Երկկենցաղների արտաքին կառուցվածքը
Երկկենցաղները ցամաք դուրս եկած առաջին ողնաշարավոր օրգանիզմներ են: Այս դասին պատկանող բոլոր կենդանիները հասուն վիճակում շնչում են թոքերով, ունեն եռախորշ սիրտ և արյան շրջանառության երկու շրջանՈղնաշարավորների ենթատիպում երկկենցաղները ամենասակավաթիվ օրգանիզմներն են, ունեն մոտ \(4,5\) հազար տեսակ:
 
Երկկենցաղները ձվադրում են ջրում: Այստեղ է անցնում նաև նրանց կյանքի թրթուրային շրջանը: Միայն կերպարանափոխվելուց և հասուն ձևի վերածվելուց հետո նրանք կարող են ապրել ցամաքում: Դրանով էլ պայմանավորված է դասի անվանումը:
 
Մոտավորապես \(300\) մլն տարի առաջ երկրագնդի կլիման շոգ էր, հետևաբար ջրամբարները ցամաքում էին և աղքատանում թթվածնով: Այդ պայմաններում հնագույն վրձնալողակ ձկները, դուրս գալով ցամաք, հավանաբար սկիզբ տվեցին հնադարյան առաջին երկկենցաղներին՝ ստեգոցեֆալներին:
 
16-w718.jpg
 
Երկկենցաղները տարածված են բոլոր աշխարհամասերում՝ բացի Անտարկտիդայից: Նրանք ապրում են լճերի, գետերի ափերին, ստվերոտ ու խոնավ անտառներում, ճահճոտ վայրերում: Երկկենցաղները ակտիվ են ջրում օրվա բոլոր ժամերին, ցամաքում օրվա մեծ մասն անցկացնում են արևի ուղղակի ճառագայթումից պատսպարվելով: Ցամաքում գիշերը երկկենցաղները դուրս են գալիս որսի:
Երկկենցաղները սառնարյուն կենդանի օրգանիզմներ են:
Այդ իսկ պատճառով նրանք ակտիվ են միայն տարվա տաք եղանակներին: Բազմացման շրջանում նրանք մոտենում են ջրամբարին: Այնուհետև ձմեռում են կա՛մ ջրամբարի հատակին, կա՛մ ցամաքի վրա՝ թաքստոցներում, քարերի տակ և այլն:
  
Երկկենցաղների մեջ տարբերում ենք.
 
անպոչ երկկենցաղներ՝ դոդոշներ, գորտեր, ծառագորտեր:
պոչավոր երկկենցաղներ՝ տրիտոններ, սալամանդրաներ:
անվերջույթ երկկենցաղներ՝ որդուկներ:
 
18.jpg
Ցամաքային կենսակերպով պայմանավորված երկկենցաղների համար հատուկ կարևորություն է ստացել մաշկը:
Երկկենցաղների մաշկը մերկ է, զուրկ է թեփուկներից: Սակայն դրա փոխարեն այն հարուստ է լորձ արտադրող գեղձերով: Որոշ երկկենցաղների լորձը խիստ թունավոր է, որի համար նրանք որս չեն դառնում այլ գիշատիչների համար: Հարավային Ամերիկայի փոքրիկ ծառագորտի մեկ առանձնյակի լորձը բավական է \(1500\) մարդ սպանելու համար:
Այն օգտագործում էին ացտեկներն ու մայաները՝ թունավոր նետեր պատրաստելու համար:
 
27.jpg
 
Լորձը պաշտպանում է մաշկը բակտերիաներից և փոշուց: Լորձի շնորհիվ երկկենցաղների մաշկի մակերեսին առաջանում է հեղուկ թաղանթ, որի մեջ լուծվում է մթնոլորտային թթվածինը:
 
Ուշադրություն
Մաշկի չորանալու դեպքում գորտը շնչահեղձ է լինում թթվածնի պակասից:
Բացի թթվածնի կլանումից՝ գորտը մաշկով արտաքին միջավայրից կլանում է ջուր, քանի որ գորտերը ջուր չեն խմում բերանով:
Երկկենցաղներին բնորոշ է հովանավորող և նախազգուշացնող գունավորումը:
Առաջինով նրանք ձուլվում են միջավայրին և դառնում աննկատ, իսկ երկրորդով զգուշացնում իրենց վտանգավոր լինելու մասին:
 
28.jpg
 
Երկկենցաղների մարմինը կազմված է միմյանց սահուն հաջորդող գլխից և մարմնից, որոշ երկկենցաղների մոտ մարմնի շարունակություն է հանդիսանում նաև պոչը:
 
\(1\). Գլուխ. սահմանազատվում է իրանից թմբկաթաղանթներով՝ կրում է տեսողական  և լսողական զգայարանները, բերանը, քթանցքները, որոնցում գտնվում են նաև հոտառական պարկերը, գանգատուփում գտնվում է գլխուղեղը:
\(2. \)Իրան. սահմանազատվում է պոչից հետանցքով՝ կրում է առջևի և հետին զույգ ցամաքային վերջույթների գոտիները, ներքին օրգանները: Իրանի վրա տարբերակում ենք մեջք և փորիկ:
\(3. \)Պոչ. բնորոշ է միայն սալամանդրաներին և տրիտոններին: Բոլոր երկկենցաղները տեղաշարժվում են վերջույթներով:
\(4.\) Վերջույթներ՝
  
առջևի վերջույթներ - հիմնականում ծառայում են ցամաքի վրա հենվելու համար:
ետին վերջույթներ - ծառայում են ցատկելու և ջրում լողալու համար: Պոչավոր երկկենցաղների մոտ դրանք ևս հենվելու և ցամաքում քայլքով տեղաշարժվելու համար են:
 
11.jpg
 
Ի տարբերություն ձկների՝ երկկենցաղները, պայմանավորված ցամաքային կենսակերպով, ունեն առավել զարգացած և մասնագիտացած կմախք:
 
Երկկենցաղների կմախքը ունի հետևյալ հիմնական բաժինները` \(I\). գանգ, \(II\). ողնաշար, \(III\). գոտիներ, \(IV\). վերջույթներ:
 
\(I.\)Գանգ. կազմված է գանգատուփից, որը պաշտպանում է գլխուղեղը ծնոտներից, և պարունակում է ավելի քիչ քանակով մանր ոսկրեր, քան ձկները:
\(II.\)Ողնաշար. ունի \(4\)բաժին՝ պարանոցային, իրանային, սրբանային, պոչային:
  
Պարանոցային և իրանային ողերը ունեն վերին աղեղներ, որոնք ձևավորում են ողնաշարային խողովակը, որտեղ տեղակայված է ողնուղեղը: Պարանոցային և սրբանային ողերից յուրաքանչյուրը կենտ ող է: Պարանոցային ողի միջոցով գլուխը շարժուն միացած է ողնաշարին: Սրբանային ողի միջոցով կոնքագոտին միանում է ողնաշարին, դրանով իսկ ամուր հենարան ստեղծելով ետևի վերջույթների համար: Պոչային ողերը պոչավոր երկկենցաղների մոտ լավ արտահայտված են և կազմում են ողնաշարի շարունակությունը, սակայն վերին աղեղներ չունեն: Անպոչ երկկենցաղների մոտ սերտաճել են՝ առաջացնելով պոչոսկր:
 
27.jpg
 
\(III.\) Գոտիներ
 
Առջևի գոտի՝ ուսագոտի - կազմված է կենտ կրծոսկրից, զույգ անրակից, զույգ թիակից:
Հենարան է հանդիսանում առջևի վերջույթների համար:
 
Ետևի գոտի՝ կոնքագոտի - կազմված է միմյանց միացած երեք զույգ մասերից:
Հենարան է հանդիսանում հետևի վերջույթների համար:
 
\(IV.\) Վերջույթներ
 
Բոլոր ողնաշարավորների նման երկկենցաղներն ունեն զույգ վերջույթներ՝
 
Առջևի վերջույթներ - կենտ բազուկոսկր, զույգ նախաբազկի ոսկրեր, դաստակ, \(4\) ազատ մատներ:
Ետևի վերջույթներ - կենտ ազդոսկր, զույգ սրունքի ոսկրեր, թաթ, լողաթաղանթով միացած \(5\) մատներ:
 
lyagushachi-lapki-kak-prigotovit-logo.jpg
  
Երկկենցաղների իրանի մկանների մի մասը պահպանել է հատվածավորությունը ձկների նման: Լավ զարգացած են անպոչ երկկենցաղների վերջույթների, իսկ պոչավորների՝ պոչի մկանները: Ձկների համեմատությամբ բարդացել են նաև երկկենցաղների բերանի և լեզվի մկանները: Այդ իսկ պատճառով մի շարք երկրներում, օրինակ՝ Ֆրանսիայում, գորտի տոտիկները համարվում են խորտիկ:
Աղբյուրները
Կենսաբանություն. Կենդանի օրգանիզմների բազմազանությունը. 7-րդ դասարանի դասագիրք/ Տ.Վ. Թանգամյան, Ս. Հ. Սիսակյան -Եր.: Տիգրան Մեծ, 2013, էջ 130-133
Կենսաբանություն. Կենդանի օրգանիզմների բազմազանությունը. 7-րդ դասարանի դասագիրք/ Է.Ս. Գևորգյան, Ֆ.Դ. Դանիելյան, Ա.Հ. Եսայան - Եր.: Աստղիկ գրատուն, 2013, էջ 184-186
http://alternathistory.com/wp-content/uploads/2018/05/000_224.jpg
http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/51/Amphibians.png/550px-Amphibians.png
https://img.youtube.com/vi/MAgkfqxPfgs/0.jpg
http://tv29.ru/new/images/09022015/150209_64.jpg
https://ds05.infourok.ru/uploads/ex/0ef7/00003606-da8a62c3/640/img13.jpg
https://ds04.infourok.ru/uploads/ex/06b3/00034e8a-04ee5758/14/hello_html_m3c1c2c58.png
https://pipla.ru/wp-content/uploads/2018/03/lyagushachi-lapki-kak-prigotovit-logo.jpg