ՀԱՐՍՏԱՑՐՈՒ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻԴ ՊԱՇԱՐԸ
Ակտիվացրու «Իմ+»-ը գերազանց գնահատականներ ստանալու համար
Ստեղծեք Ձեր ուսումնական ծրագիրը «ԻմԴպրոց» կայքում
Ստացեք հաշվետվություն Ձեր ուսումնական ծրագիր արդյունավետության վերաբերյալ
Օգտագործեք Ձեր առաջադրանքները ստուգողական աշխատանքներում

Տեսություն

Հյուսիսային Ամերիկայի ներքին ջրերի առանձնահատկությունները
Հյուսիսային Ամերիկայի ջրագրական ցանցը ունի զարգացման և տեղաբաշխման մի շարք առանձնահատկություններ: Նախ և առաջ Հյուսիսային Ամերիկայում գետերը և լճերը տեղաբաշխված են խիստ անհավասարաչափ, ինչը պայմանավորված է տեղումների անհավասարաչափ բաշխմամբ: Ջրագրական ցանցը ամենախիտն է մայրցամաքի հյուսիսում, որտեղ խոնավացման գործակիցը առավել բարձր է:
Խոնավացման գործակիցը հաշվում են եկած տեղումների քանակը հարաբերելով տվյալ ջերմաստիճանային պայմաններում գոլորշացման ենթակա ջրի քանակին (գոլորշունակությանը):
Որքան գործակիցը մեծ է, այնքան տարածքը ավելի խոնավ է:
 
Հյուսիսային հատվածում են տարածվում ամենախոշոր լճերը, որոնք ունեն սառցադաշտային ծագում և մի շարք խոշոր գետեր: Գերխոնավ պայմանների արդյունքում հյուսիսում շատ են նաև ճահիճները: Խոնավացման գործակիցը մեծ է նաև մերձարևադարձային և արևադարձային խոնավ կլիմայի մարզերի սահմաններում, ինչի շնորհիվ այդ հատվածներում նույնպես գետերը բավական խիտ ցանց են ստեղծում և առկա են նաև ճահիճներ, ինչպես օրինակ Ֆլորիդա թերակղզու տարածքում:
 
Հյուսիսային Ամերիկայի հյուսիսային հատվածի տիեզերական լուսանկարի վրա ակնհայտ երևում են հազարավոր մեծ ու փոքր սառցադաշտային ծագման լճերը
 
Canada.jpg
 
Առանձնահատկություն է նաև այն, որ առավել հզոր գետերը պատկանում են Ատլանտյան օվկիանոսի ավազանին և հիմնականում գտնվում են բարեխառն և տաք ջերմային գոտիների սահմաններում, սակայն դրանք դանդաղահոս են: Ի հակադրություն վերջինների՝ Խաղաղ օվկիանոսի ավազանի գետերը հիմնականում կարճ են, սակայն արագահոս, ինչի շնորհիվ ունեն մեծ ջրաէներգետիկ պոտենցիալ:
 
Հյուսիսային Ամերիկայի քարտեզ
 
North America-physical.jpg
Հյուսիսային Ամերիկայի գետերն ու լճերը
Հայտնի է, որ ամբողջ Հյուսիսային Ամերիկայի ամենաերկար, ամենաջրառատ և ամենամեծ ջրհավաք ավազան ունեցող գետը Միսիսպին է, որի խոշոր վտակը՝ Միսսուրին, ավելի երկար է, քան բուն գետը, սակայն քանի որ այն պակաս ջրառատ է, համարվում է վտակ: Միսիսիպին պատկանում է Ատլանտյան օվկիանոսի ավազանին և իր ջրերը հավաքում է Հյուսիսային Ամերիկայի ամբողջ կենտրոնական հատվածից՝ իր վտակների համակարգով զբաղեցնելով Կորդիլիերներից մինչև Ապալաչյան լեռներ և Կենտրոնական հարթավայրերից մինչև Մեքսիկական ծոց ընկած հսկայական տարածքը: Քանի որ այն անցնում է չորային տարածքներով, մեծ քանակի նստվածքներ է կուտակում և տեղափոխում գետաբերանային հատված՝ առաջացնելով հզոր դելտա:
 
Misisipi delta arm.jpg
Միսիսիպի գետի դելտան հազարամյակների ընթացքում ընդարձակվելով՝ պատճառ է դառնում նեկայիս ԱՄՆ ցամաքային տարածքի բնական ճանապարհով մեծացման: Նկարի \(2010\) թ. ի պատկերում նաև ակնհայտ երևում է \(2005\) թ. Կատրին փոթորկի հետևանքը Միսիսիպիի գետաբերանում, որը կրճատվել է:
 
Ատլանտյան օվկիանոսի ավազանի մյուս խոշոր գետը՝ Սուրբ Լավրենտիոսը, կապում է Մեծ Լճերի համակարգը և մասնավորապես Օնտարիո լիճը Ատլանտյան օվկիանոսին: Քանի որ Սուրբ Լավրենտիոսը նավարկելի է, իսկ Մեծ Լճերը առաջացնում են փոխկապակցված համակարգ, նավերը կարող են Ատլանտյան օվկիանոսից հասնել օրինակ` մինչև Չիկագո քաղաք Միչիգան լճի ափին: Մեծ Լճերի համակարգում՝ Էրի և Օնտարիո լճերի միջև կապ է հանդիսանում Նիագարա գետը, որի վրա է համանուն ջրվեժը: Չնայած իր ոչ մեծ բարձրությանը՝ այն այնքան ջրառատ է, որ ջրվեժի ձայնը լսվում է նույնիսկ \(25\) կմ հեռավորության վրա: Նիագարայի ջրվեժը Այծի կղզով բաժանվում է ԱՄՆ-ի և Կանադայի միջև և հսկայական եկամուտ բերում երկու երկրին էլ, այստեղ այցելող միլիոնավոր տուրիստների շնորհիվ: 
 
Մեկ հատված Նիագարայի ջրվեժներից, որոնց ընդհանուր ձգվածությունը հասնում է \(1,2\) կմ
 
Niagara falls.jpg
 
Ատլանտյան Օվկիանոսի ավազանի մյուս խոշոր գետը՝ Ռիո Գրանդեն, թափվում է Մեքսիկական ծոց և դրանով է անցնում ԱՄՆ-ի և Մեքսիկայի պետական սահմանը: Խաղաղ օվկիանոսի ավազանին են պատկանում Յուկոն գետը, որն ամենաերկարն է այս ավազանում, Կոլումբիան, որը հայտնի է իր ջրաէներգետիկ մեծ պոտենցիալով, ինչի շնորհիվ էլ նրա վրա կառուցվել է Հյուսիսային Ամերիկայի ամենահզոր ջրային էլեկտրակայանը՝ Գրանդ Կուլին և Կոլորադոն, որը հայտնի է իր գեղատեսիլ կանյոնով: Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի ավազանի ամենաերկար գետը Մաքենզին է:
 
Խաղաղ օվկիանոսի ավազանի գետերից Կոլումբիան (ձախից) հայտնի է իր հզոր ջրաէլեկտրակայաններով, իսկ Կոլորադոն (աջից) Մեծ կանյոնով
 
Grand Coulee.jpgGrand Canyon.jpg
 
Հյուսիսային Ամերիկան հարուստ է խոշոր լճերով, որոնք հիմնականում ունեն սառցադաշտային ծագում և քաղցրահամ են: Այս օրինաչափությունից դուրս է մնում Մեծ Աղի լիճը՝ Կորդիլիերյան լեռների համակարգում: Ամենահայտնի լճերի խումբը կոչվում է Մեծ Լճեր, որոնք կազմված են միմյանց հետ փոխկապակցված հինգ լճերից՝ Վերին, Հուրոն, Միչիգան, Էրի և Օնտարիո: Մեծ լճերից ամենախոշորը և ընդհանրապես աշխարհի ամենախոշոր քաղցրահամ լիճը Վերինն է:
 
Մեծ Աղի լիճը կալիումական աղի հսկայական մատակարար է ԱՄՆ համար
 
Great Salt lake.jpg
 
Մեծ Լճերի համակարգից հյուսիս գտնվում են մի շարք նշանավոր քաղցրահամ լճեր. Վիննիպեգ, Աթաբասկա, Մեծ Ստրկական, Մեծ Արջի և այլն, որոնք բոլորը խիստ հարուստ են նաև ձկնային պաշարներով: Հետաքրքիր է Մեծ Ստրկական լճի անվան ծագումնաբանությունը:
 
Ուշադրություն
Անգլերենում այն հնչում է որպես Գրեյթ Սլեյվ, ինչը նվիրված է այստեղ բնակված Սլեյվի կոչվող հնդկացիական ցեղի անվանը, սակայն թարգմանաբար Սլեյվ անգլերեն բառը նշանակում է ստրուկ, ինչի շնորհիվ էլ առաջացել է թյուրիմացությունը և լիճը սխալմամբ անվանվել է Մեծ Ստրկական, այլ ոչ թե Մեծ Սլեյվ:
Այն ամենախորը լիճն է Հյուսիսային Ամերիկայում: