![](https://www.imdproc.am/upload/yp2/nkar.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text11.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text12.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text13.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text0.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text21.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text22.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text23.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/logo.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/hamar.png)
Եվրասիայի աշխարհագրական դիրքը
Ուշադրություն
Եվրասիան հյուսիսից-հարավ և արևելքից-արևմուտք ամենաերկարաձգված մայրցամաքն է:
![Eurasia-cayraketer-koordinatner.jpg](https://resources.cdn.imdproc.am/fbaac067-1d9d-4021-b17b-2bff39bebe2b/Eurasia-cayraketer-koordinatner.jpg)
Եվրասիայի ծայրակետերը
Եվրասիա մայրցամաքը միաժամանակ գտնվում է երեք կիսագնդերում, քանի որ նրա ամբողջ տարածքը հյուսիսային կիսագնդում է, իսկ Գրինվիչի միջօրեականը անցնում է Եվրասիայի արևմտյան մասով: Այսպիսով, տարածքի մեծ մասը մնում է արևելյան կիսագնդում, իսկ փոքր մասը՝ արևմտյան:
Ուշադրություն
Հետաքրքիրն այն է, որ Եվրասիա մայրցամաքի զգալի մասը կազմող Ասիա աշխարհամասի որոշ կղզիներ հասարակածից հարավ են գտնվում, իսկ աշխարհամասի հյուսիս-արևելքը՝ \(18\)\(0\)° միջօրեականից արևելք, այսինքն արևմտյան կիսագնդում: Այսպիսով, ստացվում է, որ Եվրասիա մայրցամաքը և Եվրոպա աշխարհամասերը միաժամանակ երեք կիսագնդերում են գտնվում, իսկ Ասիա աշխարհամասը՝ բոլոր չորս:
Ընդ որում Եվրասիան միակ մայրցամաքն է, որը շրջապատված է բոլոր \(4\) օվկիանոսներով:
![4.jpg](https://resources.cdn.imdproc.am/140bf5f7-cd98-421d-87d7-8c4f3753c173/4.jpg)
Եվրասիայի աշխարհագրական դիրքը
Քանի որ Եվրասիայի տարածքում գտնվում է երկու աշխարհամաս՝ Եվրոպան և Ասիան, նրանց միջև տարված է պայմանական սահման:
Ուշադրություն
Բաժանարար գիծը հյուսիսից-հարավ ուղղությամբ անցնում է Ուրալյան լեռների արևելյան ստորոտներով, Ուրալ կամ Էմբա գետերով, Մերձկասպյան ցածրավայրով, Կումա-Մանիչի իջվածքով, Ազովի ծովով, Կերչի նեղուցով, Սև ծովով, Բոսֆորի նեղուցով, Մարմարա ծովով, Դարդանելի նեղուցով, Էգեյան ծովով, որը Միջերկրական ծովի մաս է, հետևաբար բաժանարար գծի վերջին օբյեկտը Միջերկրական ծովն է:
Եվրասիայի ափագիծը: Եվրոպա
Եվրասիայի ափագիծը բավական շատ է մասնատված ամբողջ երկայնքով, քանի որ մայրցամաքը անցել է ձևավորման երկարատև և բարդ գործընթաց, իսկ հյուսիսային ափերի ձևավորման գործում մեծ է եղել նաև սառցադաշտերի ազդեցությունը:
![Europe fiz.jpg](https://resources.cdn.imdproc.am/5b03eea6-d06c-4b20-a921-3829cc0f46cd/Europe%20fiz.jpg)
Եվրոպա
Եվրոպայի հյուսիսում նշանավոր կղզիներն են, հրաբխային ծագման Իսլանդիան, որը լավաների հոսքի շնորհիվ պարբերաբար ընդարձակում է իր տարածքը: Այն Դանիական նեղուցով բաժանվում է Գրենլանդիայից: Ֆրանսիայից հյուսիս գտնվում են Իռլանդիա և Մեծ Բրիտանիա կղզիները, որոնց միջև տարածվում է Իռլանդական ծովը: Մեծ Բրիտանիա կղզին մայրցամաքից բաժանվում է Լա Մանշ և Պա դը Կալե նեղուցներով և ամբողջությամբ պատկանում է Մեծ Բրիտանիայի թագավորությանը, իսկ Իռլանդիա կղզու միայն հյուսիսային հատվածն է մտնում Մեծ Բրիտանիայի կազմի մեջ: Այս կղզիներից հյուսիս են տարածվում Շետլանդական և Ֆարերյան կղզիները: Վերջինիս տարածքում է ձևավորվել Ֆարերյան կղզիներ անկախ պետությունը: Եվրոպայի արևմուտքում՝ Ֆրանսիայի հյուսիս-արևմտյան հատվածում է գտնվում Բրետան թերակղզին, որի և Պիրենեյան թերակղզու միջև է տարածվում Բիսկայան ծոցը:
![EuroTunnel.jpg](https://resources.cdn.imdproc.am/61ce3390-8ef5-47c1-98b1-11ca686e6d59/EuroTunnel.jpg)
Եվրոթունելի մուտքը: Լա Մանշ նեղուցի տարածքով է անցնում ստորջրյա երկաթուղային և ավտոմոբիլային հանրահայտ Եվրոթունելը, որը կապում է Մեծ Բրիտանիան Ֆրանսիային
Բրիտանական կղզիներից հյուսիս՝ Իսլանդիայի և Սկանդինավյան թերակղզու միջև է տարածվում Նորվեգական ծովը, իսկ դրանից հարավ՝ Մեծ Բրիտանիայի և Սկանդինավյան ու Յուտլանդիա թերակղզիների միջև՝ Հյուսիսային ծովը, որը հայտնի է իր նավթի և ձկան պաշարներով: Ի դեպ Սկանդինավյան թերակղզին ամենախոշորն է աշխարհամասում: Նրանից դեպի արևելք Սպիտակ ծովն է, որը եզերում է Ռուսաստանի Դաշնությանը պատկանող Կոլա թերակղզին: Եվրոպայի Հյուսիս-արևելքում, Կոլա թերակղզուց արևելք տարածվում է Բարենցի ծովը, որը եզրավորվում է Ռուսաստանի Դաշնությանը պատկանող Նոր Երկիր կղզիներով: Կոլան և Սկանդինավյան թերակղզին միասին ունեն թռիչք կատարող վագրի տեսք: Սկանդինավյան թերակղզին իր հերթին եզրավորում է Բալթիկ ծովը, որի տարածքում առանձնացնում են Բոտնիկական, Ռիգայի և Ֆիննական ծոցերը: Վերջինիս ափին է Սանկտ Պետերբուրգը:
![Peterburg.jpg](https://resources.cdn.imdproc.am/f906fda3-1db3-4a4a-bd46-ae9b44866238/Peterburg.jpg)
Բալթիկ ծովի Ֆիննական ծոցի ափին գտնվող Սանկտ Պետերբուրգը հաճախ կոչում են հյուսիսային Վենետիկ
Հյուսիսային և Բալթիկ ծովերի միջև՝ Սկանդինավյան թերակղզուց հարավ գտնվում է Յուտլանդիա թերակղզին, որի վրա տեղակայված է Դանիա պետությունը և որից հարավ՝ Գերմանիայի տարածքում, փորվել է Հյուսիսային ծովը Բալթիկ ծովին միացնող Քիլի ջրանցքը, որը մի քանի անգամ կրճատում է նավերի ճանապարհը, քանի որ մինչ այդ ջրանցքի կառուցումը նրանք ստիպված էին շրջանցել Յուտլանդիա թերակղզին հյուսիսից՝ անցնելով Սկագերակ, Կատտեգատ և Էրեսուն նեղուցներով:
![Eressun.jpg](https://resources.cdn.imdproc.am/8e1aa03a-9acc-4477-9b06-9edd676773e2/Eressun.jpg)
Չնայած Քիլի ջրանցքի կառուցմանը, Էրեսունի նեղուցը մնում է Եվրոպայի ամենածանրաբեռնված ջրային ուղիներից մեկը: Նկարում երևում է նեղուցով անցնող Շվեդիան Դանիային միացնող կամուրջը, որը վերջին հատվածում վերածվում է ստորջրյա թունելի
Եվրոպայի հարավի ամենախոշոր ծովն է Միջերկրականը, որի կազմում առանձնացնում են մի շարք ծովեր. Լիգուրյան, Տիրենյան, Ադրիատիկ, Էգեյան և Հոնեական: Եվրոպայի հարավը՝ Միջերկրական ծովի ավազանը, նույնպես հարուստ է խոշոր կղզիներով և թերակղզիներով: Այսպես, Բալեարյան կղզիները պատկանում են Իսպանիային, Կորսիկա կղզին՝ Ֆրանսիային, Սիցիլիա և Սարդինիա կղզիները՝ Իտալիային, իսկ Սիցիլիա կղզուց հարավ գտնվող Մալթա կղզին յուրօրինակ մշակույթով համանուն անկախ պետության տարածքն է: Այն մոտ \(100\) անգամ ավելի փոքր է, քան Հայաստանի Հանրապետությունը, սակայն իր մշակութային և ճարտարապետական առանձնահատկություններով Եվրոպայում շատ ավելի հանրահայտ է: Մյուս կղզիները նույնպես պակաս առանձնահատուկ չեն: Եթե Բալեարյան կղզիները հայտնի են իրենց զվարճանքի ինդուստրիայով, որով գրավում են Եվրոպայի զվարճասեր երիտասարդությանը, ապա Սիցիլիան և Կորսիկան ավելի հայտնի են իրենց մաֆիայով և ըմբոստ ժողովրդով, որոնք հիմնականում չեն ենթարկվում ո՛չ Իտալիայի, ո՛չ էլ Ֆրանսիայի կառավարություններին և ունեն հարուստ ազգային մշակույթ: Ի դեպ, Կորսիկան նաև հանդիսանում է Նապոլեոն Բոնապարտի ծննդավայրը: Միջերկրական ծովի ավազանին են պատկանում երեք խոշոր թերակղզիներ՝ Պիրենեյանը, որի ափերի մոտ են Բալեարյան կղզիները, Ապենինյանը, որի արևելքում Ադրիատիկ ծովն է, իսկ արևմուտքում՝ Տիրենյանը և որը երկարաճիտ կոշիկ է հիշեցնում: Ապենինյան թերակղզու և Սիցիլիայի միջև է գտնվում Մեսինայի նեղուցը: Երրորդ խոշոր թերակղզին է Բալկանյանը, որի վրա է գտնվում Հունաստանը և որի արևելյան ափերը ողողում է Էգեյան ծովը: Բալկանյան թերակղզու հարավ-արևելքում է տարածվում Կրետե կղզին, որը պատկանում է Հունաստանին և նույնպես հանրահայտ զբոսաշրջային վայր է:
![Malta2.jpg](https://resources.cdn.imdproc.am/b53ba503-ecde-46c3-984f-096f683fa6b3/Malta2.jpg)
![Malta1.jpg](https://resources.cdn.imdproc.am/5db2c52f-0c49-418c-9ba1-0442bb3085ed/Malta1.jpg)
Փոքրիկ Մալթայի ինչպես գյուղերը (ձախից), այնպես էլ քաղաքները (աջից) ապրում են տուրիզմով, ինչը բնորոշ է Միջերկրական ծովի ամբողջ ավազանին
Էգեյան ծովից հյուսիս է գտնվում աշխարհի ամենափոքր ծովը՝ Մարմարան, որին Էգեյան ծովից հասնելու համար անհրաժեշտ է նավարկել Դարդանելի նեղուցով, իսկ Սև ծովի կողմից՝ Բոսֆոր նեղուցով: Երկու նեղուցներն էլ գտնվում են Թուրքիայի ափերին: Մարմարա ծովից հյուսիս ծծմբաջրածնով թունավորված Սև ծովն է, որի \(200\) մ խորություններից սկսած թունավորման պատճառով բուսակենդանական աշխարհը բացակայում է: Սև ծովից հյուսիս է գտնվում աշխարհի ամենածանծաղ ծովը՝ Ազովը: Սև ծովի ավազանում ամենախոշորը Ռուսաստանի տիրապետության ներքո գտնվող Ղրիմի թերակղզին է, որի արևելյան մասում է գտնվում Կերչի թերակղզին և Կերչի նեղուցը, որը կապում է Սև և Ազովի ծովերը:
![Bosphorus.jpg](https://resources.cdn.imdproc.am/0655317e-f078-4c32-af18-dc3700f83ce6/Bosphorus.jpg)
Ներկայիս Ստամբուլ (նախկինում Բյուզանդիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլիս) քաղաքում է գտնվում Եվրոպան Ասիային կապող այս կամուրջը, որն անցնում է Բոսֆորի նեղուցի վրայով