
















Նախակորիզավորների ընդհանուր բնութագիրը և բակտերիաների կառուցվածքը
Նախակորիզավորները հանդիսանում են կյանքի կազմավորման բջջային մակարդակի առաջին ներկայացուցիչներ: Նրանք երկրագունդը գրաված առաջին օրգանիզմներն են: Նախակորիզավորները տարբերվում են մյուս օրգանիզմներից և շատ բազմազան են: Այդ պատճառով նախակորիզավորներն ունեն դասակարգման սեփական աստիճանակարգը կենդանի օրգանիզմների կայսրությունում:
Նախակորիզավորներն ունեն հետևյալ կարգաբանական դիրքը կենդանի օրգանիզմների բազմազանության մեջ.

Նախակորիզավոր օրգանիզմների կառուցվածքի և կենսագործունեության հետ հարմար է ծանոթանալ բակտերիաների օրինակով:
Բակտերիաները հանդիսանում են երկրագնդի հնագույն բնակիչները, որոնք ձևավորվել են մոտ \(3,5\) միլիարդ տարի առաջ: Բակտերիա հունարեն նշանակում է ձողիկ - «բակտերիոն»: Բակտերիաները միաբջիջ, անզեն աչքով անտեսանելի պարզագույն օրգանիզմներ են:
Բակտերիաների կառուցվածքը համարժեք է բջջի կառուցվածքին, սակայն ունի որոշակի առանձնահատկություններ:
Բակտերիալ բջիջը բաղկացած է ցիտոպլազմայից, որի մեջ գտնվում են.
- բջջի կենսագործունեության համար անհրաժեշտ օրգանոիդը` ռիբոսոմները,
- տարատեսակ պիտանի օրգանական մոլեկուլներ` ներառուկներ, օրինակ` սպիտակուցներ,
- նյութափոխանակության արգասիքներ,
- ժառանգական նյութ:

Բակտերիաների բջջում բացակայում է լավ կազմավորված և հատուկ առանձնացված կորիզը: Կորիզի փոխարեն նրանում պարունակվող ժառանգական նյութը ուղղակի տեղակայված է ցիտոպլազմայում` առանց որևէ սահմանազատման: Այդ պատճառով այս օրգանիզմները կոչվում են նախակորիզավորներ կամ պրոկարիոտներ:
Բակտերիալ ցիտոպլազման պատված է բջջաթաղանթով, որը կոչվում է ցիտոպլազմատիկ թաղանթ: Արտաքինից բակտերիալ բջիջը պատված է բավականին հաստ և ամուր բջջապատով: Այն կազմված է հատուկ ածխաջրերից և ապահովում է բակտերիաների բջջի կայուն ձևը:
Բակտերիաների բջջապատը հիմնականում արտաքինից պատված է լորձաթաղանթով: Այն պաշտպանում է բջիջը արտաքին միջավայրի անբարենպաստ ազդեցությունից` չորացումից, ցրտահարումից, քիմիական ազդեցությունից և այլն:
Բակտերիաները կարող են լինել անշարժ և ակտիվ շարժվող: Շարժուն բակտերիաների բջջապատի արտաքին մակերեսին առկա են մտրակներ և թարթիչներ, որոնք ծառայում են շարժման համար:
Բակտերիաները՝ որպես հնագույն օրգանիզմներ, կենսագործում են ամենուրեք` օդում, ջրում, հողում, այլ կենդանի օրգանիզմներում: Մեկ գրամ հողում հաշվվում է մոտավորապես \(3\) միլիարդ բակտերիալ բջիջ:
Բակտերիաներն ունեն բազմազան ձևեր: Բակտերիալ բջջի ձևից կախված` նրանց տրվում են տարբեր անվանումներ.
- Գնդաձև բակտերիաները կոչվում են կոկեր,
- Զույգերով գոյակցող կոկերը կոչվում են դիպլոկոկեր,
- Շղթա կազմողները՝ ստրեպտոկոկեր,
- Ողկույզի պես խմբավորվածները՝ ստաֆիլոկոկեր,
- Ցուպիկաձև կամ ձողիկաձև բակտերիաները կոչվում են բացիլներ,
- Պարուրաձև ձգվածները` սպիրիլներ,
- Ստորակետաձև, աղեղնաձև կամ կոր բակտերիաները կոչվում են վիբրիոններ:

Բակտերիաները բազմանում են բջջի ուղղակի կիսման միջոցով: Յուրաքանչյուր \(20-30\) րոպե պարբերականությամբ՝ մեկ մայրական բջիջը կիսվելով առաջացնում է \(2\) դուստր բջիջ և այսպես շարունակ: Աճելով երկրաչափական պրոգրեսիայով և շատ արագ` բակտերաները \(5\) օրում ամբողջովին կլցնեին երկրագունդը: Այնուհանդերձ, նրանք արագ ոչնչանում են, քանի որ անկայուն են արևի ուղղակի ճառագայթների, բարձր ջերմաստիճանի և սննդի բացակայության նկատմամբ:

Բակտերիաները ձևավորել են մեխանիզմ, որի միջոցով հաղթահարում են անբարենպաստ պայմանները: Բջջի պարունակությունը սեղմվում է և հեռանում բջջաթաղանթից, իսկ դրա տակ գոյանում է նոր պատիճ՝ հաստ և բազմաշերտ: Առաջացած բջիջը կոչվում է սպոր: Այն բավական դիմացկուն է և կարող է գոյատևել տարաբնույթ անբարենպաստ պայմանների առկայության դեպքում:
Սպորներում բջջի ակտիվությունը գրեթե դադարում է, ինչի շնորհիվ դրանք կարող են դիմակայել բազում տարիներ: Տարածվելով և հայտնվելով բարենպաստ պայմաններում` սպորը վերականգնում է ակտիվ կենսագործունեությունը և վերաճում սովորական բակտերիալ բջջի:

Ուշադրություն
Սպորագոյացումը բակտերիալ բջջում անբարենպաստ պայմաններին հարմարվելու մեխանիզմ է:
Բակտերիաները, որոնց կենսագործունեության համար անհրաժեշտ է թթվածին, կոչվում են աերոբ: Առանց թթվածնի գոյատևող բակտերիաները կոչվում են անաերոբ:
Աղբյուրները
Տ. Թանգամյան, Ս. Սիմոնյան // Կենսաբանություն. Կենդանի օրգանիզմների բազմազանությունը, 7 դասարան // Երևան, «Տիգրան Մեծ», 2007, էջ 12-13
Կենսաբանություն. Կենդանի օրգանիզմների բազմազանությունը. 7-րդ դասարանի դասագիրք/ Է.Ս. Գևորգյան, Ֆ.Դ. Դանիելյան, Ա.Հ. Եսայան: Աստղիկ գրատուն, 2013, էջ 12-14
http://mundoeducacao.bol.uol.com.br/upload/conteudo_legenda/d7447325d4c16226432fe0b7a786d524.jpg
https://www.alllessons.ru/wp-content/uploads/files/hello_html_md72a649.png
https://www.litres.ru/static/bookimages/12/60/55/12605575.bin.dir/h/i_053.jpg