![](https://www.imdproc.am/upload/yp2/nkar.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/lala2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text11.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text12.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text13.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text0.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang1.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/zang2.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text21.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text22.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/check.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/text23.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/logo.png)
![](https://www.imdproc.am/upload/yp2/hamar.png)
Մարդու հյուսվածքները: Օրգանիզմը որպես միասնական ամբողջություն
Մարդու օրգանիզմը ունի բջջային կառուցվածք:
Բջիջը կենդանի օրգանիզմների կառուցվածքային և գործառույթային տարրական միավորն է։
Մարդու բջիջները կազմված են բջջաթաղանթից, ցիտոպլազմայից և կորիզից։ Բջիջները միավորվելով՝ ստեղծում են հյուսվածքներ:
![բջիջ.jpg](https://resources.cdn.imdproc.am/779b3717-beb9-41de-aa06-bfca8a93066f/%D5%A2%D5%BB%D5%AB%D5%BB.jpg)
Բջիջների այն խումբը,որոնք ունեն նույն ձևը, կառուցվածքը, ծագումը, կատարում են նույն ֆունկցիան և միմյանց հետ միացած են միջբջջային նյութով կոչվում են հյուսվածք:
Մարդու օրգանիզմում կան \(4\) տեսակի հյուսվածքներ` էպիթելային, շարակցական, մկանային և նյարդային:
![հյ1.jpg](https://resources.cdn.imdproc.am/72fe3d58-22e0-49f1-876f-9b74419596f6/%D5%B0%D5%B51.jpg)
Տարբերում են հարթ, գեղձային և թարթչավոր էպիթելային հյուսվածքի տարատեսակներ։
Էպիթելային հյուսվածքը պատում է մարդու մարմնի արտաքին մակերևույթը, մարմնի բոլոր խոռոչները, սնամեջ օրգանների և անոթների ներքին պատերը, մտնում գեղձերի բաղադրամասերի մեջ։
Հարթ էպիթելը կազմված է միմյանց կիպ հարող բջիջներից, որոնք պատում են մաշկի մակերևույթը, բերանի խոռոչը, կերակրափողը, թոքաբշտիկները։
Մաշկային էպիթելը բազմաշերտ է, և նրա ածանցյալներն են եղունգներն ու մազերը
Գեղձային էպիթելը մտնում է գեղձերի կազմի մեջ և կատարում հյութազատական գործառույթ։
Աղիքային էպիթելը մարսողական ուղու պատը ծածկող լորձաթաղանթն է։ Այն մասնակցում է նաև գեղձերի (ենթաստամոքսային գեղձ, լյարդ, թքագեղձ) առաջացմանը։
Թարթչավոր էպիթելը պատում է շնչուղիների խոռոչը։ Էպիթելային բջիջները բազմանում են արագ և փոխարինում մահացած բջիջներին։
![1155.jpg](https://resources.cdn.imdproc.am/d72cd3b0-dbe4-46e9-999e-41fc973cf091/1155.jpg)
Շարակցական հյուսվածքը կազմում է կմախքը, ենթամաշկային ճարպային շերտը, արյունը, ավիշը։ Այն մտնում է բոլոր ներքին օրգանների կազմության մեջ, օժտված է արագ վերականգնվելու հատկությամբ։ Տարբերում են բուն շարակցական, աճառային և ոսկրային հյուսվածքներ։
Բուն շարակցական հյուսվածքի տարատեսակներն են փուխր թելավոր, ամուր թելավոր, ցանցանման, ճարպային և այլն։ Թելավոր շարակցական հյուսվածքը հանդիպում է համարյա բոլոր օրգաններում։ Նրանցից են կազմված բուն մաշկը, ջլերը, կապանները, թաղանթները։ Փուխր շարակցական հյուսվածքը գտնվում է ներքին օրգանների միջև (օրինակ՝ ենթամաշկային ճարպային շերտը), իսկ ցանցանմանը կազմում է կարմիր ոսկրածուծը, փայծաղը և ավշային հանգույցները։
Հեղուկ շարակցական հյուսվածք են արյունը և ավիշը, որոնք կազմված են միջբջջային հեղուկ նյութից և նրա մեջ լողացող ձևավոր տարրերից։
Աճառային հյուսվածքը կազմված է աճառային, կլոր, ձվաձև բջիջներից և միջբջջային նյութից.գտնվում է ողերը միացնող միջնաշերտում, պատում է հոդային մակերեսները և կատարում է հենարանային դեր։
Ոսկրային հյուսվածքը կազմված է միջբջջային նյութից՝ ոսկրային թիթեղներից, որոնց արանքում տեղավորված են ոսկրային բջիջներ։ Միջբջջային նյութը հարուստ է անօրգանական նյութերով, մասնավորապես կալցիումի աղերով։
Շարակցական հյուսվածքը տարածված է ամբողջ օրգանիզմում՝ իրականացնելով հենարանային, սնուցողական, պաշտպանական, փոխադրող և այլ գործառույթներ։
Մկանային հյուսվածքը կազմված է մկանաթելերից (մկանային բջիջ) և միջբջջային նյութից։
Հարթ մկանային հյուսվածքը գտնվում է ներքին օրգաններում, արյան և ավշային անոթների պատերում և մաշկում։ Այն կազմված է մանր՝ \(0,1\) մմ երկարությամբ իլիկաձև միակորիզ բջիջներից, որոնց բջջապլազմայում կան կծկվող թելեր և կծկվում են ոչ կամային։ Նրանց կծկողական ուժը և արագությունը փոքր է, քան կմախքային մկաններինը։
Միջաձիգ զոլավոր մկանային հյուսվածքը կազմված է կամային կծկվող \(10-12\) սմ երկարությամբ բազմակորիզ մկանաբջիջներից, որոնց լայնական դասավորված մուգ ու բաց շերտերը հաջորդում են միմյանց։ Միջաձիգ զոլավոր են կմախքի, դեմքի, լեզվի, կոկորդի, կերակրափողի վերին մասի և ստոծանու մկանները։ Նրանց կծկումները կամային են։
Սրտամկանն ունի հատուկ կառուցվածք.նրա միջաձիգ զոլավոր մկանաթելերը տեղ-տեղ իրար են միանում կամրջակներով և կծկվում են հարթ մկանաթելերի նման:
![tipy_myshechnoj_tkani_copy.jpg](https://resources.cdn.imdproc.am/83a2fb92-bd1c-4f92-ab36-1010aaf2fa69/tipy_myshechnoj_tkani_copy.jpg)
Նյարդային հյուսվածքը կազմված է նյարդային բջիջներից՝ նեյրոններից, ուղեկից բջիջներից և միջբջջային նյութից։
Նեյրոններն ունեն մարմին և ելուստներ։ Մարմինը կազմված է ցիտոպլազմայից և կորիզից։ Ելուստները լինում են կարճ և ճյուղավորված։ Դրանք կոչվում են դենդրիտներ, որոնք ընկալում են նյարդային գրգիռը և փոխանցում նեյրոնի մարմնին։
Նեյրոններն ունեն նաև երկար (մինչև \(1\) մ երկարությամբ) ելուստներ, որոնք պատված են միելինային թաղանթով։ Երկար ելուստները կոչվում են աքսոններ, որոնց միջոցով գրգիռը հաղորդվում է նեյրոնի մարմնից դեպի ելուստի ծայրը և այնտեղից՝ մեկ այլ նյարդային բջջին կամ աշխատող օրգանին։
Նյարդային հյուսվածքում, բացի նեյրոնից, կան նաև ուղեկից բջիջներ, որոնք նեյրոնից փոքր են \(3-4\) անգամ, կազմում են կենտրոնական նյարդային համակարգի \(40\) %-ը։ Տարիքի մեծացմանը զուգընթաց ուղեկից բջիջների թիվը ավելանում է, իսկ նեյրոնները ընդհակառակը՝ պակասում են։ Դա պայմանավորված է նրանով, որ կյանքի ընթացքում նեյրոնների մի մասը մահանում է, իսկ նոր նեյրոններ չեն առաջանում (նյարդային բջիջները չեն բաժանվում)։ Ուղեկից բջիջները կատարում են հենարանային, պաշտպանական և սնուցողական գործառույթներ։
![slide_18.jpg](https://resources.cdn.imdproc.am/482312d4-63fb-4eb0-bc0f-eee0eef76c32/slide_18.jpg)
Հյուսվածքները իրենց հերթին կազմում են օրգաններ:
Օրգանը մարմնի այն մասն է, որն օրգանիզմում զբաղեցնում է որոշակի տեղ, ունի որոշակի ձև, կառուցվածք և կատարում է որոշակի ֆունկցիա։
Օրգանը կազմված է մի քանի հյուսվածքներից։
Աղբյուրները
Մարդու անատոմիա։ 2 հատորով Է.Ի.Բորզյակ, Ե.Ա.Դոբրովոլսկայա, Վ.Ս.Ռևազով, Մ.Ռ.Սապին։ Երևան, Լույս 1992