![](https://www.imdproc.am/upload/yp2/nkar.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text11.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text12.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text13.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text0.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text21.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text22.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text23.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/logo.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/hamar.png)
Հարավային Ամերիկայի բուսակենդանական աշխարհի յուրահատուկները
Հարավային Ամերիկայի բուսակենդանական աշխարհը ոչ միայն բազմազան է, այլև յուրահատուկ, որը պայմանավորված է մայրցամաքի մեկուսի զարգացմամբ: Մայրցամաքի կենսաբազմազանության զգալի մասը կենտրոնացած է խոնավ հասարակածային անտառների զոնայում, ինչի արդյունքում ներկայացվող բույսերի և տեսակների զգալի մասը այս անտառների և հարակից գոտիների բնակիչ են: Յուրահատուկ կենդանիներից առաջինը աշխարհի ամենաերկար օձն է՝ անակոնդան, որի երկարությունը կարող է հասնել \(10\) մ և որը զոհին խեղդամահ է անում՝ պարուրելով իր հզոր օղակներով և սեղմելով նրան:
![anaconda.jpg](https://resources.cdn.imdproc.am/b4ae0047-ea04-411e-abd0-fc36ad91d00e/anaconda.jpg)
![Anaconda vs caiman.jpg](https://resources.cdn.imdproc.am/6a78e89e-7f7b-45a4-b108-f27aff5df7e9/Anaconda%20vs%20caiman.jpg)
Անակոնդան այնքան հզոր է, որ նրա դեմ անզոր են նույնիսկ Ամազոն գետի կայմանները, որոնց խեղդամահ անելուց հետո նա ամբողջությամբ կուլ է տալիս:
Ամազոն գետի ամենահայտնի բնակիչներից է պիրանյան՝ ամենասարսափելի ձկներից մեկը տարածքում ապրող ոչ միայն կենդանիների այլև մարդու համար, քանի որ ասեղի պես սուր ատամներով այս փոքր ձկները վերացնում են նույնիսկ զոհի ոսկորները՝ հետք չթողնելով նրանից:
Նույն գետի բնակիչ է վարդագույն կամ Ամազոնի դելֆինը, որը եզակի գետային դելֆիններից մեկն է աշխարհում: Հետաքրքիրն այն է, որ այս դելֆինները հեշտությամբ վարժեցվում են մարդու կողմից, սակայն անազատության մեջ կարողանում են ապրել ընդամենը \(3\) տարի և այդ ընթացքում ընդհանրապես չեն բազմանում:
![Piranha.jpg](https://resources.cdn.imdproc.am/0d1bcce7-112a-478a-8b18-2583992a2544/Piranha.jpg)
![Amazon dolphin.jpeg](https://resources.cdn.imdproc.am/094ab751-e137-4084-a7ab-a90d9aba228c/Amazon%20dolphin.jpeg)
Ամազոն գետի բնակիչներից փոքրիկ պիրանյան հանդիսանում է այս ջրերի ահ ու սարսափը, իսկ հզոր վարդագույն դելֆինը, ընդհակառակը, մարդկանց համար բացարձակ անվնաս է:
Մայրցամաքի անտառներում են որս անում նաև երկու ամենախոշոր կատվազգիները Հարավային Ամերիկայում՝ յագուարն ու պուման: Յագուարի անվանումը գուարանի հնդկացիական ցեղի լեզվից թարգմանաբար նշանակում է գազան, որը սպանում է մեկ թռիչքով: Անվանումը կապված է այս կենդանու որս անելու յուրահատուկ ձևի հետ, քանի որ այն սովորաբար անակնկալ հարձակվում է թիկունքից և հզոր ծնոտներով ակնթարթորեն կոտրում է զոհի պարանոցը կամ նույնիսկ գանգը, փրկվելու որևէ հնարավորություն չթողնելով զոհին:
Պուման ավելի լայն տարածում ունի Ամերիկա աշխարհամասում և իր ուժի ու արագության շնորհիվ նույնիսկ հանդիսանում է սպորտային հանրահայտ համազգեստ արտադրող կազմակերպության խորհրդանիշը:
![jaguar2.jpg](https://resources.cdn.imdproc.am/a63f9b7a-ec5a-4e88-9621-a1dc5afaf0ba/jaguar2.jpg)
![puma.jpg](https://resources.cdn.imdproc.am/e6c08cd7-cd9d-41e3-a264-09828873a744/puma.jpg)
Յագուար և պումա. անտառների և լեռների իրական արքաները Հարավային Ամերիկայում
Նույն այս զոնայում է հանդիպում աշխարհի ամենագեղեցիկ և խոշոր թութակներից մեկը՝ արան: Արա թութակի տարբեր տեսակներ ունեն խիստ բազմազան գունավորում, և բոլորն էլ հանդիսանում են որսագողությամբ զբաղվողների նախընտրելի կենդանիներից մեկը, ինչի պատճառով էլ բոլոր տեսակներին էլ ներկայումս վերացման վտանգ է սպառնում:
Եվս մեկ յուրահատուկ կենդանի է համրուկը, որն աչքի է ընկնում խիստ դանդաղկոտությամբ և նույնիսկ «ծուլությամբ»: Այն բնակվում է ծառերի վրա և բացարձակ անպաշտպան է: Համրուկի որոշ տեսակների միակ փրկությունը գիշատիչներից՝ ծառին նմանվող կանաչ գունավորումն է, որի շնորհիվ կարողանում է աննկատ մնալ:
![Ara.jpg](https://resources.cdn.imdproc.am/bfe292d2-0e99-4f6d-b343-92a2397a9834/Ara.jpg)
![lenivec.jpg](https://resources.cdn.imdproc.am/ca8a1a1f-b158-44f7-a9ff-04db543e81cb/lenivec.jpg)
Ամազոնի անտառների երկու ամենաանպաշտպան և գրավիչ տեսակներն են արա թութակը և համրուկը
Խոնավ հասարակածային զոնային են բնորոշ նաև կաուչուկատու հևեան, շոկոլադի ծառը և վիկտորիա-ռեգիա ջրաշուշանը: Կաուչուկատու հևեայի կեղևը վնասելով՝ մարդիկ հավաքում են այդտեղից ծորացող կաուչուկի հումքը, որը միջազգային շուկայում ունի շատ բարձր արժեք և հանդիսանում է բնական կաուչուկի միակ աղբյուրը: Շոկոլադի ծառն այլ կերպ անվանում են կակաոյի ծառ, քանի որ դրա պտուղներից է ստացվում կակաոն, որն օգտագործվում է շոկոլադի և առույգացնող ըմպելիքի արտադրության համար: Վիկտորիա-ռեգիա ջրաշուշանը աչքի է ընկնում հսկայական տերևներով՝ մինչև \(2\) մ տրամագծով, որոնք այնքան ամուր են, որ դրանց վրա կարող է նստել նույնիսկ հասուն մարդ և չսուզվել ջուրը:
![Kauchuk.jpg](https://resources.cdn.imdproc.am/ec9feceb-66c8-48e8-b04b-c29306020837/Kauchuk-w236.jpg)
![kakao.jpg](https://resources.cdn.imdproc.am/7c1b285a-de07-4cc3-9895-50a7e2fb02ab/kakao-w302.jpg)
![Viktoria-regia.jpg](https://resources.cdn.imdproc.am/d8b7a144-0795-462d-bb1e-bbe5ea958b53/Viktoria-regia-w552.jpg)
Խոնավ հասարակածային անտառների բուսական աշխարհի յուրահատուկները՝ կաուչուկատու հևեա, շոկոլադի ծառ և վիկտորիա-ռեգիա ջրաշուշան
Սավաննաների զոնայի դասական ներկայացուցիչներ են մրջնակերը և զրահակիրը: Առաջինը ունի մինչև \(60\) սմ երկարությամբ լեզու, որը մոտավորապես հավասար է այս կենդանու մարմնի երկարության կեսին: Այդ լեզվով նա հավաքում և ուտում է մրջյուններ և տերմիտներ: Զրահակիրը իր անվանումը ստացել է մարմինը ծածկող կարծր պատյանի շնորհիվ, որը պաշտպանում է նրան գիշատիչներից:
![muraved.jpg](https://resources.cdn.imdproc.am/3805757d-606a-487c-afc7-5be7cecf1e2e/muraved.jpg)
![bronenosec.jpg](https://resources.cdn.imdproc.am/ea7db47a-16b6-41cf-aba7-6384f52d6a44/bronenosec.jpg)
Հարավային Ամերիկայի էնդեմիկներից մրջնակերը և զրահակիրը աշխարհի յուրաքանչյուր կենդանաբանական այգու ամենացանկալի նմուշներից են
Կիսաանապատների և տափաստանների տարածքում հանդիպում են բաշավոր գայլը և նանդու ջայլամը, տարբեր մայրցամաքներում բնակվող ջայլամներից ամենափոքրը, սակայն Հարավային Ամերիկայի թռչուններից ամենախոշորը: Բաշավոր գայլն իր հերթին ավելի նման է աղվեսի, որի հետ ունի ազգակցական կապեր, սակայն ավելի խոշոր է և պարանոցին ունի յուրահատուկ գունավորմամբ մազածածկույթ:
![Bashavor gayl.jpg](https://resources.cdn.imdproc.am/f937aced-4eaf-4dba-9d24-42bcdabff9ab/Bashavor%20gayl.jpg)
![nandu.jpg](https://resources.cdn.imdproc.am/42ca4ab9-5f4e-43c4-a9f0-a314c45d9031/nandu.jpg)
Գիշատիչը և զոհը. բաշավոր գայլ և նանդու ջայլամ
Բարձրլեռնային գոտիներում է հանդիպում լաման՝ ուղտերի փոքրամարմին ներկայացուցիչը Հարավային Ամերիկայում, որը ընտելացվել է հնդկացիական ցեղերի կողմից ավելի քան \(1000\) տարի առաջ և ծառայել է որպես բեռները լեռնային նեղ արահետներով տեղափոխող կենդանի:
![Lama.jpg](https://resources.cdn.imdproc.am/f76c3e07-5e2b-4d3a-a507-eae440331f69/Lama.jpg)
Լաման բարձրլեռնային գոտու բնակիչների ամենահուսալի տրանսպորտն է բեռները փոխադրելու համար