae.jpg
 
Բարձրակարգ բույսերի թվին են պատկանում՝ մամուռները, պտերներըձիաձետերը, գետնամուշկերը, փշատերևները, ծաղկավորները:
  
22-w1340.jpg
  • Մամուռները, պտերները, ձիաձետերը և գետնամուշկերը բազմանում են սպորներով և պատկանում են բարձրակարգ սպորավորներին:
  • Մերկասերմերը և ծածկասերմերը բազմանում են սերմերի միջոցով և պատկանում են բարձրակարգ սերմնավորներին:
 
Բարձրակարգ բույսերից միայն ծածկասերմերն ունեն ծաղիկ, որի համար կոչվում են նաև ծաղկավոր բույսեր:  
 
3e8cfdf04b64aaca23069ebd71fda739.jpg
 
Բույսերը պայմանականորեն կարելի է բաժանել երկու մեծ խմբի`
  • Վայրի բույսեր - հանդիպում են վայրի բնության մեջ, աճում և բազմանում են ազատ: Օրինակ` բարդին, խատուտիկը, կաղնին, երիցուկը և այլն:
  • Մշակովի բույսեր - հանդիպում են ջերմոցներում, այգիներում, դաշտերում, աճում և բազմանում են մարդու միջամտությամբ: Օրինակ` ցորենը, խաղողը, կարտոֆիլը, վարդը և այլն: Մարդը մշակովի բույսերից ստանում է տնտեսական օգուտ:
Մարդուն հայտնի բոլոր բույսերը դասակարգված են բույսերի թագավորության շրջանակներում: Փորձենք անդրադառնալ ծածկասերմ բույսերի դասակարգմանը, որոնք պատկանում են բարձրակարգ բույսերի ենթաթագավորությանը:
 
Ծածկասերմերը բաժանվում են երկու դասի.
  • Երկշաքիլավորների դաս
  • Միաշաքիլավորների դաս
Դասերն ունեն իրենց կարգերը.
  • Կապարազգիների կարգ 
  • Դաշտավլուկազգիների կարգ
Կարգերը ստորաբաժանվում են ընտանիքների.
  • Խաչածաղկավորների ընտանիք 
  • Հացազգիների ընտանիք
Ընտանիքները` ցեղերի.  
  • Կաղամբ
  • Ցորեն
Ցեղերը` տեսակների.  
  • Կաղամբ վայրի
  • Ցորեն վայրի
 
1402311622_kaghamb-w385.jpgcoren-1-w431.jpg

 

Ցանկացած օրգանիզմի պարագայում տեսակին միշտ տրվում է կրկնակի անվանում, ըստ որի նշվում է սկզբում ցեղի, ապա տեսակի անվանումը (կաղամբ վայրի): Տեսակի կրկնակի անվանակոչումը առաջարկել և շրջանառության մեջ է դրել Կարլ Լիննեյը:

Բույսերի դասակարգման բնագավառում ﬔծ աշխատանք է կատարել աշխարհահռչակ հայ գիտնական Արմեն Լևոնի Թախտաջյանը:

Աղբյուրները
Կենսաբանություն. Կենդանի օրգանիզմների բազմազանությունը. 7-րդ դասարանի դասագիրք/ Տ.Վ. Թանգամյան, Ս. Հ. Սիսակյան -Եր.: Տիգրան Մեծ, 2013, էջ 25-27
Կենսաբանություն. Կենդանի օրգանիզմների բազմազանությունը. 7-րդ դասարանի դասագիրք/ Է.Ս. Գևորգյան, Ֆ.Դ. Դանիելյան, Ա.Հ. Եսայան- Եր.: Աստղիկ գրատուն, 2013, էջ 40-41
https://www.voprosy-kak-i-pochemu.ru/wp-content/uploads/rasten.jpg
http://semiramisgardens.ru/upload/iblock/3e8/3e8cfdf04b64aaca23069ebd71fda739.jpg
https://www.mesenvies.fr/files/525955/ceTbTqCZ3QhWdscJ_2048.jpg
https://armlur.am/wp-content/uploads/2016/08/coren-1.jpg
http://историческая-самара.рф/i/priroda/Micro/25.jpg
https://static4.depositphotos.com/1011362/284/i/950/depositphotos_2845575-stock-photo-cedar-cone.jpg
http://5b0988e595225.cdn.sohucs.com/images/20180531/b02b37f9e8d5425c99618655eaa20bc3.jpeg
https://fruitnews.ru/images/december2015/u1.jpg