Միջատների բազմազանությունը և դասակարգումը
Միջատներիների դաս
 
Ինչպես արդեն գիտեք, միջատները պատկանում են հոդվածոտանիների տիպին և ունեն մոտ \(1,5\) միլիոն տեսակ: Բազմազանությամբ միջատները գրավում են առաջին տեղը կենդանիների թագավորությունում: Այդ հսկայական բազմազանությունը ներկայացված է թվով \(32\) կարգերում, որոնք միավորված են \(2\) հիմնական ենթադասերում՝
 
\(1.\)Առաջնաանթևավորների ենթադաս
\(2.\)Թևավորների ենթադաս
  
Միջատները երկրագնդի հնագույն բնակիչներից են, որոնք գոյակցել են ցամաքը գրաված պսիլոֆիտների՝ մամուռների նախնիների, առաջին երկկենցաղների, հսկա դինոզավրերի հետ: Միջատները կարողացել են հարմարվել և հաղթահարել ցամաքի կլիմայական բոլոր վայրիվերումները, գոյատևել են երկու համամոլորակային աղետների արդյունքում:
 
23.jpg
 
Միջատներին կարելի է համարել ցամաքի իսկական տիրակալներ:
 
Հնագիտական պեղումները ցույց են տվել, որ դեռևս դինոզավրերի ժամանակաշրջանում միջատները հասել են հսկայական չափսերի: Գտնվել է հնադարյան ճպուռի արտապատկեր, որտեղ նա ունի թևերի \(2\)մ բացվածք:
Միջատների հսկայական չափսերը արդյունք են եղել օդում O2 ավելի մեծ խտության՝ գրեթե \(30%\):
Միջատների դասակարգումը և կարգաբանական դիրքը կենդանիների թագավորությունում հետևյալն է.
 
86.jpg
 
Միասին կդիտարկենք հիմնական կարգերի առանձնահատկությունները և բազմազանությունը:
 
Մասնավորապես դիտարժան են հետևյալ կարգերը.
  
Կարծրաթևավորների կարգ
 
Այս կարգում ընդգրկված են բզեզները:
  
Ներկայացուցիչներն են՝ 
  
19.jpg
 
I. Բզեզների առաջին զույգ թևերը կարծր են, կոչվում են վերնաթևեր, իսկ երկրորդ զույգը՝ թաղանթաթևերն են: Վերնաթևերը ծածկում և պաշտպանում են թաղանթանման թևերը, որոնք էլ օդ են բարձրացնում բզեզներին:
II. Բզեզների բերանային ապարատը կրծող տիպի է:
III. Կարծրաթևավորները զարգանում են լրիվ կերպարանափոխությամբ:
IV. Վարում են հիմնականում ազատ կենսակերպ, որոշ տեսակները տնտեսության վնասատուներ են:
 
Զատկաբզեզ
 
Սնվում է լվիճներով՝ բույսերի հյութը ծծող մանր միջատներով: Լվիճները մեծ վնաս են հասցնում գյուղատնտեսությանը: Զատկաբզեզին բազմացնում են լաբորատորիաներում և բաց են թողնում ազատ տարածության մեջ՝ լվիճների դեմ պայքարելու համար: Դա վնասատու միջատներին ճնշելու, բնության մեջ նրանց թվաքանակը կարգավորելու և հասցրած վնասը նվազեցնելու նպատակով կիրառվող պայքարի կենսաբանական մեթոդի օրինակ է:
 
24.jpg
 
Թեփուկաթևավորների կարգ
  
Այս կարգում ընդգրկված են թիթեռները:
  
Ներկայացուցիչներն են՝
  
20.jpg
  
I. Այս կարգին պատկանող միջատների մարմինը, հատկապես թևերը, պատված են թեփուկներով: Դրանք ձևափոխված, տափակացած խիտինե մազիկներ են, որոնց խոռոչում գտնվում են տարբեր գունանյութեր:
Թեփուկների գունանյութերի երանգավորմամբ թիթեռները ոչ միայն ճանաչում են միմյանց, այլև քողարկվում ու դառնում անտեսանելի:
 
II. Թիթեռների բերանային ապարատը ծծող տիպի է:
III. Զարգանում են լրիվ կերպարանափոխությամբ: Նրանց թրթուրները ունե հատուկ գեղձ, որն արտադրում է մետաքսաթել: Այն պատում է թրթուրը և հարսնյակավորում նրան:
IV. Մեծամասամբ ազատ կենսակերպ վարող կենդանիներ են, որոշ տեսակները մշակովի բույսերի վնասատուներ են:
 
Կաղամբաթիթեռ
  
Կաղամբաթիթեռը ձվադրում է կաղամբի և խաչածաղկավորների ընտանիքին պատկանող այլ բույսերի վրա: Թրթուրը կանաչավուն է՝ հարմարված միջավայրին, նոսր ու կարճ մազիկներով պատված: Տերևներով սնվելիս՝ նա արագ աճում է և այդ ընթացքում մի քանի անգամ մաշկափոխվում: Բավականաչափ մեծացած թրթուռը խառերի վրա հարսնյակավորվում է և սկիզբ տալիս հասուն թիթեռի: Հանդիսանում է գյուղատնտեսության վնասատու:
 
25.jpg
  
Երկթևանիների կարգ
  
Այս կարգում ընդգրկված են ճանճերը, մոծակները:
  
Ներկայացուցիչներն են՝
  
21.jpg
 
I. Այս կարգին պատկանող միջատներն ունեն միայն մեկ զույգ թևեր: Թևերի երկրորդ զույգն ապաճել է և վերածվել է բզզանների՝ օդում հավասարակշռությունը պահպանող հարմարանքների: 
II. Ճանճերի բերանային ապարատը լիզող տիպի է՝ մոծակներինը, քոռուկներինը՝ ծակող - ծծող:
III. Զարգանում են լրիվ կերպարանափոխությամբ: Նրանց թրթուրը զուրկ է ոտքերից, իսկ մոծակի թրթուրները զարգանում են միայն ջրի մակերեսին: Այդ պատճառով էլ մալարիայի կրող անոֆելես մոծակը ձվադրում է ճահճային տարածքներում:
IV. Մակաբուծային և գիշատչային կենսակերպով ապրող օրգանիզմներ են: Որոշ տեսակներ մարդու ծանր հիվանդությունների կրողներ են՝ անոֆելեսցեցե ճանճ - քնախտ: Մարդը վարակվում է տվյալ հիվանդությամբ միջատի խայթոցով:
 
Քոռուկ
  
Սնվելու համար հետապնդում են կենդանիներին, նաև մարդուն: Նրանք բերանի օրգաններով կտրում են կենդանիների մաշկը և կնճիթով լիզում արյունը: Մեկ քոռուկը ծծում է այնքան արյուն, որքան \(70\) մոծակը միասին: Քոռուկների թրթուրներն ապրում են խոնավ հողում: Հանդիսանում է գիշատիչ օրգանիզմ:
 
14 - qoruk.jpg
 
Թաղանթաթևանիների կարգ
 
Այս կարգում ընդգրկված են մեղուները, մրջյունները և նրանց տարատեսակները:
 
Ներկայացուցիչներն են՝
 
22.jpg
 
\(I\). Այս կարգին պատկանող միջատներն ունեն երկու զույգ թաղանթանման թևեր: Դրանք թռիչքի ժամանակ կցվում են և գործում որպես մեկ զույգ: Ունեն լավ զարգացած զգայարաններ, որոշ դեպքերում հզոր բերանային ապարատ՝ ուժեղ ծնոտներով: Որոշ տեսակներ, օրինակ՝ մեղուն, ունի փորիկի ծայրին գտնվող ձևափոխված ձվադիր՝ խայթիչ: Այն լցված է մրջնաթթվով և կարող է մխրճել հակառակորդի մարմինը: Սակայն խայթոցի հետ դուրս են գալիս նաև մեղվի ներքին օրգանները և նա սատկում է:
 
\(II\). Բերանային ապարատը կրծող է՝ մրջյուններ, տերմիտներ և կրծող - ծծող՝ մեղուներ, իշամեղուներ:
 
\(III\). Մեծամասամբ վարում են ազատ կենսակերպ, սակայն կան նաև մակաբույծ ձևեր: Հայտնի են տնտեսապես օգտակար ձևեր՝ մեղու և վնասակար ձևեր՝ տերմիտ:
 
Մրջյուն
 
Մրջյունները, բոլոր իշամեղուները, տերմիտները և մեղուների մի մասն ապրում են կազմակերպված խմբերով: Յուրաքանչյուր խումբ մեկ մորից և նրա սերնդից կազմված ընտանիք է, որի հիմնական մասը անպտուղ դուստրերն են՝ աշխատավորները:
Միջատների ընտանիքն ընդունված է համարել հասարակություն:  
Այդ պատճառով խմբերով ապրող միջատներին անվանում են հասարակական:
 
Մրջյունների փորիկը միացած է կրծքին ցողունիկով, նրանք ունեն երկար, ծնկաձև բեղիկներ և լավ զարգացած վերին ծնոտներ: Մրջյունների խայթիչը կարճ է, նրանք չեն խայթում, սակայն դուրս են ցայտում մրջնաթթու պարունակող թույն:
 
Մրջյունների ընտանիքը կազմված է մորից, էգերից, արուներից և աշխատավոր մրջյուններից, որոնք նույնպես էգեր են, սակայն ընդունակ չեն բազմանալու և անթև են: Բեղմնավորումից հետո արուները վերանում են, իսկ էգերը զրկվում են թևերից: Մրջյունների ընտանիքում կան նաև զինվորներ, որոնք ունեն ավելի խոշոր գլուխ և հզոր ծնոտներ:
Հասարակական միջատների ընտանիքում տեղի է ունեցել աշխատանքի բաժանում:
Մրջյունների բնում համակեցությամբ կարող են ապրել նաև լվիճներ, որոնց քաղցր արտաթորանքով սնվում են մրջյունները:
 
26.jpg
Աղբյուրները
Կենսաբանություն. Կենդանի օրգանիզմների բազմազանությունը. 7-րդ դասարանի դասագիրք/ Տ.Վ. Թանգամյան, Ս. Հ. Սիսակյան -Եր.: Տիգրան Մեծ, 2013, էջ 101-105
Կենսաբանություն. Կենդանի օրգանիզմների բազմազանությունը. 7-րդ դասարանի դասագիրք/ Է.Ս. Գևորգյան, Ֆ.Դ. Դանիելյան, Ա.Հ. Եսայան - Եր.: Աստղիկ գրատուն, 2013, էջ 150-153
https://knowhow.pp.ua/wp-content/uploads/2019/01/Mega-6.jpg
http://mirplaneta.ru/images/4/593.jpg
http://fracademic.com/pictures/frwiki/71/Gro%C3%9Fer_Kohlwei%C3%9Fling.jpg
https://classconnection.s3.amazonaws.com/31/flashcards/3938031/jpg/11920-142B2F4CAB96B3FA008.jpg
http://latin-a.com/innovaeditor/assets/admin/Asistencia/hiari.jpg.pagespeed.ce.pr8cDeAzg2.jpg