![](https://www.imdproc.am/upload/yp2/nkar.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text11.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text12.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text13.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text0.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text21.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text22.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text23.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/logo.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/hamar.png)
Մարսողությունը ստամոքսում
Ստամոքսի կառուցվածքը: Կերակրափողից սննդագնդիկը տեղաշարժվում է ստամոքս շնորհիվ կերակրափողի պատերի ալիքաձև կծկման և լորձի առկայության: Ստամոքսում սնունդը խառնվում է մարսողական հյութերի հետ և մասամբ մարսվում: Նրա պատի ծալքավոր լորձաթաղանթում կան բազմաթիվ գեղձեր, որոնց մի մասը արտազատում է լորձ: Վերջինս պաշտպանում է ստամոքսի պատը ստամոքսահյութի քայքայիչ ազդեցությունից (ինքնամարսումից): Կան նաև պեպսին և աղաթթու արտադրող գեղձեր:
Ստամոքսը մարսողական խողովակի ամենալայնացած հատվածն է և տեղակայված է որովայնի ձախ կողմում` ստոծանու տակ: Ստամոքսի ծավալը \(2-3\) լիտր է:
![shutterstock_565910287.jpg](https://resources.cdn.imdproc.am/2ab46ec1-1ea9-499b-a24c-85fdb7b2f57b/shutterstock_565910287-w600.jpg)
Մարսողությունը ստամոքսում: Լորձաթաղանթում կա մոտավորապես \(35\) միլիոն գեղձ, որոնք արտազատում են պեպսին ֆերմենտը, որը ճեղքում է սպիտակուցների երկար շղթաները՝ վերածելով ավելի կարճ շղթաների:
Ուշադրություն
Պեպսինն ազդում է միայն թթվային միջավայրում, որն ապահովում է աղաթթուն:
Աղաթթուն ոչնչացնում է մեծ թվով վնասակար մանրէներ, որոնք սննդի հետ թափանցում են ստամոքս: Աղաթթվի շնորհիվ սպիտակուցները ուռչում են` մեծացնելով ֆերմենտների հետ շփման մակերեսը: Օրվա ընթացքում արտադրվում է մինչև \(2\) լիտր ստամոքսահյութ: Ստամոքսում սննդանյութը մնում է \(4-6\) ժամ, որի ընթացքում այն վերափոխվում է կիսահեղուկ կամ հեղուկ շիլայանման սննդախյուսի, և միաժամանակ տեղի է ունենում մարսման գործընթացը:
![shutterstock_500446762-w500.jpg](https://resources.cdn.imdproc.am/db043794-5b27-4e14-b606-3f001c91b4f6/shutterstock_500446762-w500.jpg)
Ստամոքսի պատի միջին շերտը կազմված է հարթ մկանաթելերից, որոնց կծկումների շնորհիվ սնունդը շարունակում է շաղախվել ստամոքսահյութով: Բացի այդ, մկանների պարբերաբար կծկման շնորհիվ ստամոքսահյութով շաղախված սնունդը տեղաշարժվում է բարակ աղիների սկզբնամաս` \(12\)-մատնյա աղի: Ստամոքսում շարունակվում է սննդագնդիկում առկա դեռևս չմարսված ածխաջրերի քայքայումը թքի պտիալին ֆերմենտով այնքան ժամանակ, քանի դեռ սննդախյուսում լիովին չի ներծծվել աղաթթվի լուծույթը:
Եթե մարդն ընդունում է ոչ որակյալ սնունդ, առաջանում է փսխման ռեֆլեքս, և ստամոքսի պարունակությունը թափվում է դուրս: Փսխումը կարելի է առաջացնել նաև լեզվի հիմքը գրգռելու միջոցով:
![anigif_sub-buzz-4982-1474662313-2.gif](https://resources.cdn.imdproc.am/22518b64-42d4-4f6b-a835-0628a70c6ffc/anigif_sub-buzz-4982-1474662313-2.gif)
Աղբյուրները
Ս.Հ.Սիսակյան, Տ.Վ.Թանգամյան, Գ.Ի.Միրզոյան «Կենսաբանություն:Մարդ» 8-րդ դասարանի դասագիրք, Եր., Տիգրան Մեծ 2014
Ս.Մինասյան, Ծ. Մինասյան, Հ.Հոհաննիսյան «Կենսաբանություն:Մարդ»: Երևան,Մակմիլան Արմենիա 2000
Ն.Ի Սոնին, Մ.Ռ Սապին, «Կենսաբանություն:Մարդ»: Երևան, Անտարես 2008