Փափկամարմինների կառուցվածքային և գործառութային առանձնահատկությունները
Փափկամարմինները չհատվածավորված, փափուկ մարմին ունեցող կենդանիներ են: Դրանց մեծ մասը ունի գլուխ, իրան և մկանուտ ոտք: Իրանը ծածկված է մաշկային լայն ծալքով, որը կոչվում է թիկնոց: Թիկնոցի և իրանի միջև կա ազատ տարածություն՝ թիկնոցային խոռոչ, որի մեջ բացվում են շնչառական, արտաթորական օրգանները, սեռական գեղձերը և հետանցքը:
 
Թիկնոցը, իր արտադրած նյութերի շնորհիվ, կարող է կենդանու մեջքի մասում առաջացնել կարծր խեցի, որն ունի պաշտպանական նշանակություն: Խեցին կազմված է կրային երեք շերտից. արտաքին՝ եղջերային, միջին՝ ճենապակյա, և ներքին՝ սադափե: Տարբեր փափկամարմինների մոտ այդ շերտերը տարբեր կերպ են զարգացած: Որոշ փափկամարմինների մոտ խեցին բացակայում է կամ թույլ է զարգացած և փոքր թիթեղիկի ձևով խրվում է մաշկի մեջ:
 
Իրանի փորային մասը հաստացած է այնտեղ գտնվող մկանների հաշվին: Դրանք կազմում են տարբեր ձև ունեցող ոտքեր, որոնք ծառայում են կենդանու տեղաշարժմանը, իսկ որոշ տեսակների մոտ՝ նաև որսի համար:
Գլխի վրա տեղակայված են բերանային անցքը և զգայական օրգանները:
 
d.jpg
 
Փափկամարմինները ունեն գրեթե \(130.000\) տեսակ և տեսակների քանակով զբաղեցնում են երկրորդ տեղը հոդվածոտանիներից հետո: Փափկամարմինների մեծ մասը ապրում է ծովերում և քաղցրահամ ջրերում, իսկ մի մասն էլ՝ ցամաքում: Փափկամարմիններին բնորոշ ներկայացուցիչներն են խխունջները:
Տիպի կառուցվածքային և գործառնական առանձնահատկությունները դիտարկենք լճախխունջի օրինակով:
 
Լճախխունջը \(4,5 - 5,5\) սմ մեծությամբ և քաղցրահամ ջրերում կամ ջրային բույսերի վրա ապրող օրգանիզմ է: Լճախխունջի արտաքին կառուցվածքը համարժեք է տիպի ընդհանուր նկարագրությանը: Լճախխունջի դարչնականաչավուն խեցին պարուրաձև է, ունի սուր գագաթ և լայն բացվածք: Լճախխունջի դեպքում ևս թիկնոցային խոռոչը ապահովում է օրգանիզմի կապը շրջակա միջավայրի հետ: Լճախխունջի բերանը գտնվում է գլխի ստորին կողմում: Բերանի կողքերում գտնվում են զույգ շոշափուկներ, որոնք շոշափելիքի, զգացողության դեր են կատարում: Գլխի վրա գտնվում են նաև զույգ աչքեր:
 
3.jpg
 
Լճախխունջը և փափկամարմինները հանդիսանում են իսկական և բարդ կազմավորված բազմաբջիջ կենդանիներ: Աղեխորշավոր օրգանիզմներից սկսած կենդանի օրգանիզմների մոտ, ինչպես դիտարկեցինք, աստիճանաբար կատարելագործվել և հետզհետե ավելացել են օրգան - համակարգերը: Այդ օրինաչափությունը պայմանավորված է եղել օրգանիզմների ակտիվության և տեղաշարժման աճով: Այդ ամենի արդյունքում կտրուկ զարգացել են օրգանիզմների նյարդային համակարգը և զգայարանները, որոնք անհրաժեշտ էին միջավայրում լավագույնս կողմնորոշվելու համար:
Այսպիսով, փափկամարմինները կատարյալ բազմաբջիջ կենդանիներ են, որոնց բնորոշ են բոլոր օրգան - համակարգերը և զարգացած զգայարանները:
110.jpg
  
Մարսողական համակարգ
  
Լճախխունջը սնվում է ջրային բույսերով կամ օրգանական մնացորդներով:
 
Մարսողական համակարգը կազմված է բաժինների հետևյալ հերթագայությունից՝
 
1. բերան, 2. կլան, 3. կերակրափող, 4. ստամոքս, 5. բարակ աղիք, 6. ուղիղ աղիք, 7. հետանցք
  
Լճախխունջի մարսողական համակարգը առանձնահատուկ է նրանով, որ արդեն իսկ ունի կատարյալ մարսողական գեղձեր, որոնցից են թքագեղձերը և լյարդը:
 
Լճախխունջի կլանում կա հատուկ օրգան՝ քերիչ, որը նման է ատամիկներով լեզվի, որով նա կարողանում է սնվել բույսերի փափուկ մասերով: Կերակրափողում բացվում են թքագեղձերի ծորանները, իսկ լյարդի արտադրած մարսողական ֆերմենտները ծորանով բացվում են բարակ աղիքում: Ուղիղ աղիքում կատարվում է մարսված սննդանյութերի ներծծում, և հետանցքով չմարսված մնացորդները հեռացվում են հետանցքով դեպի թիկնոցային խոռոչ և ապա արտաքին միջավայր:
 
kl.png
  
Շնչառական համակարգ
  
Փափկամարմինները նյութափոխանակության կատարելագործմամբ պայմանավորված` կարիք ունեն մեծ քանակությամբ O2-ի: Մաշկային շնչառությունը այլևս չի կարողանում ապահովել լճախխունջի կողմից O2-ի ակտիվ սպառումը: Այդ ամենով պայմանավորված արդեն իսկ դրսևորվում է ձևավորված շնչառական համակարգ, որը կազմված է շնչառական ուղիներից և շնչառական օրգաններից՝ ցամաքային թոքերից կամ ջրային խռիկներից:
Շնչառական օրգանները հարուստ են մազանոթներով, որոնց մեջ կատարվում է գազափոխանակությունը՝ արյունը հագենում է O2-ով և ազատվում \(C\)O2-ից:
  
Խռիկները հանդիպում են այն տեսակների մոտ, որոնք շնչում են ջրում լուծված թթվածնով: Դրանք տեղակայվում են թիկնոցային խոռոչում և պատված են թարթիչներով, որոնց շարժումները ստեղծում են ջրի հոսք, ինչը նպաստում է գազափոխանակությանը: Թոքերը հատուկ են մթնոլորտային թթվածնով շնչող փափկամարմիններին: Թոքն իրենից ներկայացնում է մազանոթներով հարուստ թիկնոցի ծալք, որը թոքային անցքով բացվում է դեպի թիկնոցային խոռոչ:
 
114.jpg
  
Արյունատար համակարգ
  
Լճախխունջի մոտ առաջին անգամ ի հայտ է գալիս ձևավորված սիրտը: Այն կազմված է փորոքից և \(1\) կամ \(2\) նախասրտից: Սրտի կծկումները մղում են արյունը դեպի խոշոր անոթներ՝ զարկերակներ, այնուհետև՝ մազանոթներ, որտեղից այն դուրս է գալիս մարմնի խոռոչ: Սա նշանակում է, որ արյունատար համակարգը բաց տիպի է, այսինքն արյան մի մասը դուրս է գալիս անոթներից, շրջանառում է ներքին օրգանների միջև եղած խոռոչներում: Այդ ընթացքում կատարվում է նյութափոխանակություն արյան և հյուսվածքների միջև: Արյունը տալիս է թթվածինը և հարստանալով ածխաթթու գազով՝ հոսում է դեպի հատուկ արյունատար անոթ՝ երակ, որով էլ հոսում է դեպի թոք:
 
Լճախխունջի օրգանիզմում արյունատար համակարգի գործառնական հերթագայությունը հետևյալն է՝
 
\(1.\) Փորոքի կծկում և արյան շարժ զարկերակներով դեպի մարմնի խոռոչ,
\(2.\) Նյութափոխանակում հյուսվածքներում և մազանոթներով արյան կուտակում երակներում,
\(3.\) Երակներով արյան շարժ դեպի թոքեր և գազափոխանակություն թոքերում,
\(4.\) Թոքերից արյան հոսք դեպի նախասիրտ,
\(5.\) Նախասրտի կծկում և արյան շարժ դեպի փորոք:
Փափկամարմիններին բնորոշ է բաց տիպի, մեկ շրջանից կազմված արյունատար համակարգ և ձևավորված սիրտ:
7.jpg
 
Արտաթորական համակարգ
  
Փափկամարմինների մոտ դիտվում է լավ զարգացած արտաթորության համակարգ: Ի տարբերություն օղակավոր որդերի նախաերիկամների՝ լճախխունջը ունի բարդ կազմավորված երիկամ, որի կառուցվածքային միավորներն են նեֆրոնները: Այսպիսով, արտաթորական համակարգը ներկայացված է մեկ երիկամով, որից դուրս եկող միզածորանը բացվում է դեպի թիկնոցային խոռոչ:
 
vydelitelnaja_sistema_brjukhonogogo_molljuska.jpg
  
Նյարդային համակարգ
 
Լճախխունջի նյարդային համակարգը կազմված է շուրջկլանային նյարդային օղակից, որի վերկլանային նյարդային հանգույցը ավելի կատարյալ է զարգացած, քան ենթակլանային նյարդային հանգույցը: Լավ զարգացած վերկլանային հանգույցով կատարում է «գլխուղեղ»-ի դեր, որից դուրս են գալիս նյարդային բներ: Լճախխունջը, ի տարբերություն անձրևորդի փորի նյարդային շղթայի՝ մարմնի տարբեր հատվածներում ունի չորս զույգ նյարդային հանգույց, որոնք ապահովում են ոտքի և մնացյալ օրգանների նյարդավորումը: Փափկամարմինները զգայական օրգաններից ունեն քիմիական զգայունության և հավասարակշռության օրգաններ: Լճախխունջին բնորոշ են զգայարաններ, որոնցից ունեն աչքեր և շոշափելիքի օրգաններ:
 
0010-008-Nervnaja-sistema.png
  
Բազմացումը
  
Փափկամարմինների մեծամասնությունը բաժանասեռ են, սակայն հանդիպում են նաև հերմաֆրոդիտներ: Լճախխունջը հանդիսանում է հերմաֆրոդիտ օրգանիզմ: Լճախխունջների մոտ բեղմնավորումը նման է անձրևորդի բեղմնավորմանը, այսինքն՝ խաչաձև է: 
 
10.jpg
Աղբյուրները
Կենսաբանություն. Կենդանի օրգանիզմների բազմազանությունը. 7-րդ դասարանի դասագիրք/ Տ.Վ. Թանգամյան, Ս. Հ. Սիսակյան -Եր.: Տիգրան Մեծ, 2013, էջ 94-95
Կենսաբանություն. Կենդանի օրգանիզմների բազմազանությունը. 7-րդ դասարանի դասագիրք/ Է.Ս. Գևորգյան, Ֆ.Դ. Դանիելյան, Ա.Հ. Եսայան - Եր.: Աստղիկ գրատուն, 2013, էջ 134-138
https://fs00.infourok.ru/images/doc/240/191699/5/hello_html_39725e4e.png
https://avatars.mds.yandex.net/get-pdb/805781/8c402cb3-f6b8-4b97-b0ec-fd9358040787/orig
https://fs00.infourok.ru/images/doc/240/191699/5/hello_html_m7b560235.png
http://mypresentation.ru/documents/e2e92d90457a01ba72222ecad8c06ed3/img7.jpg
https://ds05.infourok.ru/uploads/ex/06fd/0002ed2c-ad953dd4/img24.jpg
https://ds05.infourok.ru/uploads/ex/06fd/0002ed2c-ad953dd4/img25.jpg
http://biolgra.ucoz.ru/Ilustrations/Zoology/vydelitelnaja_sistema_brjukhonogogo_molljuska.jpg
http://900igr.net/datai/biologija/Urok-Nervnaja-sistema/0004-004-TIP-MOLLJUSKI-diffuzno-uzlovoj-tip-nervnoj-sistemy-nervnye-uzly.png
http://www.taskutark.ee/m/wp-content/uploads/sites/2/2014/05/111.jpg