![](https://www.imdproc.am/upload/yp2/nkar.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text11.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text12.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text13.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text0.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text21.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text22.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text23.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/logo.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/hamar.png)
Միզագոյացում և միզարձակում
![shutterstock_108758510.jpg](https://resources.cdn.imdproc.am/48868e0c-18be-4af7-987c-914488c80ae0/shutterstock_108758510-w396.jpg)
Միզագոյացում: Չափահաս մարդու օրգանիզմում օրվա ընթացքում առաջանում է \(1,5\) լ մեզ, իսկ միզապարկում կարող է կուտակվել մոտ \(200-300\) մլ մեզ: Մեզի քանակը և բաղադրությունը կախված են օգտագործվող ջրի և սննդի քանակից, ինչպես նաև նյութափոխանակության ակտիվությունից:
Միզագոյացումն սկսվում է երիկամային մարմնիկի պատիճում, որտեղ կծիկի մազանոթներից արյան պլազման ֆիլտրվելով` վերածվում է առաջնային մեզի:
![augmentasi tcd.jpg1984.jpg](https://resources.cdn.imdproc.am/ef0ed9ce-c5a3-4f6f-81a8-e0a9a5e0b6e3/augmentasi%20tcd.jpg1984-w400.jpg)
Մեկ օրվա ընթացքում երիկամների զարկերակներով անցնում է \(1500-1700\) լ արյուն, որից ֆիլտրվում է \(150-170\) լ առաջնային մեզ:
Առաջնային մեզը պատիճից անցնում է գալարուն խողովակի մեջ: Նրա պատերն օժտված են ընտրողական թափանցելիությամբ, որի շնորհիվ առաջնային մեզից ջրի մեծ մասը և օրգանիզմի համար պիտանի նյութերը հետ են ներծծվում արյան մեջ:
Որոշ նյութեր (օրինակ գլյուկոզը) ամբողջությամբ հետ են ներծծվում, որոշ նյութեր՝ մասնակի, իսկ երրորդները՝ (օրինակ, միզանյութը) համարյա հետ չեն ներծծվում: Մնացած քիչ քանակով ջուրը և օրգանիզմի համար ոչ պիտանի նյութերը միասին կազմում են երկրորդային մեզը:
Մեկ օրվա ընթացքում առաջանում է \(1,2-1,5\) լ երկրորդային մեզ:
Մեզը թափանցիկ, դեղնավուն հեղուկ է, որի \(96\)%-ը ջուր է, իսկ \(4\)%-ը՝ չոր նյութ: Մեզով հեռանում են ջրի, հանքային աղերի ավելցուկը, միզանյութը, միզաթթուն, ֆոսֆատները և ուրիշ նյութեր: Երբեմն մեզով կարող են հեռանալ նաև օրգանիզմի համար պիտանի նյութեր (օրինակ գլյուկոզ): Ուստի երիկամները մասնակցում են արյան քիմիական կազմի հաստատունության պահպանմանը:
Երիկամային ավազանը խոռոչ է, որից սկիզբ է առնում միզածորանը: Երիկամներից մեզը երկու միզածորաններով լցվում է միզապարկի մեջ:
Միզապարկից սկիզբ է առնում միզուկը, որի վրա կան մկանային երկու հաստացումներ՝ սեղմաններ:
Միզապարկում մեզի կուտակման որոշակի քանակի (\(200-300\) մլ) դեպքում նրա պատերի ընկալիչներն ընկալում են ճնշումը, մկանաշերտի կծկումների շնորհիվ տեղի է ունենում միզարձակում: Մեզն օրգանիզմից հեռացվում է միզուկով:
Ուշադրություն
Այսպիսով, մեզն արտադրվում է անընդհատ, սակայն օրգանիզմից հեռացվում է պարբերաբար:
![9.gif](https://resources.cdn.imdproc.am/deea0c9f-f3a4-4f2e-a553-bd9768d1f7e1/9.gif)
Միզագոյացման, միզարձակման կարգավորումը: Երիկամների աշխատանքը կարգավորվում է նյարդային և հումորալ եղանակներով:
Նյարդային կարգավորումն իրականացվում է վեգետատիվ նյարդային համակարգի միջոցով:
![20839607_714394322098938_673063936_n.png](https://resources.cdn.imdproc.am/c5f13a79-4332-4a60-91cc-d6c89c2fc7e2/20839607_714394322098938_673063936_n-w400.png)
Միզագոյացման հումորալ կարգավորումն իրականացնում են մակուղեղը և մակերիկամի կեղևային շերտը:
Արտազատական համակարգի մասին ավելի լավ պատկերացում կազմելու համար դիտի՛ր այս տեսանյութը:
Աղբյուրները
1. Մարդու անատոմիա։ 2 հատորով Է.Ի. Բորզյակ, Ե.Ա.Դոբրովոլսկայա, Վ.Ս. Ռևազով, Մ.Ռ. Սապին։ Երևան, Լույս 1992
2. Կենսաբանություն: Մարդ: Ս.Հ.Սիսակյան,Տ.Վ.Թանգամյան,Գ.Ի.Միրզոյան: Երևան, Տիգրան Մեծ 2014
3. Կենսաբանություն: Մարդ: Ս.Մինասյան, Ծ.Ադամյան, Հ. Հովհաննիսյան: Երևան,Մակմիլան Արմենիա 2000