Միջատների բազմացումը և զարգացումը
Միջատները, ինչպես արդեն գիտեք, բաժանասեռ կենդանիներ են, որոնց մոտ վառ արտահայտված է սեռական դիմորֆիզմը: Դա նշանակում է, որ արուները և էգերը խիստ տարբերվում են միմյանցից չափսերով և գունավորմամբ: Էգ միջատի բարեհաճությանը արժանանալու համար արուները պետք է ունենան գրավիչ արտաքին գունավորում և ուժեղ մկանային համակարգ: Արուները միմյանց հետ մրցակցում են էգ միջատի հետ խաչասերվելու համար, ուստի անհրաժեշտ է ունենալ ուժեղ մկանային համակարգ՝ մրցակցային պայքարում հակառակորդին հաղթելու համար
 
88.jpg
 
Միջատները ունեն գեղձեր, որոնք արտադրում և արյան մեջ են բաց թողնում կենսաբանական ակտիվ նյութեր: Այդ գեղձերը կոչվում են ներզատիչ գեղձեր, իսկ նրանց արտադրանքը՝ հորմոններ:
Հորմոնները սպիտակուցային կամ ճարպային բնույթի նյութեր են, որոնց չնչին քանակությունը ահռելի ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա:
Հորմոնները գլխուղեղի հետ փոխադարձաբար կարգավորում են միջատի կենսագործունեությունը:
Հորմոնները կարող են ինչպես խթանել, այնպես էլ կանխել կա՛մ այս, կա՛մ այն օրգանի աճը: Միջատներին բնորոշ են \(2\) տիպի հորմոններ՝ ընդհանուր և սեռական:
  • Ընդհանուր հորմոնները պատասխանատու են միջատի ընդհանուր և կանոնակարգված զարգացման համար:
  • Սեռական հորմոնները ապահովում են միջատի սեռական հատկանիշների, սեռական օրգանների, սեռական բջիջների զարգացումը, սեռական վարքի դրսևորումը:
  • Միջատների սեռական հորմոնները երկուսնն են՝ արական և իգական:
Արական սեռական հորմոնների ազդեցությամբ խթանվում է արու միջատի մկանների ակտիվ աճը, վառ գունավորումը և ագրեսիվ պահվածքը:
Միջատների բազմացումը կատարվում է ներքին բեղմնավորման միջոցով:
Ներքին բեղմնավորումը ցամաքային կենսակերպին առավելագույնս հարմարման արդյունք է և իրենից նեկայացնում է բազմացման կատարելագործված ձևը:
 
Բեղմնավորման ընթացքում արուն իր սեռական բջիջները ուղարկում է դեպի էգի սեռական ներքին ուղիներ, որտեղ էլ կատարվում է բեղմնավորումը:
 
90.jpg
Սեռական բջիջների ներքին բեղմնավորումը էգի օրգանիզմում ապահովում է բազմացման հուսալիությունը:
Ներքին բեղմնավորումը բնորոշ է նաև բարձր կազմավորված կենդանիներին՝ որոշ սողուններին, թռչուններին, կաթնասուններին, այդ թվում նաև՝ մարդուն:
 
Սպերմատոզոիդները էգի սեռական ուղիներում շատ երկար ժամանակ պահպանում են իրենց կենսունակությունը: Օրինակ՝ մայր մեղուն զուգավորումից հետո կարող է \(4 -5\) տարի ձվադրել առանց կրկնակի զուգավորման:
 
Բեղմնավորումից հետո զիգոտը վերածվում է սաղմի:
 
Տարբերակում ենք միջատների զարգացման \(2\) հիմնական փուլ՝
  • Սաղմնային զարգացում
  • Հետսաղմնային զարգացում
  
\(I.\) Սաղմնային զարգացում
  
Սաղմնային զարգացման ընթացքում սաղմը շրջապատվում է իրեն սնուցող և պաշտպանող հյուսվածքների թերթիկներով և վերածվում ձվի:
Ապագա օրգանիզմի զարգացումը ձվի հյուսվածքներում ընդունված է համարել սաղմնային զարգացում:
Ձվերի մի քանի տասնյակ խմբեր կազմում են բոժոժներ, որոնք էգը կազմավորումից հետո դուրս է բերում իր օրգանիզմից՝ ձվադրում է:
 
89.jpg
 
Ձվադրման համար էգը ընտրում է առավելագույնս տաք և սննդարար միջավայր:
 
Հին եգիպտական դիցաբանության մեջ գոմաղբաբզեզը պաշտամունքի առարկա էր, որը հետին ոտքերով գլորում էր գոմաղբից հղկված գնդիկներ՝ դրանցում ձվադրելու համար: Հին եգիպտացիները դրանում տեսնում էին արևի և երկրագնդի, տարվա եղանակների և օրվա,  ցիկլային շարժումների և փոփոխությունների խորհուրդը:
 
86.jpg
 
Մայիսյան բզեզը ձվադրում է հողում, միջատների մի զգալի մաս ձվադրում է պտուղներում, այլ բուսական և կենդանական հյուսվածքներում, օրինակ՝ խնձորի պտղակեր, բոռ, ոջիլ, ճանճ: Որոշակի զարգացման մակարդակի հասնելուց հետո սաղմը վերածվում է թրթուրի, որը պատռում է ձվի թաղանթները և դուրս գալիս արտաքին միջավայր՝ որպես ինքնուրույն օրգանիզմ:
  
\(II.\) Հետսաղմնային զարգացում
 
Թրթուրի անհատական զարգացումը ձվից դուրս գալու պահից հետո անվանվում է հետսաղմնային զարգացում:
Միջատների հետսաղմնային զարգացումը ընթանում է կերպարանափոխությամբ: Ձվից դուրս եկած թրթուրը տարբերվում է հասուն միջատից կա՛մ ամբողջությամբ, կա՛մ մասամբ:
 
Գոյություն ունի միջատների հետսաղմնային զարգացման \(2\) տեսակ՝
 
c8a674f2f2abda3d99264a4d763dbf61.jpg
 
\(1. \)Թերի կերպարանափոխություն
  
Այս դեպքում ձվից դուրս եկած թրթուրն արտաքին կառուցվածքով, կենսակերպով, սնման եղանակով նման է հասուն ձևին, սակայն տարբերվում է չափսերով: Մի քանի մաշկափոխությունից հետո միջատն ի վերջո հասունանում է և վերածվում հասուն ձևի:
Ձու - թրթուր - թերհաս միջատ - հասուն միջատ փուլերով զարգացումը կոչվում է թերի կերպարանափոխությամբ զարգացում:
Թերի կերպարանափոխությամբ են զարգանում մորեխները, ճռիկը, խավարասերները, ճպուռը, արջուկը, աղոթարարը:
 
istockphoto-133441863-612x612.jpg
 
\(2. \)Լրիվ կերպարանափոխություն
  
Այս դեպքում հետսաղմնային զարգացումը կապված է օրգանիզմի արտաքին և ներքին կառուցվածքի շատ խոր փոփոխությունների հետ: Ձվից դուրս եկած թրթուրը շատ նման է օղակավոր որդի: Նրա մարմինը տարբերակված չէ, չունի թևեր, բերանային ապարատն այլ տիպի է, ճանճի թրթուրներն ընդհանրապես անոտ են: Օրինակ՝ թիթեռը ունի ծծող, իսկ նրա թրթուրը՝ կրծող բերանային ապարատ: Թրթուրը որպես առանձնյակ սնվում է, աճում, տեղաշարժվում, զարգանում, որից հետո հասնելով հասունության հստակ մակարդակի՝ անցնում է կերպարանափոխության: Թրթուրը դադարում է սնվել, տեղաշարժվել, ամրանում է ծառի ճյուղին և տեղափոխվում հանգստի շրջան, որը կոչվում է հարսնյակային:
 
97.jpg
 
Թրթուրը հատուկ գեղձերից արտադրում է նուրբ մազանման թելիկներ, որոնցով պարուրվում է, ծածկվում և ինքնամեկուսանում արտաքին աշխարհից` վերածվում հարսնյակի: Որոշ միջատների հարսնյակը ունի ահռելի նշանակություն մարդու համար: Թթենու շերամի հարսնյակային թելիկներից մարդը սովորել է ստանալ մետաքսաթել և պատրաստել բնական ու թանկարժեք գործվածք՝ մետաքս:
 
102.jpg
 
Թրթուրի տվյալ կարգավիճակը անվանվում է հարսնյակ: Հարսնյակում նյարդային համակարգից բացի վերակառուցվում են թրթուրի բոլոր կազմավորումները: Այնուհետև հարսնյակը պատռվում է և դուրս է թռչում հասուն միջատը:
Ձու - թրթուր - հարսնյակ - հասուն միջատ փուլերով զարգացումը կոչվում է լրիվ կերպարանափոխությամբ զարգացում:
Լրիվ կերպարանափոխությամբ են զարգանում՝ բզեզները, թիթեռները, մոծակները, մեղուները, մրջյունները:
 
93.jpg
 
Լրիվ կերպարանափոխությամբ զարգացման ընթացքում միջատների նմանությունը օղակավոր որդերին՝ հուշում է նրանց ազգակցական կապի մասին: Լրիվ կերպարանափոխությամբ միջատները արագ տարածվել են, քանի որ ունեն միջավայրին հարմարվելու և այն իրենց զարգացմանը ծառայեցնելու ավելի մեծ հնարավորություններ:
Աղբյուրները
Կենսաբանություն. Կենդանի օրգանիզմների բազմազանությունը. 7-րդ դասարանի դասագիրք/ Տ.Վ. Թանգամյան, Ս. Հ. Սիսակյան -Եր.: Տիգրան Մեծ, 2013, էջ 103-107
Կենսաբանություն. Կենդանի օրգանիզմների բազմազանությունը. 7-րդ դասարանի դասագիրք/ Է.Ս. Գևորգյան, Ֆ.Դ. Դանիելյան, Ա.Հ. Եսայան - Եր.: Աստղիկ գրատուն, 2013, էջ 153-155
http://imagebank.biz/wp-content/uploads/2014/03/92111.jpg
https://media.istockphoto.com/videos/two-colorado-striped-beetles-leptinotarsa-decemlineata-this-beetle-is-video-id1087446826?s=640x640
https://pp.vk.me/c638129/v638129196/1dac0/0lbKuRjeXZE.jpg
http://www.newacropolis.org.ua/uploads/production/ckeditor/picture/data/51e/d64/5f-/51ed645f-d18c-413b-8ed8-fa0941f8f9c1/content.png
http://znakka4estva.ru/uploads/category_items/sources/c8a674f2f2abda3d99264a4d763dbf61.jpg
https://media.istockphoto.com/vectors/life-cycle-of-a-grasshopper-vector-id133441863
https://st3.depositphotos.com/1003502/13688/v/950/depositphotos_136883632-stock-illustration-the-stages-of-metamorphosis-of.jpg
https://avatars.mds.yandex.net/get-pdb/1642325/9392f7f0-84dc-484d-9cee-a0ca32c44769/h150
https://www.moya-planeta.ru/files/holder/fd/b3/fdb3d4643f5a4aff5cf98bf7b314d708.jpg