Մարդու օրգան համակարգերը
Մարդու օրգանիզմում բջիջներն առաջացնում են հյուսվածքներ, իսկ հյուսվածքներն էլ՝ օրգաններ:

Օրգանը մարմնի այն մասն է, որն ունի որոշակի ձև, տարբերվում է իր յուրահատուկ կառուցվածքով, օրգանիզմում զբաղեցնում է որոշակի տեղ և կատարում է որոշակի ֆունկցիա։
Ականջը և քիթը արտաքին օրգաններ են, իսկ սիրտն ու ստամոքսը՝ ներքին:
Երկու և ավելի օրգանների միասնությունը, որոնք կատարում են համատեղ ընդհանուր գործառույթ անվանում են օրգան համակարգ:
Մարդու օրգանիզմում գոյություն ունեն 10 օրգան համակարգեր:


Ուշադրություն
Նյարդային համակարգը կազմված է կենտրոնական նյարդային համակարգից (ԿՆՀ) և ծայրամասային նյարդային համակարգից (ԾՆՀ):

Մարմնական նյարդային համակարգը նյարդավորում է կմախքային մկանները և իրականացնում է շարժումները, իսկ վեգետատիվ նյարդային համակարգը նյարդավորում է ներքին օրգանները, մաշկն ու արյունատար անոթները:
2. Հենաշարժիչ համակարգ

Հենաշարժիչ համակարգը կազմված է ոսկրերից, աճառներից և դրանց ամրացված մկաններից, որոնք էլ իրականացնում են մարդու շարժումները:
1.Հենարանային
2.Շարժողական
3.Պաշտպանական
4.Արյունաստեղծ
3.Արյունատար համակարգ

Արյունատար համակարգը կամ սիրտ -անոթային համակարգը կազմված է սրտից և արյունատար անոթներից։
4. Շնչառական համակարգ

Շնչառական համակարգը կազմված է օդատար ուղիներից և թոքերից: Օդատար ուղիներն են` քթի խոռոչը, քթըմպանը, շնչափողը և բրոնխները, իսկ թոքերը գազափոխանակության օրգաններն են։
Համակարգի հիմնական գործառույթը արյան թթվածնով հագեցումն է, ինչպես նաև ածխաթթու գազի ու ջրային գոլորշիների արտազատումը։
5. Մարսողական համակարգ

Մարսողական համակարգը կազմված է մարսողական խողովակի օրգաններից և մարսողական գեղձերից:
Մարսողական գեղձերն են լյարդը, ենթաստամոքսային գեղձը և թքագեղձերը։
Այս համակարգը սնունդը փոխակերպում է օրգանիզմի համար հասանելի և հեշտ յուրացվող սննդանյութերի և ապահովում նրանց ներծծումը արյան մեջ, ինչպես նաև ապահովում է սննդի չմարսված, ոչ պիտանի նյութերի հեռացումն օրգանիզմից:
6. Ծածկույթային (ծածկող) համակարգ

Ծածկույթային (ծածկող) համակարգը կազմում են մաշկը, ինչպես նաև բերանի և քթի խոռոչի լորձաթաղանթները։ Այս համակարգը պաշտպանում է ներքին օրգանները արտաքին միջավայրի անբարենպաստ պայմաններից և ջրի ավելորդ գոլորշացումից:
7. Միզարտազատական համակարգ

Միզարտազատական համակարգը կազմում են երիկամները, միզածորանները, միզապարկը և միզուկը։
Այս համակարգը կարգավորում է օրգանիզմում ջրի և իոնների հավասարակշռությունը, օրգանիզմից հեռացնում է ավելորդ ջուրն ու նյութափոխանակության արգասիքները։ 8.Վերարտադրողական համակարգ

Վերարտադրողական համակարգը կազմում են սեռական գեղձերը, արտաքին ու ներքին սեռական օրգանները։
Իգական սեռական համակարգի օրգաններն են ձվարանները, արգանդափողերը, արգանդը, հեշտոցը և ամոթույքը:
Այս համակարգն ապահովում է սերնդի վերարտադրությունը և սերունդների անընդհատությունը:
9. Իմունային համակարգ
Իմունային համակարգը կազմում են կարմիր ոսկրածուծը, փայծաղը, ուրցագեղձը, ավշային հանգույցները։ Իմուն համակարգը ապահովում է այնպիսի մեխանիզմների գործադրումը, որոնք օգնում են օրգանիզմին տարբերակելու սեփական բջիջները օտար բջիջներից, ինչպես նաև ոչնչացնել օտար բջիջները և թույները։
10. Ներզատական համակարգ

Ներզատական համակարգը կազմում են հիմնական ներզատիչ գեղձերը` մակուղեղը, վահանագեղձը, հարվահանագեղձերը, մակերիկամները, ենթաստամոքսային գեղձի կղզյակային մասը և սեռական գեղձերի ներզատիչ մասը։
Ներզատիչ գեղձերը արտադրում են կենսաբանորեն ակտիվ նյութեր՝ հորմոններ, որոնց միջոցով կարգավորում են օրգանների, հյուսվածքների ու բջիջների ֆունկցիաները: Հորմոնները տարածվում են օրգանիզմում արյան և ավշի հոսքով և ազդում թիրախ հանդիսացող կառույցների աշխատանքի վրա:
Աղբյուրները
Մարդու անատոմիա։ 2 հատորով Է.Ի.Բորզյակ, Ե.Ա.Դոբրովոլսկայա, Վ.Ս.Ռևազով, Մ.Ռ.Սապին։ Երևան, Լույս 1992
Կենսաբանություն :Մարդ: Ս.Հ.Սիսակյան,Տ.Վ.Թանգամյան,Գ.Ի.Միրզոյան,:Երևան ,Տիգրան Մեծ 2014.