ՀԱՐՍՏԱՑՐՈՒ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻԴ ՊԱՇԱՐԸ
Ակտիվացրու «Իմ+»-ը գերազանց գնահատականներ ստանալու համար
Ստեղծեք Ձեր ուսումնական ծրագիրը «ԻմԴպրոց» կայքում
Ստացեք հաշվետվություն Ձեր ուսումնական ծրագիր արդյունավետության վերաբերյալ
Օգտագործեք Ձեր առաջադրանքները ստուգողական աշխատանքներում

Տեսություն

Ձկների արտաքին կառուցվածքը
Ձկները ջրային կենսակերպ վարող ողնաշարավոր օրգանիզմներ են: Քորդավորների տիպում և ողնաշարավորների ենթատիպում ձկները ամենաբազմազան կենդանի օրգանիզմներն են և ունեն \(20\) հազարից ավել տեսակներ: Ձկներին կարելի է համարել ջրային միջավայրի տիրակալներ: Գրեթե \(400\) մլն տարի առաջ հնադարյան, զրահապատ, քորդան չկորցրած հսկա ձկները գերիշխող դիրք գրավեցին համաշխարհային օվկիանոսում: Նրանց ժամանակակից ժառանգներն են թառափանմանները
 
Ձկները բնակվում են ջրում մինչ օրս՝ փափկամարմինների, հոդվածոտանիների և ջրաբնակ կաթնասունների հետ: Ձկները ծագել են քորդավորների տիպի մյուս՝ անգանգների ենթատիպի հնագույն ներկայացուցիչներից:
  
1.jpg
  
Ձկները ջրային կենսամիջավայրին առավելագույնս հարմարված օրգանիզմներ են. ունեն մարմնի շրջհոսելի ձև, փոքր գլուխ, սեղմված են մարմնի երկու կողմերից և այլն: Ձկները բնակվում են բոլոր ջրային կենսամիջավայրերում՝ ջրամբարներում, գետերում, լճերում, ծովերում, օվկիանոսներում: Պատմական զարգացման երկարատև ընթացքում ձկները հարմարվել են ջրային բոլոր պայմաններին՝ խորություն, աղայնություն, ջերմաստիճան, ճնշում, լուսաթափանցելիություն և այլն:
 
Ձկների կենսապայմանները, կերատեսակները, մրցակիցներն ու թշնամիները ամենուրեք տարբեր են, դրանով էլ պայմանավորված է ձկների մարմնի ձևի ու գունավորման, կենսակերպի ու վարքի բազմազանությունը:
 
2.jpg
 
Ձկների մարմինը մեկ ամբողջություն է, այնուհանդերձ կազմված է սահուն հաջորդող երեք բաժիններից՝
 
1. Գլուխ. սահմանազատվում է իրանից խռիկային կափարիչներով: Գլուխը իր վրա կրում է տեսողական զգայարանը՝ աչքը, քթանցքը, որում բացվում է հոտառական նյարդը, ծնոտներով ձևավորվող օրգանը՝ բերանը, խռիկային կափարիչները, որոնք պաշտպանում են խռիկները:
 
2. Իրան. սահմանազատվում է պոչից հետանցքով: Պարունակում է հիմնական ներքին օրգանները:
 
3. Պոչ. ձկների տեղաշարժման կարևորագույն և մկանուտ օրգաններից է: Բոլոր ձկները տեղաշարժվում են լողակներով: Լողակները կազմված են ոսկրային ճառագայթներից և դրանք պատող մաշկաթաղանթից:
 
Ջրի անընդհատ հոսքը դյուրացնում է դրանում շարժումը և ավելի քիչ էներգիա պահանջում:
 
Բոլոր ողնաշարավորների նման ձկներն ունեն զույգ վերջույթներ՝
  
\(1\)-ին զույգ վերջույթներ՝ կրծքային լողակներ - պահպանում են մարմնի հավասարակշռությունը ջրում:
\(2\)-րդ զույգ վերջույթներ՝ փորային լողակներ - օգնում են սուզվել, վեր բարձրանալ, շրջադարձել ջրի շերտերում:
 
Ձկներն ունեն նաև կարևոր կենտ լողակներ.
 
Մեջքային լողակ - օգնում է հաղթահարել ջրի դիմադրությունը:
 
Պոչային լողակ - հանդիսանում է հիմնական շարժիչ ուժ և ղեկի դեր կատարում միաժամանակ:
 
Ենթապոչային լողակ - մարմնին հաղորդում է կայուն դիրք:
 
6.jpg
 
\(I\). Մաշկ
  
Ձկների բազմերանգ և խայտաբղետ մաշկը, որը պատում է մարմինը արտաքինից. ծածկված է ոսկրաթեփուկներով, որոնք մի ծայրով խրված են մաշկի մեջ, իսկ մյուս ծայրով շարված են միմյանց վրա: Այդպիսի կղմինդրային շարվածքը պաշտպանում է մարմինը և միաժամանակ չի խանգարում շարժմանը: Թեփուկները արտաքինից պատված են լորձային գեղձերի արտադրանքով: Լորձը փոքրացնում է ջրի հետ շփումը, մեծացնում սահունությունը, պաշտպանում մաշկը: Ոսկրաթեփուկները աճում են ձկան հետ զուգահեռ և ունեն աճի տարեկան օղակներ, որոնք որոշում են ձկան տարիքը:
 
9.jpg
 
Ի տարբերություն քորդավորների, որոնք ունեն արտաքին կմախք՝ խիտինային զրահ, ողնաշարավորներն ունեն ներքին ոսկրային կմախք:
 
Ձկան կմախքը բոլոր ողնաշարավորների նման ունի \(2\) կարևորագույն բաղադրիչ՝
 
\(II\). Գանգ. կազմված է գանգատուփից, որը պաշտպանում է գլխուղեղը ծնոտներից, խռիկային կափարիչներից և այլ մանր ոսկրերից: Ձկան գլուխը անշարժ միացած է ողնաշարին:
 
\(III\). Ողնաշար. ողնաշարը կազմված է ողնաշարային խողովակից, որում տեղակայված է ողնուղեղը: Ունի երկու բաժին՝ իրանի և պոչի:
 
Ոսկրային ձկների մարմնի երկարությամբ՝ գլխից մինչև պոչի լողակը, առանցքի նման ձգվում է ողնաշարը, որը կազմված է միմյանց սերտ հարող բազմաթիվ ողերից:
  
Ողը կազմված է գլանաձև ոսկրային մարմնից և դեպի վեր ուղղված հոծ վերին աղեղից, որը սրվում է և ավարտվում վերին՝ փուշ ելունով: Ողերի դատարկ աղեղների հաջորդական միասնությունը ստեղծում է ողնուղեղային խողովակը, որում գտնվում է ձկան ողնուղեղը:
 
Իրանային բաժնում ողնաշարի ողերին միանում են նաև կողերը կամ փշերը, որոնք պաշտպանում են ներքին օրգանները:
Ողնաշարավորների ողնաշարը պաշտպանում է նյարդային համակարգը, հանդիսանում է ներքին հենարան և ապահովում է օրգանիզմի տեղաշարժը:
\(IV\). Գոտիներ.
 
Կազմված է ուսագոտուց ու կոնքագոտուց, որոնք հենարան են զույգ լողակների համար:
 
29.jpg
 
Ձկան մարմնի երկարությամբ ողնաշարի երկու կողմերում ձգվում են մկանային հաստ ժապավեններ, որոնք մարդը համտեսում է որպես սննդամթերք: Առանձնապես լավ զարգացած են իրանի և պոչի մկանները, որոնք կազմված են լայնակի հատվածներից: Մկանների կծկումից ձուկը կատարում է միօրինակ, օձագալար շարժումներ:
 
16.jpg
Աղբյուրները
Կենսաբանություն. Կենդանի օրգանիզմների բազմազանությունը. 7-րդ դասարանի դասագիրք/ Տ.Վ. Թանգամյան, Ս. Հ. Սիսակյան -Եր.: Տիգրան Մեծ, 2013, էջ 118-119
Կենսաբանություն. Կենդանի օրգանիզմների բազմազանությունը. 7-րդ դասարանի դասագիրք/ Է.Ս. Գևորգյան, Ֆ.Դ. Դանիելյան, Ա.Հ. Եսայան - Եր.: Աստղիկ գրատուն, 2013, էջ 170-172
https://pp.userapi.com/c844723/v844723797/17bb10/wVk_iFn9DhA.jpg
http://media.tuicontent.nl/p/header/vakantie-marsa-alam.jpg
https://ru-static.z-dn.net/files/de7/65ae3573e38fe7af0708b9a36e2157f9.jpg
https://ds04.infourok.ru/uploads/ex/016b/0018927a-fcb925a7/img11.jpg
https://reader.lecta.ru/demo/8092-65/data/images/autogen_247801.jpg
https://i.pinimg.com/236x/05/8b/75/058b75b944915f1c616f6a4e7bb228cb--fish.jpg