Թռչունների բազմացումը և զարգացումը
Թռչունները ձվադրողբաժանասեռ կենդանիներ են և բազմանում են ներքին բեղմնավորմամբ: Թռչունները, ի տարբերություն սողունների, չունեն կենդանածին ձևեր:
Թռչունների բազմացման օրգանները կառուցվածքով շատ նման են սողունների բազմացման օրգաններին:
Արուն ունի երկար զույգ սերմնարաններ, որոնք սերմնածորաններով բացվում են կոյանոցի մեջ:
Էգը ունի կենտ ձվարաններ, որոնք կենտ ձվատարով բացվում են կոյանոցի մեջ:
 
76.jpg
 
Էգերի մոտ միայն մեկ ձվարանի զարգացումը թեթևացնում է նրանց քաշը: Բացի այդ, քանի որ նրանք դնում են խոշոր ձվեր, դրանց միաժամանակյա զարգացումը երկու ձվարաններում կարող էր բերել անցանկալի հետևանքների:
Ձվաբջիջը բեղմնավորվում է սպերմատոզոիդի հետ հենց էգի օրգանիզմում:
Թռչունների մոտ լավ արտահայտված է սեռական դիմորֆիզմը: Արուները ունեն վառ գունավորում, ավելի խոշոր են և գրավում են էգերին: Թռչունների բազմացումը սկսվում է հարսանեկան խաղերով: Դրանք դրսևորվում են տարբեր կերպ՝ կռունկները պարում են, սոխակները՝ երգում, փայտփորիկները` կտցահարում ծառի բները:  
  
Հարսանեկան խաղերին մասնակցում են և՛ արուները, և՛ էգերը, սակայն արուների մասնակցությունը միշտ ավելի արտահայտված է: Հարսանեկան խաղերի ընթացքում ձևավորվում են զույգերը:
 
88.jpg
  
Արագիլը, կարապը, պինգվինները զույգեր են կազմում ամբողջ կյանքի համար:
 
Սոխակները, կեռնեխը, կռնչան բադը զույգեր են կազմում միայն մեկ սեզոնի համար:
 
Ձվարանից դուրս գալուց հետո ձվաբջիջը ընկնում է ձվատարի մեջ: Ձվատարի սկզբնամասում կատարվում է բեղմնավորում, որից հետո ձվատարի պատերի կծկումների շնորհիվ բեղմնավորված ձվաբջիջը շարժվում է դեպի կոյանոց:
 
Ձվատարի պատերը ծածկված են գեղձերով, որոնց օգնությամբ բեղմնավորված ձվաբջջից զարգանում է ձուն:
 
14.jpg
 
Բեղմնավորված ձվաբջիջը շարժվելով՝ վերածվում է սաղմի, որի շուրջ ձևավորվում է սպիտակուցային միջավայր, սաղմնային թերթիկներ և կրային կճեպ: Ձվատարով շարժվելու ընթացքում կատարվում է բեղմնավորված ձվաբջջից ձվի զարգացման գործընթացը, որը ավարտին է հասնում կոյանոցում:
 
Ձվի կենտրոնում գտնվում է դեղնուցը: Դեղնուցի վերին մասում գտնվում է սաղմնային սկավառակը: Դեղնուցն իր մեջ պարունակում է մեծ քանակով սննդանյութեր, որոնք անհրաժեշտ են սաղմի զարգացման համար: Դեղնուցը ձվի թաղանթին միացած է կախաններով: Դեղնուցն արտաքինից պատված է սպիտակուցով, որը պաշտպանում է սաղմը և հանդիսանում է ջրի պահեստավորված զանգված: Սպիտակուցային մարմինը պատված է սաղմնային՝ ենթակճեպային թաղանթներով:
 
Սաղմնային թաղանթները ապահովում են սաղմի բնականոն զարգացումը և ծածկված են ձվի հիմնական պաշտպանական, արտաքին ծածկույթով՝ կրային կճեպով: Կճեպը ծակոտկեն է՝ դրանով ապահովելով օդի ներթափանցումը ձվի մեջ: Ձվի բութ մասի և սաղմնային թաղանթների միջև կա օդախորշ:
 
55.jpg
 
Երբ հասունացած ձուն հայտնվում է կոյանոցում՝ կատարվում է ձվադրում, որից հետո թռչունը թխսում է:
Թուխս նստելը թռչնի կողմից սեփական մարմնի ջերմաստիճանի հաղորդումն է ձվի սաղմին նրա զարգացումը ապահովելու համար:
Երբ թռչունը թխսում է, ձվում վերսկսվում է սաղմնային զարգացումը, որի համար անհրաժեշտ է բարձր ջերմաստիճան՝ \(37°C\) - \(39°C\): Ավելի ցածր ջերմաստիճանի պայմաններում զարգացումը կանգ է առնում:
Թռչնի ձվի մեջ կան սաղմի զարգացման համար անհրաժեշտ բոլոր պիտանի նյութերը, բացի թթվածնից: 
 
Թռչունների սաղմն արագ է զարգանում: Ձվից դուրս գալուց առաջ ճուտն անցնում է թոքային շնչառության՝ \(1 - 2\) անգամ ներշնչելով օդախորշում գտնվող օդը: Այնուհետև ճուտն իր վերնակտուցի վրա գտնվող թմբիկով ջարդում է ձվի կեղևը և դուրս գալիս:
 
87.jpg
 
Թռչունների հետսաղմնային զարգացումը միանման չի ընթանում: Որոշ թռչունների ձագերը ծնվում են թույլ և ծնողների կարիքն ունեն, որոշ ձագեր ծնվում են համեմատաբար ուժեղ և ավելի ինքնուրույն են:
Ըստ այդմ, հիմք ընդունելով թռչունների հետսաղմնային զարգացումը, տարբերակում ենք՝
 
Բնախույս թռչուններ. օրինակ՝ ջայլամները, հավերը, սագերը, կռունկները:
 
Բնակալ թռչուններ. օրինակ՝ սարյակ, փայտփորիկ, երաշտահավ, անգղ:
  
Բնախույս թռչունների ձագերը ձվից դուրս են գալիս միանգամայն ձևավորված: Նրանց աչքերը բաց են, կարող են քայլել, վազել, իսկ ջրալող թռչունների ճտերը՝ լողալ: Մայրը նրանց պաշտպանում է թշնամիներից, տաքացնում է և սովորեցնում է կեր գտնել:
  
Բնակալ թռչունների ձագերը ձվից դուրս են գալիս կույր, անօգնական, թերզարգացած փետրածածկույթով: Լրիվ զարգանալու համար ճտերը մնում են բնում մի քանի օրից մինչև \(2\) ամիս: Այդ ընթացքում ծնողները տաքացնում և կերակրում են ձագերին: Ծնողների խնամքի շնորհիվ նրանք կարողանում են հասնել վերջնական զարգացման:
 
86.jpg
Աղբյուրները
Կենսաբանություն. Կենդանի օրգանիզմների բազմազանությունը. 7-րդ դասարանի դասագիրք/ Տ.Վ. Թանգամյան, Ս. Հ. Սիսակյան -Եր.: Տիգրան Մեծ, 2013, էջ 163-165
Կենսաբանություն. Կենդանի օրգանիզմների բազմազանությունը. 7-րդ դասարանի դասագիրք/ Է.Ս. Գևորգյան, Ֆ.Դ. Դանիելյան, Ա.Հ. Եսայան - Եր.: Աստղիկ գրատուն, 2013, էջ 221-223
https://cdn-images-1.medium.com/max/1600/1*EiljHPhq_uvW7o1xj1o-1Q.jpeg
https://biography123.files.wordpress.com/2012/08/active-birds-wallpaper.jpg
https://s00.yaplakal.com/pics/pics_original/0/1/3/12644310.jpg
https://www.marybakery.ru/wp-content/uploads/2018/08/stroenie-jajca-768x480.jpg
http://coop39.ru/wp-content/uploads/2019/02/ky_1.jpg
https://cache3.youla.io/files/images/280_300/5a/bc/5abc9ab3d67750099a6c1a84.jpg