Թարթիչավորների տիպի բնութագիրը
Թարթիչավորների տիպ
Աղտոտ և օրգանական մնացորդներով հարուստ ջրամբարներում բնակվում են թարթիչավոր նախակենդանիները: Թարթիչավորներն ապրում են արմատամտրակավորների հետ նույն կենսամիջավայրում և, ի տարբերություն նրանց, ունեն գիշատիչ ձևեր: Հայտնի է ինֆուզորիաների կամ թարթիչավորների ավելի քան \(7000\) տեսակային ներկայացուցիչ:
Թարթիչավորների կամ ինֆուզորիաների տիպի ակնառու ներկայացուցիչն է հողաթափիկ ինֆուզորիան: Այն \(0,1-0,3\) մմ երկարությամբ, արտաքինից հողաթափիկի տեսք ունեցող նախակենդանի է:
Հողաթափիկ ինֆուզորիան ունի ցիտոպլազմայի արտաքին խիտ շերտ, որն ապահովում է նրա մարմնի հստակ ձևը: Նա արտաքինից պատված է բազմաթիվ թարթիչներով, որոնց օգնությամբ շարժվում է՝ պտտվելով բջջի առանցքի շուրջ: Հողաթափիկ ինֆուզորիան ցիտոպլազմայի արտաքին շերտում ունի նաև փոքր շշիկներ հիշեցնող կազմավորումներ, որոնք կիրառվում են պաշտպանվելիս կամ հարձակվելիս:
Ուշադրություն
Այսպիսով նկատում ենք, որ թարթիչավորները, ի տարբերություն արմատամտրակավորների, ունեն ավելի բարձր զարգացում և մեկ աստիճան բարձր են կյանքի պատմական զարգացման սանդղակում:
Սննդառությունը: Հողաթափիկ ինֆուզորիայի բջջի առջևի մասում առկա է երկայնական ակոս, որի մոտակա թարթիչները համեմատաբար ավելի երկարավուն են: Ակոսը նեղանալով՝ վերածվում է նախակենդանու կեղծ բերանի, որին էլ հաջորդում է ցիտոպլազմայի մեջ խորասուզված բջջակլանը:
Ուշադրություն
Այսպիսով նկատում ենք, որ հողաթափիկ ինֆուզորիայի մոտ կատարվում է բջջի մասերի առաջնային տարբերակում և մասնագիտացում, որը կարևոր առաջընթաց է:
Մտրակների շարժմամբ սնունդը բերանով և կլանով անցնում է ցիտոպլազմա, որի շուրջ ձևավորվում է մարսողական վակուոլը: Մարսողական վակուոլը \(1\) ժամվա ընթացքում լրիվ շրջապտույտ է կատարում բջջով, որի ընթացքում սնունդը մարսվում է և յուրացվում:
Ի տարբերություն արմատամտրակավորների՝ հողաթափիկ ինֆուզորիան ունի հատուկ արտազատական անցք, որով կատարվում է սննդի չմարսված մնացորդների հեռացումը:
Հողաթափիկ ինֆուզորիան ունի քիմիական զգացողություն, որով տարբերակում է սննդանյութերը անպիտան և վնասակար գոյացություններից:
Շնչառությունը և արտաթորությունը: Շնչառությունը կատարվում է բոլոր նախակենդանիների նման՝ մարմնի ողջ մակերեսով: Արտաթորությունը համարժեք է մտրակավորներին՝ կազմված կծկողական վակուոլներից և դրանց շրջապատող աստղաձև հավաքող խողովակներից:
Գրգռականությունը: Ինֆուզորիաներն, ի տարբերություն այլ նախակենդանիների, օժտված են զարգացած գրգռականությամբ:
Նրանք ունակ են տարբերակել արտաքին միջավայրի գրգռիչները և դրսևորել որոշակի պատասխան ռեակցիա: Պատասխան ռեակցիան հիմնականում դրսևորվում է շարժման տեսքով:
Ինֆուզորիաները աղի ջրի կաթիլից տեղափոխվում են դեպի մաքուր ջրային միջավայր, որը կոչվում է բացասական տաքսիս: Եթե հարևան ջրի կաթիլում ավելացվեն ջրիմուռներ, ապա ինֆուզորիաները կանցնեն դեպի այդ կողմ. այս երևույթն էլ կոչվում է դրական տաքսիս:
Տաքսիսը օրգանիզմի պատասխան ռեակցիայով ուղեկցվող գրգռականության պարզագույն դրսևորումն է:
Բազմացումը: Հողաթափիկ ինֆուզորիան ունի երկու կորիզ, որոնցից մեծը կարգավորում է կենսագործունեությունը, իսկ փոքրը մասնակցում է սեռական գործընթացին: Հողաթափիկ ինֆուզորիան բազմանում է և՛ անսեռ, և՛ սեռական եղանակով:
Այսպիսով, թարթիչավորների մոտ առաջին անգամ դրսևորվում է սեռական գործընթաց:
Անսեռ բազմացումը նույնական է բոլոր միաբջիջ կենդանիներին. բարենպաստ պայմաններում կատարվում է բջջի լայնական կիսում:
Անբարենպաստ պայմաններում երկու ինֆուզորիա մոտենում են միմյանց, և փոքր կորիզը բաժանվում է երկու մասի: Ինֆուզորիաների բերանային անցքով կատարվում է կորիզանյութի ժառանգական տեղեկատվության փոխանակություն: Այս երևույթը կոչվում է կոնյուգացիա:
Ուշադրություն
Հողաթափիկ ինֆուզորիայի և բազմաբջիջ ջրիմուռ սպիրոգիրայի մոտ դիտվող կոնյուգացիան կենսաբանական իմաստով նույնական է:
Կոնյուգացիայի նշանակությունն այն է, որ կորիզանյութի փոխանակության հաշվին մեծանում է օրգանիզմի հարմարվողականությունը միջավայրի փոփոխվող պայմաններում:
Աղբյուրները
Կենսաբանություն. Կենդանի օրգանիզմների բազմազանությունը, 7 դասարան // Տ. Թանգամյան, Ս. Սիսակյան // Երևան, «Տիգրան Մեծ», 2013, էջ 67-69
https://www.voprosy-kak-i-pochemu.ru/wp-content/uploads/rasten.jpg
http://allexpert.com.ua/wp-content/uploads/2016/04/zamorozkag_3996421_19118970.jpg
http://shokoladnica.com.ua/assets/images/8/6672.jpg