Արմատամտրակավորնորի տիպի բնութագիրը
Արմատամտրակավորների տիպ.
 
Արմատամտրակավորներն ունեն պարզագույն կառուցվածք և շարժվում են կա՛մ կեղծ ոտիկների, կա՛մ մտրակների օգնությամբ: Ինչպես արդեն գիտեք, արմատամտրակավորների տիպն ունի երկու դաս՝ արմատոտանիների և մտրակավորների: Տվյալ դասերն ունեն մեծ բազմազանություն, ինչպես սննդառության ձևերի, եղանակների, այնպես էլ բջջային արտաքին կառուցվածքի և բնակության միջավայրի:
 
78.jpg
 
Արմատոտանիների դաս: Այս դասի մեջ ընդգրկված են այն նախակենդանիները, որոնք չունեն բջջի կայուն ձև և զուրկ են արտաքին ամուր թաղանթից: Նրանց բջջի ցիտոպլազմայի շարժումը որևէ ուղղությամբ առաջացնում է արտափքումներ՝ ելուստներ, որոնք էլ դրսևորվում են որպես կեղծ ոտիկներ: Կեղծ ոտիկներով նրանք կարողանում են տեղաշարժվել և սնունդ հայթհայթել:
 
Արմատոտանիներին բնորոշ ներկայացուցիչը սովորական ամեոբան է: «Ամեոբա» թարգմանաբար նշանակում է փոփոխվող:
 
DucS.gif
 
Ամեոբայի կենսամիջավայրը և կառուցվածքը: Փոքր ջրամբարներում, նաև ջրափոսերում ու տիղմի մեջ կարող է բնակվել ամեոբան, որը \(0,2-0,5\) մմ մեծությամբ միաբջիջ կենդանի է: Այն արտաքինից հիշեցնում է դոնդողագնդիկի, որի բջիջը կազմված է շարժուն ցիտոպլազմայից, օրգանոիդներից և ունի մեկ կորիզ, որը ղեկավարում է նրա կենսագործունեությունը:
 
տ.jpg
 
Սննդառությունը: Ամեոբայի համար սնունդ են դառնում միաբջիջ ջրիմուռները և այլ քայքայվող սննդային մասնիկները: Ամեոբան կեղծ ոտիկներով շրջապատում է սնունդը, ապա կուլ տալիս՝ վերցնելով իր ցիտոպլազմայի մեջ: Այնուհետև ցիտոպլազմայում սննդի շուրջ ձևավորվում է մարսողական վակուոլ, որի մեջ ընթանում է սննդի մարսումը: Սննդի չմարսված մնացորդները դուրս են բերվում բջջից ուղղակի կերպով:
 
0-12.png
 
Շնչառությունը: Ամեոբան թթվածնի և ածխաթթու գազի միջև գազափոխանակությունը իրականացնում է բջջի ողջ մակերեսով: Ամեոբայի շնչառության հիմքում դիֆուզիայի օրենքն է:
  
Արտաթորությունը: Ինչպես արդեն գիտեք, կենդանիների նյութափոխանակությունը սերտ կապված է ջրի հետ: Որոշ թունավոր և անպիտան արգասիքներ ջրում լուծելի են և հեռացվում են ջրի ավելցուկի հետ միասին: Ամեոբան ունի կծկողական վակուոլ՝ բնորոշ նաև քլամիդոմոնադին, որի օգնությամբ կատարվում է ավելցուկ ջրի և արգասիքների արտազատումը:
  
Բազմացումը: Ամեոբան բարենպաստ պայմաններում բազմանում է անսեռ եղանակով: Անսեռ բազմացումը ընթանում է բազմակիսման միջոցով:
 
i.jpg
 
Ցիստայի առաջացումը: Ամեոբան անբարենպաստ պայմաններին դիմակայում է միաբջիջ ջրիմուռների նման: Եթե ջրիմուռները առաջացնում են սպոր, ապա ամեոբան սկզբնավորում է ցիստա: Սպորը և ցիստան ունեն նույն գործառնական նշանակությունը: Գարնանը ամեոբան ցիստայից կրկին վերաճում է ակտիվ բջջի:
 
0-01.png
 
Մտրակավորների դաս: Մտրակավորները մարմնի կայուն ձև և մեկ կամ մի քանի մտրակներ ունեցող նախակենդանիներ են: Հիմնականում ջրային կենսակերպ վարող օրգանիզմներ են:
 
Նրանց բնորոշ են սննդառության երեք տիպերն էլ՝ ավտոտրոֆ, հետերոտրոֆ, միքսոտրոֆ: Միքսոտրոֆ մտրակավորներից է կանաչ էվգլենան:
 
GlassAnguishedAmphibian-size_restricted.gif
 
Կանաչ էվգլենայի կենսամիջավայրը, սննդառությունը և կառուցվածքը: Էվգլենան քաղցրահամ ջրամբարներում բնակվող \(0,05\) մմ մեծությամբ կանաչ օրգանիզմ է, որը իլիկաձև է և ունի մեկ մտրակ: Էվգլենան ցերեկը կատարում է ֆոտոսինթեզ, իսկ գիշերը սննդառում որպես հետերոտրոֆ:
  
Շնչառությունը և արտաթորությունը: Համարժեք է ամեոբային շնչառությանը և արտաթորությանը: Էվգլենայի մարմնի առջևի ծայրում գտնվող կծկողական վակուոլը շրջապատված է հավաքող խողովակներով, որոնք իրենց պարունակությունը պարբերաբար դատարկում են կծկվող վակուոլի մեջ:
0-09.png
 
Գրգռականություն: Էվգլենան ունի կարմիր լուսազգայուն աչիկ, որով կարողանում է տարբերակել լույսի առկայությունը: Էվգլենան օժտված է դրական ֆոտոտաքսիսով:
Դրական ֆոտոտաքսիսը գրգռականության ձև է, որը նրան առաջնորդում է դեպի լույսի աղբյուրը:
Բազմացումը: Էվգլենայի բազմացումը կատարվում է նույն կերպ՝ անսեռ եղանակով: Եթե ամեոբայի բջիջը կիսվում է պատահական սկզբունքով, ապա էվգլենան կիսվում է խիստ կանոնակարգված՝ մարմնի երկարությամբ: Կիսման արդյունքում ի հայտ են գալիս երկու դուստր բջիջներ, որոնք լրիվ նույնական են միմյանց և մայրական - նախնական բջջի հետ:
 
1113.png
Ցիստայի առաջացումը: Էվգլենան ևս անբարենպաստ պայմաններում ցիստավորվում է՝ կորցնելով մտրակը:
Աղբյուրները
Կենսաբանություն. Կենդանի օրգանիզմների բազմազանությունը, 7 դասարան // Տ. Թանգամյան, Ս. Սիսակյան // Երևան, «Տիգրան Մեծ», 2013, էջ 64-66
https://www.voprosy-kak-i-pochemu.ru/wp-content/uploads/rasten.jpg
http://allexpert.com.ua/wp-content/uploads/2016/04/zamorozkag_3996421_19118970.jpg
http://shokoladnica.com.ua/assets/images/8/6672.jpg
https://thumbs.gfycat.com/GlassAnguishedAmphibian-size_restricted.gif