ՀԱՐՍՏԱՑՐՈՒ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻԴ ՊԱՇԱՐԸ
Ակտիվացրու «Իմ+»-ը գերազանց գնահատականներ ստանալու համար
Ստեղծեք Ձեր ուսումնական ծրագիրը «ԻմԴպրոց» կայքում
Ստացեք հաշվետվություն Ձեր ուսումնական ծրագիր արդյունավետության
վերաբերյալ
Օգտագործեք Ձեր առաջադրանքները ստուգողական աշխատանքներում
Տեսություն
Գլխարկավոր սնկերի առանձնահատկությունները
Սնկերի թագավորության կարևոր ներկայացուցիչներ են գլխարկավոր սնկերը: Դրանք կազմավորում են բարձրակարգ սնկերի ենթաթագավորությունը և հանդիսանում են սնկերի գոյության բարձրագույն ձևեր:
Ամռան վերջին և աշնան սկզբնական շրջանում, երբ առկա է բավականաչափ խոնավություն և օպտիմալ ջերմաստիճան, անտառներում և դաշտերում կարելի է հանդիպել գլխարկավոր սնկերին:
Գլխարկավոր սնկերի կառուցվածքը մեզ լավ ծանոթ է, քանի որ դրանք մարդը լայնորեն կիրառում է իր սննդակարգում:

Որպես կանոն գլխարկավոր սնկերը կազմված են սնկամարմնից և պտղամարմնից:
Սնկամարմինը կազմված է հիֆերից և գտնվում է հողի տակ: Այն գրավում է հսկայական մակերես և հողից կլանում է սննդարար նյութեր:
Պտղամարմինը ևս կազմված է հիֆերից, որոնք շատ խիտ միահյուսվելով` հողից դուրս ձևավորում են կեղծ հյուսվածք:

Պտղամարմինը կազմված է գլխարկից և ոտիկից: Ոտիկում առկա են միատեսակ հիֆեր, իսկ գլխարկը կարող է տարբերվել այն կազմող սնկաթելերով: Համաձայն դրա` գլխարկավոր սնկերը բաժանվում են խողովակավորների և թիթեղիկավորների: Խողովակավոր սնկերի մոտ գլխարկի ստորին շերտը կազմված է մանր խողովակներից, իսկ թիթեղիկավորների մոտ՝ թիթեղիկներից:

Սնկերը հիմնականում բազմանում են անսեռ կամ վեգետատիվ եղանակով, այսինքն՝ սնկամարմնի մասերով կամ սպորներով: Սպորները ձևավորվում են գլխարկի խողովակներում կամ թիթեղիկների վրա: Դրանք տարածվում են քամու, տարբեր կենդանիների կամ մարդու միջոցով: Հողի բարենպաստ պայմաններում սպորները ծլում են և առաջացնում սնկամարմնի թելիկներ, որոնցից ձևավորվում է սնկամարմինը կամ միցելը, իսկ հետո նաև՝ պտղամարմինը:
Գլխարկավոր սնկերը կլանում են անհրաժեշտ սննդանյութերը՝ ջուրը, հանքային աղերը և օրգանական նյութերը, սնկամարմնի հիֆերի միջոցով: Հիֆերը բույսի արմատների նման օժտված են ներծծող ուժով և հողից ստանում են իրենց անհրաժեշտ սննդանյութերը:
Այնուհանդերձ սնկերի մի մասն ունի հատուկ պահանջներ ապրելավայրի նկատմամբ և աճում է որոշակի ծառերի հարևանությամբ: Այդ սնկերը հաճախ անվանվում են համապատասխան ծառի անունով, օրինակ՝ կեչասունկ: Այդպիսի սնկերի միցելը սերտ կապի մեջ է ծառի արմատների հետ:

Սնկամարմինը կլանում է հողից ջուր և հանքային աղեր ու փոխանցում է դրանք ծառի արմատներին: Ծառն իր հերթին սնկին ապահովում է անհրաժեշտ օրգանական միացություններով, որոնք անհրաժեշտ են նրան սնվելու և պտղամարմին առաջացնելու համար:
Սնկի և ծառի փոխշահավետ կապը տարբեր օգանիզմների միջև կոչվում է համակեցություն կամ սիմբիոզ:

Սնկի միցելի և ծառի արմատների սիմբիոզը կոչվում է միկորիզա:
Գլխարկավոր սնկերը մարդու համար լինում են ուտելի և թունավոր:
Ուշադրություն
Որոշ թունավոր սնկերը նման են ուտելիներին, ուստի եթե կասկածում եք, ապա ավելի լավ է սունկը չքաղել կամ չօգտագործել:
Հայաստանում տարածված ուտելի սնկերից են` շամպինիոնը, կարմրագլուխ սունկը, յուղասունկը, կեչասունկը, և այլն:

Հայաստանում տարածված թունավոր սնկերից են` դժգույն պոգանկան, կեղծ կոճղասունկը, կարմիր ճանճասպանը, կեղծ աղվեսասունկը և այլն:
