![](https://www.imdproc.am/upload/yp2/nkar.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text11.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text12.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text13.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text0.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text21.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text22.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text23.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/logo.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/hamar.png)
Լյարդի, ենթաստամոքսային և աղիքային գեղձերի դերը մարսողության գործընթացում
Լյարդը մարդու օրգանիզմի ամենախոշոր գեղձն է (մոտ \(1500\) գ), որը տեղակայված է աջ կողատակում` անմիջապես ստոծանու տակ: Կազմված է աջ և ձախ բլթերից, որոնցից ձախը ծածկում է ստամոքսի զգալի մասը: Լյարդի դրունքում են գտնվում նյարդերը, անոթները և լեղածորանը, որոնք պատված են ամուր շարակցահյուսվածքային թաղանթով:
![AR-170319995.jpg](https://resources.cdn.imdproc.am/32424d72-cc1c-4750-ae19-6dc86d3eaaeb/AR-170319995-w500.jpg)
Խոշոր անոթով (դռներակ) լյարդի մեջ է մտնում աղեստամոքսային ուղուց դուրս եկող ամբողջ երակային արյունը: Այստեղ արյունը վնասազերծվում է սպիտակուցի քայքայման ընթացքում առաջացած ամոնիումի թունավոր աղերից և սննդի հետ մարսողական համակարգ անցած այլ թունավոր նյութերից: Ամոնիակից և ամոնիումի աղերից լյարդում ձևավորվում է համեմատաբար քիչ թունավոր միզանյութ:
Լյարդի ստորին մակերեսին գտնվում է լեղապարկը, որտեղ հավաքվում է լյարդի կողմից մշակված լեղու մի մասը:
Լյարդը անընդհատ արտադրում է լեղի, իսկ մարսողության պահին ընդհանուր լեղածորանով լեղին լյարդից և լեղապարկից լցվում է \(12\)-մատնյա աղի: Լեղին ունի գորշ դեղնավուն գույն, որը պայմանավորված է բիլիռուբին գունանյութով: Վերջինս առաջանում է հեմոգլոբինի քայքայումից:
Ուշադրություն
Լեղին պարունակում է \(90\)% ջուր և \(10\)% օրգանական ու անօրգանական նյութեր: Այն չի պարունակում մարսողական ֆերմենտներ, սակայն ակտիվացնում է մարսողական ֆերմենտների արտադրությունը և նպաստում է ճարպերի էմուլսացմանն ու ներծծմանը: Բացի այդ, լեղին ուժեղացնում է աղիների շարժողական ակտիվությունը և արգելակում նեխման գործընթացները:
![shutterstock_74584081.jpg](https://resources.cdn.imdproc.am/723b20cf-b929-4371-ae2c-f06ece57cbec/shutterstock_74584081.jpg)
Լյարդը կատարում է նաև մի շարք այլ գործառույթներ, որոնցից է ածխաջրերի և ճարպերի փոխանակությունը:
Լյարդում գլյուկոզը փոխակերպվում է գլիկոգենի, որը որպես պահեստային ածխաջուր կուտակվում է և անհրաժեշտության դեպքում աստիճանաբար քայքայվում` դրանով իսկ ապահովելով գլյուկոզի հարաբերական կայուն խտությունն արյան մեջ:
Գլյուկոզի կայուն քանակն անհրաժեշտ է բոլոր բջիջների և առաջին հերթին նյարդային բջիջների բնականոն կենսագործունեության համար: Լյարդում սինթեզվում են ֆիբրինոգեն և պրոթրոմբին սպիտակուցները: Այդ սպիտակուցների բացակայությունն ուղեկցվում է արյան մակարդելիության խանգարմամբ: Լյարդը կատարում է նաև պատնեշային ֆունկցիա՝ արգելափակելով թույների թափանցումը աղիներից օրգանիզմ:
Ուշադրություն
Լյարդում տեղի է ունենում ծերացած էրիթրոցիտների քայքայում: Ամոնիումի թունավոր աղերը, որոնք առաջանում են սպիտակուցների քայքայումից, լյարդում վերափոխվում են միզանյութի, որը սակավ թունավոր է և հեռացվում է մեզի միջոցով:
Ենթաստամոքսային գեղձ: Տեղակայված է ստամոքսի հետևում` գոտկային երկրորդ ողի մակարդակում:
Ենթաստամոքսային գեղձը կազմված է գլխիկից, մարմնից և պոչից: Նրա գլխիկը շրջապատված է \(12\)-մատնյա աղիով, իսկ պոչային հատվածը հարում է փայծաղին:
![shutterstock_312992837.jpg](https://resources.cdn.imdproc.am/e7155577-9c87-49dc-a40c-cd89ba399687/shutterstock_312992837-w500.jpg)
Այն պարունակում է սպիտակուցը քայքայող տրիպսին ֆերմենտը: Նրանում կան նաև ֆերմենտներ, որոնք քայքայում են ճարպերը (լիպազ), ածխաջրերը (ամիլազ և մալթազ) և նուկլեինաթթուները (նուկլեազ): Բոլոր այդ ֆերմենտներն ակտիվ են միայն հիմնային միջավայրում: Բարակ աղիքի լորձաթաղանթում կան հսկայական թվով խողովակաձև գեղձեր, որոնք մշակում են աղիքահյութ: Աղիքահյութի բաղադրության մեջ կան բազմաթիվ ֆերմենտներ, որոնց շնորհիվ ավարտվում է սննդանյութերի մարսման գործընթացը:
![20140510195730120.gif16.gif](https://resources.cdn.imdproc.am/6f2e4c7d-ed95-4c5a-8623-1a8b52b4b32d/20140510195730120.gif16.gif)
Աղբյուրները
Մարդու անատոմիա։ 2 հատորով Է.Ի.Բորզյակ, Ե.Ա.Դոբրովոլսկայա, Վ.Ս.Ռևազով, Մ.Ռ.Սապին։ Երևան, Լույս 1992
Կենսաբանություն: Մարդ: Ս.Հ.Սիսակյան, Տ.Վ.Թանգամյան,Գ.Ի.Միրզոյան: Երևան, Տիգրան Մեծ 2014
Կենսաբանություն: Մարդ: Ս.Մինասյան, Ծ.Ադամյան, Հ.Հովհաննիսյան: Երևան, Մակմիլան Արմենիա 2000