Սնկերի բազմազանությունը և դերը բնության մեջ ու մարդու կյանքում
Սնկերի թագավորության հաջորդ ներկայացուցիչները ստորակարգ սնկերն են, որոնք ևս իրենց հերթին միավորվում են ստորակարգ սնկերի թագավորության մեջ: Ստորակարգ սնկերի երկու հիմնական ներկայացուցիչներն են բորբոսասնկերը և խմորասնկերը:
 
Բորբոսասնկերը հաճախ հեշտ է հանդիպել երկար ժամանակ դրսում թողնված սննդամթերքի կամ այլ օրգանական նյութերի մնացորդների վրա` սովորական բորբոսի տեսքով: Նրանց սնկամարմինը կազմված է բարակ անգույն թելերից, որոնք ճյուղավորվելով՝ առաջացնում են բորբոս: Բազմացման շրջանում սնկամարմնից հիֆերը բարձրանում են դեպի վեր: Այդ հիֆերի գագաթին գտնվում են սպորանգիումները: Սպորանգիումներում զարգանում են սպորները:
 
7.jpg
  
  
Բորբոսասնկերի շարքին է պատկանում մուկորը՝ սպիտակ բորբոսը: Այն ունի խիստ ճյուղավորված սնկամարմին՝ առանց միջնապատերի և բազմաթիվ կորիզներով:
 
Եվս մեկ տարածված բորբոսասունկ է պենիցիլիումը՝ վրձնաբորբոսը: Նրա սնկամարմինը նույնպես կազմված է ճյուղավորված թելերից, բայց դրանք բաժանված են առանձին բջիջների, որոնցից յուրաքանչյուրն ունի մեկ կորիզ: Պենիցիլը փչացող մթերքների, բանջարեղենի, խոնավ հողի վրա առաջացնում է մոխրակապույտ բորբոս:
Բորբոսասնկերը բազմանում են սպորերով:
Մուկորի մոտ սպորները հասունանում են սև գույնի գլխիկներում, որոնք առաջանում են թելիկների ծայրերին: Պենիցիլի մոտ սպորները զարգանում են ոչ թե գլխիկում, այլ սնկամարմնից դեպի վեր բարձրացած վրձնաձև ճյուղավորված թելերի ծայրում:
 
Մուկորի և պենիցիլիումի հետ միասին բորբոսասնկերից են նաև ասպերգիլը, ֆուզարիումը:
 
8-w1367.jpg
 
Ստորակարգ սնկերի հաջորդ ներկայացուցիչներն են շաքարասնկերը կամ խմորասնկերը: Խմորասնկերը ձվաձև միաբջիջ սնկեր են: Նրանք ապրում են շաքար պարունակող հեղուկներում, ինչի պատճառով կոչվում են նաև շաքարասնկեր:
 
Խմորասնկերը շաքարը վեր են ածում սպիրտի և ածխաթթու գազի, ինչի արդյունքում ստանում են կենսագործունեության համար անհրաժեշտ էներգիա:
Խմորասնկերը բազմանում են բողբոջման եղանակով:
Բողբոջման գործընթացում մայրական բջջի վրա առաջանում է արտափքում, որը աստիճանաբար մեծանում է, և հասնելով մայրական բջջի չափերին՝ անջատվում է նրանից ու դառնում առանձին բջիջ: Երբեմն այդ անջատումը տեղի չի ունենում և խմորասնկերը աստիճանաբար ձևավորում են ճյուղավորված շղթայանման գաղութներ:
 
1-17.png
Բացի թունավոր գլխարկավոր սնկերից, սնկերի թագավորությունը հարուստ է նաև այլ մակաբույծ ու վնասակար սնկերով:
 
Մակաբույծ սնկերն ապրում են բույսերի, կենդանիների, մարդու օրգանիզմներում և սնվում դրանց հաշվին: Դրանցից են` մրիկասունկը, հաբեթասունկը, ժանգասունկը, մարդու և կենդանիների հիվանդություններ առաջացնող սնկերը և այլն:
  
Մրիկ կոչվող հիվանդությունը տարածված է հացահատիկային բույսերի մոտ: Այն արտահայտվում է փոշեմրիկի կամ կարծր մրիկի ձևով: Փոշեմրիկի դեպքում հասկի բոլոր մասերը, բացի առանցքից, վեր են ածվում սև փոշու, որն իրենից ներկայացնում է սպորներ, իսկ կարծր մրիկի ժամանակ քայքայվում է միայն սերմնահատիկը, իսկ դրա արտաքին պատյանը պահպանվում է:
 
taciune-wallpaper-620x394.jpg
 
Ժանգասունկը վարակում է հացահատիկի ցողունը և տերևները: Այն ձևավորում է դեղին, ժանգագույն կամ սև գույնի բարձիկների նման սպորների կուտակումներ, որոնք ծածկում են ֆոտոսինթեզ իրականացնող մակերեսը: Դրա պատճառով հատիկներ չեն առաջանում կամ կազմավորվում են ոչ լիարժեք:
 
15143200301111.jpg
 
Հաբեթասնկերը աճում են ծառերի վրա՝ կեչու, հաճարենու և այլն: Սնկամարմինը տարածվում է բնափայտով, վնասում և քայքայում է այն: Ծառը վարակվում է վնասված կեղևից, ուր կարող են թափանցել սպորները: Վարակվելուց մի քանի տարի անց կեղևի վրա առաջանում է ամուր սմբակաձև պտղամարմինը, որի ստորին մասում գտնվում են խողովակներ, ուր հասունանում և զարգանում են սպորները:
 
2e35aaaba9684a43e38fd066072a4be6.jpg
 
Բուսական մակաբույծ սնկեր են նաև կարտոֆիլի ֆիտոֆտորան, վարունգի ալրացողը, գետնամորու սպիտակ բծավորությունը:
 
Սնկերը մեծ նշանակություն ունեն ինչպես բնության, այնպես էլ մարդու գործունեության մեջ: Նրանք մասնակցում են օրգանական նյութերի քայքայմանը և հումուսի առաջացմանը, հողագոյացմանը: Բացի այդ, սնկերը հարուստ են սպիտակուցներով և կարող են որպես սննդի աղբյուր ծառայել կենդանիների և մարդու համար:
 
Սնկերը լայնորեն կիրառվում են մարդու կողմից գործունեության տարբեր ոլորտներում: Նրանցից ստանում են տարբեր միացություններ՝ կիտրոնաթթու, վիտամիններ, ֆերմտենտներ, հակաբիոտիկներ:
Օրինակ
պենիցիլ բորբոսասունկը, որից առաջին անգամ ստացվել է պենիցիլին հակաբիոտիկը:
Սնկերը նաև օգտագործվում են սննդարտադրության մեջ:
Օրինակ
խմորասնկերը օգտագործվում են գարեջրի, հացի և թխվածքի պատրաստման համար:
23.02.18.jpg
 
Դրանով հանդերձ սնկերն ունեն նաև բացասական նշանակություն: Դրանց մի մասը հիվանդությունների հարուցիչներ են, իսկ մյուս մասը՝ տնտեսության և կենցաղի վնասատուներ:
Աղբյուրները
Կենսաբանություն. Կենդանի օրգանիզմների բազմազանությունը. 7-րդ դասարանի դասագիրք/ Տ.Վ. Թանգամյան, Ս. Հ. Սիսակյան -Եր.: Տիգրան Մեծ, 2013, էջ 22-24
Կենսաբանություն. Կենդանի օրգանիզմների բազմազանությունը. 7-րդ դասարանի դասագիրք/ Է.Ս. Գևորգյան, Ֆ.Դ. Դանիելյան, Ա.Հ. Եսայան- Եր.: Աստղիկ գրատուն, 2013, էջ 28-30
http://nalugah.ru/wp-content/uploads/2018/03/taciune-wallpaper-620x394.jpg
http://cdn-cms.f-static.com/uploads/351722/2000_5a036b25aa78b.jpg
https://2.bp.blogspot.com/-gTWwwz2B7xg/WJH0hdJRlgI/AAAAAAAABLQ/bfsFv-7K-UMoMjaTnTWOxEhW5KV23fiOwCLcB/s1600/2e35aaaba9684a43e38fd066072a4be6.jpg