Տեսություն

Բնական զոնաների առանձնահատկությունները
Բնակլիմայական պայմանների մեծ բազմազանության և մայրցամաքի ձևավորման երկրաբանական առանձնահատկությունների արդյունքում Հարավային Ամերիկայի տարածքում ձևավորվել են մի շարք բնական զոնաներ, որոնցից առավել ուշադրության են արժանի խոնավ հասարակածային անտառների, սավաննաների և նոսրանտառների, տափաստանների, ինչպես նաև անապատների և կիսաանապատների զոնաները: Մայրցամաքի համեմատաբար մեկուսացած աշխարհագրական դիրքի արդյունքում էլ մեծ է բույսերի և կենդանիների էնդեմիզմը:
Մայրցամաքում հանդիպող մյուս զոնաները (տե՛ս բնական զոնաների քարտեզը) համեմատաբար փոքր տարածք են զբաղեցնում կամ չունեն բուսակենդանական աշխարհի էական տարբերություններ հարևան զոնաներից: Խոնավ հասարակածային անտառների զոնան ամենաբնորոշն է Հարավային Ամերիկայի պես խոնավ մայրցամաքի համար և հանդիսանում է այս մայրցամաքի «դիմագիծը»: Այդ անտառներին անվանում են նաև «մոլորակի թոքեր»: Խոնավ հասարակածային անտառների զոնան յուրահատուկ է նաև իր ահռելի կենսաբազմազանությամբ, որի հետ չի կարող համեմատվել աշխարհի և որևէ այլ բնական զոնա:
 
amazon-rainforest.png
 
Նկար 1. Գիտնականների գնահատմամբ անծայրածիր և անանցանելի սելվայում դեռևս հազարավոր անհայտ կենդանիների և բույսերի տեսակներ կան 
 
Այս յուրահատկությունների պատճառով էլ անընդհատ մեծանում է միջազգային հանրության մտահոգությունը Ամազոնի անտառներում մարդու տնտեսական գործունեության աճի նկատմամբ, որը կարող է հանգեցնել համամոլորակային հիմնախնդիրների սրման: Այս զոնային Հարավային Ամերիկայում ընդունված է կոչել սելվա, որը լատիներենից թարգմանաբար նշանակում է անտառային կամ պարզապես անտառ և որտեղից էլ առաջացել է կանացի Սիլվա անունը:
 
Ուշադրություն
Խոնավ հասարակածային անտառներին բնորոշ է նաև շարահարկայնությունը, այսինքն՝ այն երևույթը, երբ անտառը կազմող ծառերը բաժանվում են խմբերի ըստ իրենց բարձրության և անտառում զբաղեցրած «հարկի»:
Բավական մեծ տարածք է զբաղեցնում նաև սավաննաների և նոսրանտառների զոնան, որին Օրինոկոյի դաշտավայրում անվանում են լյանոս, իսկ Բրազիլական սարահարթի տարածքում՝ կամպոս, սակայն երկու բառն էլ թարգմանաբար նշանակում են հարթավայր, կամ դաշտ:
 
Pantanal-2.jpg
 
Կամպոսի և սելվայի միջև անցումային գոտում է ձևավորվել աշխարհի խոշորագույն ճահճապատ տարածքը՝ պանտանալը, որը նույնպես աչքի է ընկնում հսկայական կենսաբազմազանությամբ
  
Սավաննաներից հարավ տարածվող տափաստաններին Հարավային Ամերիկայում անվանում են պամպա, որը կեչուա հնդկացիների լեզվով նշանակում է հող՝ առանց անտառի: Եվ սա ևս մեկ անգամ ընդգծում է անտառների մեծ դերը Հարավային Ամերիկայում, քանի որ նույնիսկ այլ բնական զոնաների անվան մեջ դրված է անտառի հետ համեմատության գաղափարը: Պամպաները իդեալական արոտավայրեր են ոչխարների և խոշոր եղջերավոր անասունների համար, ինչի շնորհիվ այս գոտում գտնվող երկրները այդ կենդանիների բուծմամբ աշխարհի առաջատարներից են:
 
pampa.jpg
 
Պամպաների խոտը տափաստանների զոնայի ամենաբնորոշ բույսերից է և անասնապահության զարգացման կարևոր նախադրյալ
Բնական զոնաների աշխարհագրական բաշխումը
Հարավային Ամերիկայի տարածքի մեծ մասում գործում է հորիզոնական գոտիականության օրենքը և բնական զոնաները միմյանց հերթափոխում են հյուսիսից հարավ ուղղությամբ: Բացառություն է կազմում Անդերի հատվածը, ուր գործում է վերընթաց գոտիականության օրենքը և բնական զոնաները օրինաչափորեն միմյանց հերթափոխում են ստորոտից գագաթ ուղղությամբ:
Այսպես, սավաննաների և նոսրանտառների բնական զոնան տարածվում է մայրցամաքի ծայր հյուսիսում՝ Մարակայբո լճի ավազանում և դրանից հարավ՝ Օրինոկոյի դաշտավայրի տարածքում: Հարավային կիսագնդում այս զոնան հանդիպում է Բրազիլական սարահարթի տարածքում և այդտեղից սկիզբ առնող գետերի վերին հոսանքում, ինչպես օրինակ՝ Պարանա գետի դեպքում:
 
Bioms-arm-south-america.jpg
 
Հարավային Ամերիկայի բնական զոնաները
 
Հասարակածային գոտում՝ Ամազոնի դաշտավայրի տարածքում է տարածվում խոնավ հասարակածային անտառների զոնան: Պարանա և Ուրուգվայ գետերի գետաբերանային հատվածներում, այսինքն՝ Լա Պլատա գետի ավազանում տարածվում է տափաստանների զոնան, որից հարավ՝ Պատագոնիայի սարահարթում, տարածվում է անապատների և կիսաանապատների զոնան, որը հանդիպում է նաև Անդերի արևմտյան լանջերին՝ առաջացնելով աշխարհի ամենաչոր անապատը՝ Ատակաման: Ատակամայից հարավ, մերձարևադարձային գոտում ,տիրապետողը մշտադալար կոշտատերև անտառների և թփուտների զոնան է: Մայրցամաքի ծայր հարավային հատվածում և հարակից կղզիներում տիրապետողը տունդրայի զոնան է:
Բնական զոնաների բաղադրիչների բնութագիրը
Հարավային Ամերիկայի բնական զոնաների ձևավորման գործում առաջնային նշանակություն ունեն կլիմայական պայմանները: Մասնավորապես յուրաքանչյուր կլիմայական գոտուն կամ մարզին առավել բնորոշ է բնական զոնաներից որևէ մեկը: Օրինակ՝ հասարակածային կլիմայական գոտում, որը բնորոշվում է ամբողջ տարին հավասարաչափ բաշխված առատ տեղումներով և բարձր ջերմաստիճաններով ձևավորվել է խոնավ հասարակածային անտառների բնական զոնան: Մերձհասարակածային գոտում, որը բնորոշվում է խոնավ ամառներով (մինչև \(2000\) մմ տեղումներ) և չոր ձմեռներով, ձևավորվել է սավաննաների և նոսրանտառների բնական զոնան: Արևադարձային գոտու անապատային կլիմայի մարզում, որտեղ տեղումներ կարող են չգալ տասնամյակներ շարունակ, ինչպես նաև մերձարևադարձային գոտու չոր կլիմայի և բարեխառն գոտու չափավոր ցամաքային կլիմայի մարզերում, ուր տեղումների քանակը հասնում է \(300\) մմ-ի ձևավորվել է անապատների և կիսաանապատների բնական զոնան: Մերձարևադարձային կլիմայական գոտու համաչափ խոնավությամբ կլիմայի մարզում ձևավորվել է տափաստանների բնական զոնան, իսկ բարեխառն գոտու չափավոր ցամաքային կլիմայի մարզի տարածքում գտնվող Ֆոլկլենդյան կղզիներում, ուր ամբողջ տարին ջերմաստիճանները բարձր չեն, իսկ տեղումները՝ սակավ, ձևավորվել է տունդրայի բնական զոնան:
 
Folklend island.jpg
 
Ֆոլկլենդյան կղզիներում խիստ կլիմայական պայմանների արդյունքում բնակվում են նաև Անտարկտիդային բնորոշ կենդանիներ
 
Հայտնի է, որ բնակլիմայական պայմանների բազմազանությունը առաջացնում է նաև հողերի և բուսակենդանական աշխարհի մեծ բազմազանություն: Այսպես, խոնավ հասարակածային անտառներում տիրապետողը կարմրադեղին կամ լատերիտային կոչվող հողերն են, որոնց վրա աճում են շարահարկայնության օրենքով դասավորված խիտ անտառները: Այստեղ ընդունված է առանձնացնել երեք շարահարկ. վերին հարկում աճում են \(60-100\) մ բարձրություն ունեցող սեյբան, ֆիկուսները և բարձրահասակ արմավենիները, երկրորդ հարկում աճում են պակաս լուսասեր շոկոլադի ծառը (կակաոյի ծառ), կաուչուկատու հևեան, սեխի ծառը, հինայի ծառը և այլն, իսկ ստորին հարկում աճում են թփեր և խոտային բուսականություն: Ամենուրեք կարելի է հանդիպել ծառերին փաթաթվող լիաններ, իսկ գետերի հանդարտահոս հատվածներում վիկտորիա-ռեգիա ջրաշուշանը: Կենդանական աշխարհի ամենահարուստ բազմազանությունը նույնպես դիտվում է խոնավ հասարակածային անտառներում: Սակայն այս գոտուն բնորոշ որոշ կենդանիներ, ինչպես օրինակ մրջնակերը, յագուարը, պուման հանդիպում են նաև այլ բնական զոնաներում: Խոնավ հասարակածային անտառներին առավել բնորոշ տեսակներ են գետակինճը, համրուկը, կռնչակապիկը, արա թութակը, իսկ ջրային տարածքներին՝ անակոնդան, վարդագույն դելֆինը և պիրանյան:
 
amazon3.JPG
 
Ամազոն գետը կենսական նշանակություն ունի ոչ միայն ջրային \(2000\) տեսակից ավելի կենդանիների, այլև ամբողջ խոնավ հասարակածային անտառների կենսաբազմազանության համար:
Սավաննաների և նոսրանտառների զոնայում կարմրագորշ հողերի վրա աճում է առատ խոտային բուսականություն, ինչպես նաև արմավենիներ և արաուկարիաներ: Սավանաների և նոսրանտառների բնական զոնային բացի մրջնակերից, յագուարից և պումայից բնորոշ են նաև զրահակիրը և պեկարիները:
 
Տափաստանների զոնայում տիրապետող են սևահողերը, և ի տարբերություն նախորդ զոնաների, այստեղ ծառային բուսականությունը բացակայում է, սակայն հացազգիները՝ շյուղախոտ, փետրախոտ, պամպաների խոտ և այլն, ստանում են ավելի մեծ տարածում: Այս զոնայում բնական կենդանական աշխարհը թույլ է պահպանվել և հիմնականում հանդիպում են միջատներ և կրծողներ: Բարձրլեռնային տափաստաններին բնորոշ է լաման և ալպակոն:
  
Անապատների և կիսաանապատների զոնայում տարածվում են շագանակագույն և գորշ հողերը: Անապատների և կիսաանապատների բնական զոնայում բուսականությունը չափազանց աղքատ է և հիմնականում բնորոշվում է կակտուսներով և բարձիկանման թփերով: Կենդանական աշխարհի դասական ներկայացուցիչներ են նանդու ջայլամը և բաշավոր գայլը: 
 
Մշտադալար կոշտատերև անտառների և թփուտների զոնայում տիրապետում են դարչնագույն հողերը, սակայն բնական բուսականությունը մարդու տնտեսական գործունեության արդյունքում ամբողջովին ձևափոխվել է և վերածվել պտղատու այգիների:
 
Vine.jpg 
 
Մշտադալար կոշտատերև անտառների և թփուտների զոնան Չիլիում վերածվել է եկամտաբեր խաղողի այգիների, ինչի շնորհիվ Չիլին գինի արտադրող խոշորագույն երկրներից մեկն է աշխարհում